×


Աննա Դավթյան. «Երեւանում վայրէջքի պահին սիրտս սկսում է արագ բաբախել»:)

Այսպիսի ապրումներով է ամեն տարի Հայաստան ժամանում մոսկվաբնակ Աննա Դավթյանը: Ամուսնությոնից հետո արտերկիր տեղափոխված դերասանուհին կրկին Երեւանում է: BRAVO.am-ն այս տարի էլ հանդիպել է դերասանուհուն, լուսանկարել եւ զրուցել:

Աննա Դավթյանը


«Ինչպես նախորդ, այնպես էլ այս եւ մնացած տարիների ամառն անցկացնելու եմ Հայաստանում: Այնքան, մինչեւ վերջնականապես չտեղափոխվենք, վերադառնանք հայրենիք: Այստեղ ինձ բերում են կարոտը, արյան կանչը, ընտանիքն ու ընկերները: Հիմա դստերս`Ադելի հետ եմ եկել, իսկ ամուսինս շուտով կմիանա»,- նշել է Աննան եւ հավելել, որ երեւանյան արեւն ու օդը կվայելեն մինչեւ աշնան առաջին ամիսը:

Աննայի խոսքերով, դստեր հետ արդեն 4-րդ անգամ է գալիս հայրենիք:Ադելը Երեւանը տեսել է, երբ դեռ 3 ամսեկան էր: Արդեն պարզ գիտակցում է, թե ուր է գալիս: Շատ է սիրում Երեւանը, այստեղ իրեն լավ է զգում: Նույնիսկ հասցրել է ընկեներ ձեռք բերել, որոնք ամեն օր բակում իրեն են սպասում: Հայաստանյան օրերը միշտ անցնում են գերակտիվ, հագեցած եւ, իհարկե, շատ ուրախ` զբոսանք քաղաքով, հարազատների, ընկերների հետ ջերմ հանդիպումներ եւ այլն:

«Երեւանը տարեցտարի ավելի գեղեցկանում է մի կողմից, մյուս կողմից՝ կորցնում է իր կոլորիտը: Ավելանում են զբոսաշրջիկները, պակասում բնակիչները: Բայց ես լավատես եմ»,- նշում է Աննան եւ հավելում, որ ամառը Հայաստանում իր համար առաջին հերթին հոգու հանգիստ է:

Աննա Դավթյանը


Դերասանուհին իր հարցազրույցներում բազմիցս խոսել է հայրենասիրության մասին: Նշել, որ այն միայն խոսքերով չպետք է արտահայտել: Օտար հողում ապրող իր ընտանիքում հայկականը պահպանելու համար ջանքեր չի խնայում: Նրա կարծիքով, առաջին հերթին պետք է երեխաներին մայերնի լեզուն սովորեցնել`տանը խոսելով կիրթ, գրական հայերեն, ինչն էլ անում է դստեր հետ:

«Ադելս լավ տիրապետում է գեղեցիկ մայրենիին: Գիտի բազում արտասանություններ: Հայկական երգերից ամենաշատը սիրում է «Ծիծեռնակը»: Եթե մանուկ հասակից երեխաներին ողողենք հայկական մշակույթով, երգով, արվեստով, պատմությամբ, ինչն օտար երկրում էլ ավելի անհրաժեշտ է, կունենանք հայրենասեր, հայեցի, հայասեր սերունդ»,- ասում է նա:

Գործնականի մասին Աննան առայժմ խոսել չի ցանկանում: Միայն նշում է, որ առաջիկայում նորություններ կլինեն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարենրը` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին