×


Աստղիկին եւ Նարեկին հորդառատ անձրեւը չխանգարեց :)

Աստղիկ Սաֆարյանի եւ «Մեծ Հայք»-ի Նարեկի նոր զուգերգի ստեղծմանը BRAVO.am-ն անդրադարձել է, այժմ էլ ներկայացնում ենք տեսահոլովակի նկարահանման դրվագները։ R&B, ռեփ ու ռոք ժանրերի համադրմամբ ստեղծված «Լավն ես» երգի հեղինակն Աստղիկն է, Նարեկն էլ գրել է իր հատվածի տեքստը։ Նկարահանումներն իրականացրել են Երեւանի մի քանի վայրում, կազմակերպչական հարցերով եւ ռեժիսուրայով զբաղվել է Նարեկն` իր «PlayBack Production»-ով։

«Մեծ Հայք»-ի Նարեկն ու Աստղիկ Սաֆարյանը


Ինչպես իր նախորդ հոլովակներում, այս անգամ եւս Աստղիկն է զբաղվել իր իմիջով՝ ընտրելով ավելի համարձակ զգեստներ.«Կներկայանամ 5-6 կերպարով, որոնք ինքս եմ մոդելավորել եւ դերձակների հետ կարել։ Սանրվածքս ինչպես միշտ ապահովել է Անի Ավդալյանը, իսկ դիմահարդարումս՝ Սվետլանան, որի հետ աշխատել եմ իմ նախորդ՝ «Shalom» եւ «Որբուկ» տեսահոլովակների ժամանակ»։

Աստղիկ Սաֆարյանը


«Լավն ես» տեսահոլովակը չունի ընդգծված սյուժե, ինչպես երգչուհին է նշել, այն լրացնում է խոսքերին.«Երգի գլխավոր ուղերձն այն է, որ լռությունը վատթարացնում է հարաբերությունները. պետք է ամեն ինչ պարզ ու շիտակ լինի, չպետք է մնան մութ ու չպարզաբանված հարցեր, որովհետեւ մեր լռությամբ երբեմն կարծում ենք, թե օգնում ենք հարաբերությունների լավ լինելուն, բայց չափից շատ լռությունը կարող է անորոշության եւ սխալ ենթադրությունների պատճառ դառնալ, ինչը տանում է զգացմունքների սառեցման եւ մարդկանց հեռացնում է իրարից։ Կարող ենք ուղղակի բարձրաձայնել մեր մտահոգությունները եւ դիմացինն էլ իր կողմից պետք է փորձի գիտակցել եւ ճիշտ կերպով ընդունել։ Նարեկն ու ես փորձել ենք այս ամենը փոխաբերական իմաստով ներկայացնել։ Թե ինչպես ենք դա արել, պարզ կլինի տեսահոլովակը դիտելուց հետո»։

Աստղիկ Սաֆարյանը


Նկարահանումներն իրականացվել են մեկ օրում՝ առավոտից մինչ ուշ երեկո։ Աստղիկի խոսքով` օրը հագեցած եւ հետաքրքիր էր։ Բացօթյա նկարահանման ժամանակ հորդառատ անձրեւ է սկսվել, բայց թիմին չի խանգարել.«Եղանակն էլ աջակից եղավ. անձրեւը կտրվեց ու նույնիսկ արեւ բացվեց, կարողացանք շարունակել։ Լրջորեն պատրաստվել էինք, որ լավ արդյունք ապահովենք։ Պրեմիերայի օրը դեռ հստակ չէ, հուսով ենք՝ հանդիսատեսը կհավանի, քանի որ հսկայական աշխատանք ենք արել եւ մեծ սիրով ենք ստեղծել թե երգը, թե տեսահոլովակը»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին