Աննա Խաչատրյանն այս ամռանն իրականացրել է իր երկրորդ ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ, որի մասին BRAVO.am-ը պատմել է: Երգչուհին այնտեղ մեկնել էր ռեժիսոր Խաչիկ Եղոյանի հետ, արդյունքում նկարահանվել է նոր աշխատանք, որի շնորհանդեսը կայացել է երեկ՝ Նարեկացի արվեստի միությունում: Երեկոյին ներկա են եղել երգչուհու ընկերները, գործընկերները, մտերիմները:
“Ինձ համար նեղ անձնական, ինտիմ վիճակ է”. Աննա Խաչատրյան
“Տիրամոր գովք”-ի հեղինակներն այն համարում են ոչ թե տեսահոլովակ, այլ երաժշտական վավերագրական ֆիլմ: “Այս աշխատանքն ինձ համար նեղ անձնական, ինտիմ վիճակ է: Ծանր եմ տանում, որ մեզ շրջապատող մարդկանց մեջ կան աղանդավորներ, ինչն ինձ նյարդայնացնում է: Երբ հարցեր եմ տալիս առաքելական եկեղեցու սպասավորին, յուրաքանչյուր հարցին տրվում է հստակ պատասխան, իսկ աղանդավորական շարժումների տարածողները սահմանափակ գիտելիք ունեն, մի քիչ ուրիշ կերպ ես հարցդ ձեւակերպում, պատասխան չունեն”, - նշել է Աննա Խաչատրյանը:
“Տիրամոր գովքը” ստեղծագործության երաժշտության հեղինակը Աստղիկ Ստամբոլթյանն է, խոսքերի հեղինակը՝ Խոյլի Վարդանը: 6 րոպե տեւողությամբ տեսանյութի ռեժիսորն ու օպերատորը Խաչիկ Եղոյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:
Աննա Խաչատրյանը, Խաչիկ Եղոյանն ու Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը
Երգչուհու խոսքերով՝ կրկին ու կրկին ուզում է վերադառնալ սուրբ քաղաք. “Առաքելական եկեղեցու հավատացյալներից արդեն լսել եմ դրական խոսքեր, նույնիսկ շատերն ուզում են անձամբ գնալ Երուսաղեմ, իսկ ովքեր արդեն եղել են, զգացումները նորից կվերապրեն”:
“Այժմ եթերում գերակշռում է թեթեւ ու ոչինչ չասող երաժշտությունը, եթե դրա կողքին հեռարձակվի այս փոքրիկ ֆիլմը, ապա միայն ուրախ կլինեմ: Չգիտեմ՝ պահանջարկ կունենա, թե ոչ, բայց վստահ եմ` դրական արձագանք կունենա”, - նշել է Աննան:
Հասմիկ Կարապետյանը, Արմեն Սարգսյանն ու Նաիրա Մովսիսյանը
“Իմ շրջապատում կան նաեւ աթեիստներ, որոնցից դրական արձագանքներ եմ լսել: Օրինակ՝ մայրս, աթեիստ լինելով, ընդհանուր արդյունքից գոհ է, լավ արձագանքեց, թեեւ Երուսաղեմ գնալու ցանկություն չհայտնեց, բայց միեւնույնն է՝ հոգեւորը նրան արդեն հարազատ է դառնում”,-ուրախությամբ պատմել է երգչուհին:
Խաչիկ Եղոյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ ուխտագնացությունից հետո ավելի հաճախ է եկեղեցի գնում ու պատարագներին ներկա լինում.“Որոշ կադրեր տեղում բեմադրել եմ, բայց տեսանյութը հիմնված է վավերագրական նյութի վրա: Բացի տեսահոլովակից, նաեւ կլինի վավերագրական ֆիլմ, որի սցենարը կրկին Տեր Շմավոնն է գրում: Եթե Աստված կամենա, կկոտրի իմ մեջ ինքնաթիռների հանդեպ վախը, եւ ես նորից Երուսաղեմ կգնամ”:
Աննա Խաչատրյանը եւս նպատակ ունի հաջորդ տարվա աշնանը կրկին մեկնել Երուսաղեմ ու իրականացնել իր երրորդ ուխտագնացությունը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: