Շուրջ չորս տարի առաջ Աստղիկ Սաֆարյանը տեղափոխվեց Բարսելոնա` մագիստրոսական կրթություն ստանալու: Ավարտելուց հետո փոփ-ռոք ժանրում հանդես եկող երգչուհին այս անգամ երկարատեւ այցով կրկին Երեւանում է, BRAVO.am-ի հետ զրուցում էլ պատմել է իր նոր ծրագրերի մասին:
Աստղիկ Սաֆարյանը
- Աստղիկ, ինչպես նշել էիր մեր նախորդ հարցազրույցում, Երեւանը նմանեցնում ես մեծ ակվարիումի, եւ ի՞նչ նպատակով ես այս անգամ վերադարձել քո հարազատ “ակվարիում”:
- :)Հարազատ “ակվարիում”-ում միշտ էլ քեզ զգում ես ինչպես ձուկը ջրում: Այս անգամ մի քիչ երկար ժամանակահատվածով եմ վերադարձել, որ հասցնեմ անել այնպիսի աշխատանքներ, որոնք պահանջում են ավելի շատ ժամանակ եւ լուրջ կենտրոնացում, ինչը հեռվից նույնը չի ստացվում: Այժմ անելիքներս իրականացնում եմ առանց շտապելու եւ ավելի հանգիստ մթնոլորտում:
- Հայաստանից հեռու ինչի՞ պակասն էիր ամենից շատ զգում:
- Իսկական հայի ջերմ ու սրտանց տեսակի, հայերենով խոսելու պակասը եւ, իհարկե, անբացատրելի այն ուժը, որ զգում ես հայրենի հողիդ վրա: Դա մի տեսակ այլ զգացողություն է, որ այդքան էլ բառերով ասելու չէ:
- Ի՞նչ ժանրում են լինելու նոր երգերդ:
- Ունեմ հետաքրքիր նոր երգեր ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: Եթե մեկտեղեմ, կարող եմ ասել, որ 3-րդ ձայնասկավառակիս պարունակությունն արդեն ունեմ, բայց դրանք դեռ պետք է գործիքավորել եւ ձայնագրել, ինչը լուրջ կենտրոնացում եւ մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Երգերիս մեջ հնչող բեք-վոկալներն էլ ինքս եմ երգում, անգամ ունեմ երգեր, որոնցում միայնակ ձայնագրվել եմ երգչախմբային հատված:
Աստղիկ Սաֆարյանը` Մոնակոյում
- Բարսելոնայում ի՞նչ փուլում է համագործակցությունը տեղի երաժիշտների հետ:
- Համագործակցությունս բարսելոնյան երաժշտական ստուդիաներից մեկի հետ է, որի տնօրենը, ծանոթանալով իմ հեղինակային երգերին, հիացմունք է հայտնել ու առաջարկել անգլալեզու երգեր գրել իրենց դիմող սկսնակ երգիչների համար: Եվ ժամանակ առ ժամանակ ստանում եմ երգեր գրելու պատվերներ, սիրով պատրաստ եմ նաեւ հայ կատարողների համար ստեղծագործել, կլինեն սկսնակ, թե կայացած երգիչներ: Այժմ ընթացքի մեջ է իսպանացի ոչ շատ հայտնի երգիչներից մեկի հետ զուգերգս, որը ներառվելու է նրա ձայնասկավառակում: Իսկ հետաձգվում է այն պատճառով, որ նա դեռ աշխատում է իր մյուս երգերի վրա:
-Նախորդ տարի BRAVO.am-ին հայտնել էիր, որ պատրաստվում ես աշխատել Լոս Անջելեսում բնակություն հաստատած երաժիշտ Արտյոմ Հակոբյանի` Tim De Beatz-ի հետ, ով հայտնի է արցախյան բարբառով “Ալո, ալո” երգով: Համագործակցությունը դեռ ուժի մե՞ջ է:
-Այն ավելի քան ուժի մեջ է: Փակագծերը բացեմ ու ասեմ, որ մոտ օրերս Երեւանում պատրաստվում եմ նկարահանել հենց այդ երգի տեսահոլովակը, որի խոսքերն ու երաժշտությունն ինքս եմ գրել, իսկ գործիքավորմամբ ու պրոդյուսինգով զբաղվել է Արտյոմը, որն այժմ ներկայանում է Artem Valter բեմական անվամբ: Հուսով եմ` խանգարող հանգամանք չի լինի, եւ ամռանը պրեմիերան կկայանա իմ ունկնդիրների, երկրպագուների համար. շատ պայծառ, գունեղ ու պոզիտիվ երգ է:
-Ի՞նչ բենդի հետ ես նախատեսում ելույթներ ունենալ: Արդյո՞ք կլինեն մեծ մենահամերգ կամ ակումբային համերգներ:
-Խմբի հարցն ինձ համար շատ կարեւոր է, չնայած` ունակ եմ աշխատելու տարբեր երաժիշտների հետ, այնուամենայնիվ, իմ պատկերացրած սեփական բենդը պետք է լինի ընտանիքի նման՝ դրական ու համերաշխ մթնոլորտով: Երաժշտապես պետք է լինենք նույն ճաշակի, որ միմյանց հեշտ հասկանանք, մեկս մյուսին լրացնենք: Միգուցե բծախնդիր եմ գործում, բայց արդեն տասը տարի այս ասպարեզում եմ, եւ փորձը ցույց է տվել, որ այդ հատկանիշս աշխատանքիս միայն լավ արդյունք է տալիս: Այժմ կա մեկը, ում հետ աշխատում եմ համերգների գծով եւ փորձում ենք ինձ հարմար բենդ գտնել: Այս օրերին տարբեր երաժիշտների հետ Երեւանում ունենում եմ կենդանի նվագակցությամբ ելույթներ: Հուսով եմ՝ առաջիկայում արդեն իմ խմբի հետ կունենամ տարբեր բնույթի համերգներ, քանի որ փոփ-ռոքը թույլ է տալիս երգել թե՛ մեծ, թե՛ ակումբային բեմերում, ինչպես որ անում են համաշխարհային շատուշատ ռոք-խմբեր եւ փոփ-ռոք երգիչներ:
Աստղիկ Սաֆարյանը
-Իսկ շարունակո՞ւմ ես զբաղվել “ACO՛ by Astghik Safaryan” ապրանքանշիդ արտադրությամբ:
-Իհարկե, առաջնային պլանում միշտ երգն է, բայց դրա հետ մեկտեղ նաեւ զբաղվում եմ “ACO՛”-ի աշխատանքներով: Ամառային մի քանի ապրանքատեսակի դիզայնն արդեն արված է, պատրաստ է ֆոտոշարքը, որը շուտով կներկայացնեմ:
-Պլանավորե՞լ ես տեղափոխվել Երեւան:
-Այսուհետեւ այցերս կլինեն ավելի երկարատեւ եւ հիմնականում գործնական բնույթի: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխվելուն, ապա կարծում եմ՝ պետք է լինեմ այնտեղ, որտեղ կլինի ապագա ամուսինս, իսկ թե որտեղ կլինի, ինձ նույնպես հետաքրքիր է:):
-Ապագա ամուսնուդ բնակության վայրի մասին խոսեցիր. արդեն պլանավորո՞ւմ ես ընտանիք կազմել:
-Երբ նման բան պլանավորեմ, այդ մասին միգուցե կհայտնեմ, բայց հիմա դեռ վաղ է խոսել նման թեմայի շուրջ… Դա կլինի այն ժամանակ, երբ Աստված կկամենա:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: