×


Անօրգազմիայի առաջացրած խնդիրները

Սեռական հարաբերությունների գերագույն փուլն օրգազմի հասնելն է: Տղամարդիկ գրեթե խնդիր չունեն այս հարցում, բայց ահա կանայք ունենում են: Նրանք երբեմն բավարար տեղեկացված չլինելու պատճառով կարծում են, թե այդպես էլ պետք է լիներ, հաճախ էլ պարզապես ձեւացնում են լիարժեք սեռական ակտ` զուգընկերոջը չնեղացնելու համար: Իրականում խնդիրն ավելի խորքային է, իսկ մասնագետի միջամտությունն էլ` պարտադիր: Թեմայի շուրջ զրուցել ենք բժիշկ-գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանի հետ: 


-Ի՞նչ է անօրգազմիան:

-Սեռական ֆունկցիայի խաթարման մի տեսակ է, երբ կինը սեռական հարաբերության ժամանակ չի զգում մաքսիմալ հաճույք՝ օրգազմ: Նկատվում է գրգռվածություն, օրգազմի փուլ, սակայն բարձրագույն կետին այն չի հասնում: 

-Ինչպե՞ս է այն առաջանում:


-Հիմնական պատճառները ֆիզիոլոգիական են, որոնց շարքին են պատկանում նյարդային համակարգի հիվանդությունները, գինեկոլոգիական որոշ պաթոլոգիաներ, դեղորայքի ընդունում, անառողջ ապրելակերպ, ալկոհոլի չարաշահում, գերհոգնած վիճակ եւ այլն: Հաջորդ խմբում առանձնացնենք հոգեբանական ասպեկտը՝  ինտիմ հարաբերությունների բնույթը, կնոջ հոգեհուզական վիճակը, աղջիկների շատ խիստ դաստիարակությունը, ընդհատված սեռական ակտը եւ այլն:


-Ավանդական դաստիարակությունը կամ սեռական ճիշտ դաստիարակություն չստանալը կարո՞ղ են հանգեցնել անօրգազմիայի:

-Իհարկե, սեռական ճիշտ դաստիարակությունը միայն դրական դեր է ունենում նման հարցում. ցանկացած բարդույթ, հոգեբանական ճնշում, սխալ կարծրատիպ կարող է  բացասական դեր խաղալ: Ճիշտ եւ գրագետ տեղեկություն ստանալը պատանիների համար հետագայում գրագետ սեռական կյանք վարելու հիմք է՝ առանց ամոթի զգացողության, ինչը, ցավոք սրտի, մեր հասարակությանը  բնորոշ է: Նմանատիպ ինտիմ եւ նուրբ հարցերը մասնագետի հետ քննարկելն իր մեծ լուման կներդնի սեռական կյանքի գրագետ  հիմնավորման հարցում:

-Հնարավո՞ր է կնոջ անօրգազմիայի պատճառ լինեն տղամարդու մոտեցումները:

-Իհարկե, տղամարդու դերը բավական մեծ է, սակայն այլ գործոններ էլ կան:

-Զույգերի արժեհամակարգերի նմանությունն այս դեպքում պարտադի՞ր է , թե՞ ոչ:

-Պարտադիր է փոխադարձ հարգանքը, առավելագույնս պարզ եւ բաց փոխհարաբերությունները, անկաշկանդությունը, որպեսզի հնարավոր լինի քննարկել ինտիմ հարցեր` միմյանց լիարժեք հաճույք պարգեւելու ցանկությամբ:  Եվ անշուշտ, որքան զույգերը մոտ լինեն իրենց արժեհամակարգով եւ գաղափարներով, այնքան ավելի հեշտ կլինի շփումը նաեւ սեռական հարաբերության ժամանակ:


-Օրգազմի մշտական բացակայությունը կարո՞ղ է կնոջր ֆրիգիդության հասցնել:

-Ֆրիգիդությունը կնոջ սեռական ցանկության, սեքսուալ գրգռվածության բացակայությունն է, ինչը կարող է ախտորոշել միայն բժիշկ-սեքսոլոգը: Իսկ անօրգազմիայի դեպքում սեռական ակտը ցանկալի է եւ նույնիսկ հաճելի, սակայն հաճույքի գագաթնակետը մնում է անհասանելի: Երկարատեւ անօրգազմիան պարտադիր բերում է նյարդային համակարգի որոշ խանգարումների, ինչպես նաեւ բացասական ազդեցություն ունի ամբողջ օրգանիզմի վրա:

-Ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել անօրգազմիան կնոջ կյանքում:

-Սեռական գրգռվածության ժամանակ տեղի է ունենում արյան հոսք դեպի սեռական օրգաններ, փոքր կոնքի օրգաններ, որն օրգազմի ժամանակ մկանային տոնուսի եւ հորմոնալ ֆոնի փոփոխման արդյունքում ինքնաբերաբար վերանում է: Օրգազմի բացակայության դեպքում ստեղծվում են նպաստավոր պայմաններ փոքր կոնքում կանգային պրոցեսի զարգացման համար, որն իր հերթին բերում է բազմաթիվ փոփոխությունների: Օրգազմի բացակայությունը բացասական ազդեցություն կարող է  ունենալ նաեւ նյարդային համակարգի վրա` հանդիսանալով նեւրոզների, սթրեսների, հուզական անհավասարակշռության պատճառ:


-Ե՞րբ է պետք դիմել մասնագետի:

-Անմիջապես, երբ նկատում եք սեքսուալ ֆունկցիայի որեւէ խախտում: Կինն անմիջապես կարող է զգալ փոփոխությունը, իսկ լռելը միայն կխորացի խնդիրը: Սեռական ցանկության թուլացման, ակտի ժամանակ ցավերի, օրգազմի բացակայության դեպքում ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ եւ հետո միայն որոշել հետագա քայլերը:

-Ինչպե՞ս կարելի է այն կանխարգելել:

-Պետք է ուշադիր լինել սեփական առողջությանը, սեռական օրգանների վերարտադրողական համակարգին եւ առաջին հայացքից փոքր թվացող խնդրի դեպքում էլ դիմել մասնագետին: Պահպանել զուգընկերոջ հետ փոխադարձ վստահության, սիրո, հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Հետեւել նյարդային համակարգի վիճակին, վարել առողջ ապրելակերպ եւ, իհարկե, ուշադրություն դարձնել գինեկոլոգիական խնդիրներին:

Զրուցեց Անի Կարապետյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW