×


Արամ Նիկոլյանի նոր մուսան եւ սպասվելիք ցուցադրությունները

Կինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը դարձել է Արամ Նիկոլյանի մուսան։ BRAVO.am-ի հետ զրույցում դիզայները հայտնել է, որ հանրահայտ արվեստագետին է նվիրված իր նոր՝ «Մուսա. Փարաջանով» հավաքածուն, որն առաջին անգամ կներկայացնի սեպտեմբերի 1-ին՝ Կիեւում, ուր մեկնելու է գործընկերների հետ:

Արամ Նիկոլյանը


Ցուցադրության վայրը խորհրդանշական է, քանի որ Կիեւում Փարաջանովն աշխատել ու ստեղծագործել է, նկարահանել «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը՝ վերջինիս համար արժանանալով Կիեւի Համամիութենական կինոփառատոնի մրցանակի:

Գարուն-ամառ 2018 հավաքածուն ներառում է 45 կտոր կանանց եւ 6 կտոր տղամարդկանց հագուստ։ Զգեստները բաժանված են արվեստի 3 ճյուղի, որոնցով զբաղվել է արվեստագետը՝ ֆիլմեր, կոլաժներ եւ Փարաջանովը որպես մտածող տեսակ.«Փարաջանովն իր մտածելակերպով այնքան բազմաշերտ ու հարուստ է, որ ցանկացած մարդ, երբ նրանից ոգեշնչվում է, արդեն արված գործերից տարբերվող մի բան է ստեղծում, ինչը հենց նրա յուրահատկությունն է։ Վերջերս հաճախ եմ լինում նրա թանգարանում, ամեն անգամ այդ փոքր տարածքում նոր բաներ եմ բացահայտում»։

Արամ Նիկոլյանի նոր մուսան Սերգեյ Փարաջանովն է


Արամը Կիեւ կմեկնի մեկ օրով, որտեղ ուկրաինացի մոդելները կներկայացնեն հավաքածուի որոշ մասը.«Ուսումնասիրելով նրա արվեստը՝ ուղղակի անհնար է նրանով չոգեշնչվել։ Նորաձեւության ասպարեզում հաճախ են մեծ արվեստագետին անդրադառնում, ուրախ եմ, որ մեր մշակույթում ունենք Փարաջանով, կարծում եմ՝ բրենդ է, որն ասոցացվում է Հայաստանի հետ։ Նա նաեւ տարածաշրջանային կերպար է, իր արվեստում կա Վրաստանի ազդեցությունը, բայց ինձ համար ավելի հայ տեսակ է»։

Արամ Նիկոլյանը շուտով կներկայացնի «Մուսա. Փարաջանով» հավաքածուն


«Ուրֆա», «Այնթապ» հավաքածուներից հետո մոդելավորողն այս անգամ  ասեղնագործությունների վրա չի շեշտադրել.«Հին հայկական կարատեսակների վերականգնումը կշարունակեմ հաջորդ հավաքածուներում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում, իմ առաջնահերթ նպատակը կրելի հագուստ ստեղծելն է, քանի որ Փարաջանով ասելիս պատկերացնում ենք էքստրաօրդինար զգեստներ»։

BRAVO.am   

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին