×


Աստղիկ Ալավերդյանը շռայլորեն վարձատրել է իրեն անակնկալներ մատուցողին :)

Ամանորին հաշված օրեր են մնացել: Քաղաքը նախատոնական եռուզեռի մեջ է: Ոմանք “դատարկում” են խանութները` ճոխ սեղան գցելու համար, մյուսներն էլ համեղ ուտելիքներ պատրաստելու գործը թողնում են այս կամ այն ռեստորանի խոհարարներին:): Հաղորդավարուհի, դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը ժամանակակից այն կանանցից է, որոնք դեմ են ավանդույթ դարձած պարտականություններին: BRAVO.am-ը հյուրընկալվել է Աստղիկի եւ Նարբեի տանն ու կիսել նրանց նախատոնական տրամադրությունը:

Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը


Թեեւ ամուսնական զույգը տարեմուտի գիշերը ռեստորանում կանցկացնի, վառ կլինեն նրանց տան գեղեցիկ տոնածառի լույսերը.“Նորապսակներ էինք, երբ դիմավորեցինք 2013 թվականը: Տոնածառն այնքան էլ սրտովս չէր, եւ այս տարի Նարբեն մեր ամուսնության մեկամյակի առթիվ ինձ նորը նվիրեց”,-ասել է Աստղիկը:

Նոր տարին “դրսում” դիմավորելու որոշումը միասին են կայացրել: Տանտիրուհուց հետաքրքրվեցինք` արդյոք կանացի խորամանկ քայլ է հոգսերից ազատվելու համար.“Ո՛չ, ամենեւին էլ չեմ խուսափում հյուր ընդունել, այսպես թե այնպես, հաճախ ենք մեր տանը հավաքվում:): Պարզապես տոնի առթիվ տնից տուն գնալուն դեմ եմ: Ինքս այդպես չեմ վարվում, չեմ էլ ուզում, որ պարտավորված մեզ այցելեն մարդիկ, որոնց հետ տարին մեկ անգամ էլ չենք շփվում. ձեւականություններին դեմ եմ: Ի տարբերություն ուրիշների` ոչ թե սեղան ենք գցելու եւ սպասենք, թե ով է մեր տուն տասը րոպեով մտնելու, այլ մեկ օր ընկերների հետ ենք հավաքույթ կազմակերպելու, հետո էլ` հարազատների”:

Նարբե Պողոսյանը եւ Աստղիկ Ալավերդյանը


Հանգստյան մյուս օրերը նրանք պատրաստվում է անցկացնել տանը եւ ֆիլմեր դիտել,  իսկ գալիք տարվա հետ կապված երազանքներն արդեն պահված են:).“Աստված ինձ տալիս է այն ամենն, ինչի մասին երազում եմ: Այս անգամ եւս մի մեծ երազանք ունեմ: Խոստանում եմ դրա մասին պատմել, երբ կատարվի: Կարծում եմ, եթե մի բան շատ ես ցանկանում, այն քեզ տրվում է: Իհարկե, առանց դժվարությունների չի լինում. երջանկության համար պետք է պայքարել”,-նշել է հաղորդավարուհին:

Աստղիկը տոնի հետ կապված մանկության հիշողություններով է կիսվել.“Մինչեւ 12 տարեկան անվերապահորեն հավատում էի Ձմեռ պապի գոյությանը: Երբեմն սրտումս կասկած էր ընկնում, որովհետեւ յուրաքանչյուր տարի ինձ բերում էր այն կոնֆետներն ու մրգերը, ինչ մեր ամանորյա սեղանին էին: Մեր ժամանակ խանութներում գրեթե ոչինչ չկար: Մի անգամ միայն, երբ 7 տարեկան էի, մանդարինից ու կոնֆետներից բացի, գտա մի մազակալ: Շատ էի ուրախացել, բայց ոչ թե նվերի, այլ այն բանի համար, որ կրկին հավատացի` “Ձմեռ պապին կա”: Մտածում էի` մայրս որտեղից պետք է նման մազակալ գներ”:

Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը


Նա նաեւ պատմել է, որ շռայլորեն վարձատրել է իրեն անակնկալներ մատուցողին:).“Երբ փոքր էի, վերցնում էի մի բուռ կոնֆետ, դուրս էի գալիս տնից ու ձեռքիս եղածը նետում երկինք: Կարծես այդպես ուզում էի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ունեմ: Դա յուրատեսակ կաշառք էր` հետագայում ավելի մեծ ձեռքբերումների համար”:

Նարբե Պողոսյանը եւ Աստղիկ Ալավերդյանը


Տարիներ անց Աստղիկի Ձմեռ պապիկը թոշակի է անցել ու նրան փոխարինելու է եկել ամուսինը` Նարբեն` ժամանակակից նվերներով:).“Ինձ երջանիկ մարդ եմ համարում: Այս կյանքը ուժեղների համար է, պետք է պայքարես հաջողության հասնելու համար, պետք է փորձես ամեն ինչի մեջ լավը տեսնել”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW