×


Աշոտ Հակոբյանը՝ կնոջ անակնկալի, ձեռքբերումների եւ ամենահիշարժան տարեդարձի մասին

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Աշոտ Հակոբյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ «Շանթ» հեռուստաընկերության մի շարք սերիալներից, երեկ դարձել է 29 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան օրը մտերիմ ընկերների միջավայրում է անցկացրել:

Աշոտ Հակոբյանը` կնոջ` Արեւիկ Իսաջանյանի հետ


«Շատ հետաքրքիր, հագեցած ու անմոռանալի տարեդարձ էր: Կնոջս` Արեւիկի նախաձեռնությամբ՝ որոշեցինք օրն անցկացնել Երեւանից դուրս: Պարզվեց՝ նա ինձ համար անակնակալ էր պատրաստել. մեզ միացան նաեւ իմ մտերիմ ընկերներն իրենց կանանց եւ երեխաների հետ: Բոլորով մի լավ ուրախացանք»,-նշել է Աշոտը:

Տոնական տորթի մոմերը փչելիս դերասանը մի ցանկություն է մտապահել, որ երկիրը խաղաղ լինի, զինվորներն էլ առողջ վերադառնան իրենց տները: Վերհիշելով մինչ այս ունեցած ամենահիշարժան ծննդյան օրը՝ պատմել է.«Ամենատպավորիչ տարեդարձը, որ երբեւէ ունեցել եմ, 20-ամյակս է եղել. բանակում էի եւ ծառայակից ընկերներիս հետ մինչ լույս մի լավ խմեցինք:)»:

Աշոտ Հակոբյանը` դստեր հետ


Մեզ հետ զրույցում Աշոտը հետադարձ հայացք գցեց ապրած տարիներին ու խոսեց ձեռքբերումների մասին.«Դրանք շատ-շատ են: Երջանիկ եմ, քանի որ ծնողներիցս բացի կողքիս սիրող ու հասկացող կին ունեմ, հրաշք բալիկ, հավատարիմ ու նվիրված ընկերներ, որոնց համար ամեն օր Աստծուն փառք եմ տալիս: Մասնագիտական առումով կողմնորոշված եմ, ունեմ մշտական աշխատանք, որը շատ-շատ եմ սիրում ու առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Բացթողումներ այս պահին չեմ մտաբերում, նշանակում է` արժեքավոր ոչինչ բաց չեմ թողել:)»:

Այժմ դերասանի ստեղծագործական կյանքում բուռն շրջան է.«Պարապ մնալու ու ձանձրանալու ժամանակ չեմ ունենում: Խաղում եմ թատրոնի 15-ից ավելի ներկայացումներում: Շուտով՝ մայիսի 30-ին եւ 31-ին, տեղի կունենա «Պըլը Պուղի» ներկայացման պրեմիերան: Նկարահանվում եմ «Շանթ»-ի նոր՝ «Թաքնված սեր» սերիալում, որտեղ քննիչի կերպարում եմ: Այն սերիալային մյուս կերպարներիցս շատ է տարբերվում. առաջին անգամ բարի մարդու եմ մարմնավորում:)»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աշոտ Հակոբյանը


Նա նաեւ դերասանի վարպետություն է դասավանդում թատերական ստուդիաներից մեկում.«Ինձնից երիտասարդների հետ աշխատելը մի այլ հաճույք է: Փորձում եմ սովորածս ամեն մի մանրուքը նրանց փոխանցել: Միասին նոր ներկայացումներ ենք բեմադրում:)»:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ Աշոտին ցանկանալով նորանոր հաջողություններ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին