×


Անի Քրիստի.«Երազում եմ մայրանալու մասին»

Անի Քրիստին այս օրերին Երեւանում է եւ շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա հայրենի քաղաքում: Դեկտեմբերի 18-ին կայանալիք համերգ-շնորհանդեիսն ամերիկաբնակ երգչուհին երկրպագուների համար կմակագրի լոսանջելեսյան իր առաջին մենահամերգի տեսասկավառակները:

Անի Քրիստին


«Այս հանդիպման առաջարկը «Կամի» ակումբի կողմից է եղել, ինչի համար շատ ուրախ եմ: Մեկ շաբաթ է, ինչ ծանոթացել եմ նրանց երաժիշտների հետ: Սիրում եմ պարբերաբար նոր մարդկանց հետ համագործակցել: Վստահ եմ` նրանց հետ իմ աշխատանքը հաջողությամբ կպսակվի»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ամփոփելով անցնող տարին` Անին որպես կարեւորագույն ձեռքբերում նշել է մենահամերգի DVD տարբերակը, որը մեծ դժվարությամբ են թողարկել.«Գրեթե պատրաստ էր, երբ համակարգչի հետ տեխնիկական խնդիրներ առաջացան, եւ տեսագրությունը ջնջվեց, բայց, փառք Աստծո, մասնագետները երկարատեւ աշխատանքից հետո կարողացան վերականգնել այն: Տեսասկավառակում բացի  մենահամերգի տեսագրությունից, կան չհրապարակված կադրեր հետնաբեմից, տեսահոլովակների նկարահանման աշխատանքներից դրվագներ, իմ մասին պատմող փոքրիկ վավերագրական ֆիլմ»:

Անի Քրիստին Աշոտ Ղազարյանի հետ վարում է «Ամենակարող երգիչ» նախագիծը


2016 թվականը երգչուհու համար առանձնացել է հաճելի ակնթարթներով եւ անակնկալներով.«Մի շարք ծրագրեր հասցրի իրականացնել: Նավով շրջագայեցի դեպի Մեխիկո, որտեղ մենահամերգներով հանդես եկա, մի շարք նոր երգեր ձայնագրեցի: Երկարատեւ դադարից հետո եկա Հայաստան` ընդգրկվելով  նոր հեռուստածրագրում»,-նշել է նա եւ հավելել, որ նորմալ է վերաբերվում բացասական կարծիքներին.«Աշխարհում որքան մարդ կա, այնքան էլ` կարծիք: Քաջ գիտակցում եմ, որ բոլորին դուր գալ ու գոհացնել չենք կարող. հաստատ կլինեն մարդիկ, ովքեր չեն հավանի մեր արածն ու կքննադատեն: Մարդիկ սկզբում սխալ էին հասկացել հաղորդման ձեւաչափը»:

Անին օրեր անց կվերադառնա Լոս Անջելես` Նոր տարին հայրիկի հետ դիմավորելու. «Սիրում եմ Ամանորը: Այն ինձ համար ընտանեկան տոն է, գերադասում եմ տոնական գիշերն անցկացնել ընտանիքիս անդամների հետ, հետո մեզ կմիանան մեր մտերիմ ընկերները: Նախատոնական «աժիոտաժն» ինձ չի հոգնեցնում: Դեռ մանկուց ինձ տպավորել են Ամանորի աղանձը, մանդարինն ու «Կարմիր գլխարկ» կոնֆետը: ԱՄՆ տեղափոխվելուցս հետո էլ ոչինչ չի փոխվել, եւ այդ ամենը մինչ օրս էլ մեր տոնական սեղանի անբաժան մասն են կազմում: Ամեն տարի հայրիկիս հետ գեղեցիկ տոնածառ ենք գնում ու զարդարում: Մտերիմներիս համար էլ նվերներ եմ պատրաստում. այս տարի որոշ իրեր այստեղից կտանեմ»:

Անի Քրիստին


Երգչուհին հաճախ է անձնական կյանքին վերաբերող բամբասանքներ լսում. «Վերջերս անձնական կյանքս շատ է քննարկվում: Դժվար այս 15 օրում հասցնեմ ամուսնանալ, ընտանիք կազմել: Իսկ ինչ կլինի 2017-ին, կդժվարանամ հիմա կանխատեսել: Ես իսկական ընտանիքի մոդելն եմ սիրում, դրա համար էլ չեմ շտապում, ինչպես ասում են՝ թող ուշ լինի, բայց նուշ լինի:): Ինչ վերաբերում է երեխաներ ունենալուն, այդ ցանկությունը միշտ էլ կա: Վաղուց եմ երազում մայրանալու մասին»:

2017 թվականից նրա սպասելիքները շատ են.«Սիրում եմ աքաղաղի փետուրների բոլոր գույները: Կարծում եմ` այս տարին հաջողակ է լինելու բոլորիս համար: Ոգեւորված եմ, սպասելիքներս մեծ են»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անիի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW