×


Արամ Նիկոլյանի ցուցադրության հայտնի հյուրերը, «վերածնված արժեքներն» ու Սիրուշոյի հետ նոր համագործակցությունը

Հայկական տարազներ, ազգայինից ոգեշնչված ժամանակակից զգեստներ, Ուրֆայի արծաթաթել ու ոսկեթել ասեղնագործ գործվածքներ եւ դեֆիլե քանդակների շուրջ. երեկ Հայաստանի պատմության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ նկարիչ-մոդելավորող Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:

Արամ Նիկոլյանն ու ցուցադրության մանեկենուհիները


Հյուրերի շարքում էին շոու-բիզնեսի, նորաձեւության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Հանրապետության հրապարակում տեղադրված փոքր բեմահարթակի շնորհիվ ցուցադրությանը հետեւում էին նաեւ անցորդները:
 
Երեկոն սկսվեց պարուհի Լիանա Հակոբյանի հայկական մենապարով, որից հետո տարբեր տարիքի ու հասակի աղջիկներ ցուցադրեցին «Տերյան» մշակութային կենտրոնի վերականգնած տարազները: Ներկաները հնարավորություն ունեցան նախ  դիտելու հայկական ազգային տարազները, այնուհետեւ մոդելները ներկայացրին այն հավաքածուն, որը դիզայները ստեղծել էր՝ ոգեշնչվելով ազգային խառնվածքն արտահայտող դետալներից:

Աստղիկ Սաֆարյանը


36 հագուստից կազմված հավաքածուն ներառում է բեմական, առօրյա, երեկոյան ու կոկտելային զգեստներ՝ տարազային եւ ժամանակակից ձեւվածքներով, թեթեւ գունային հիշողությամբ եւ կարի մեքենայով արված ոսկեթել ու արծաթաթել Ուրֆայի ասեղնագործությամբ: Միջնադարյան նկարչության շնչով հագեցած Ուրֆայի ասեղնագործություններով այս հավաքածուի նպատակն աստիճանաբար մոռացության մատնված ազգային հագուստի էլեմենտներն առօրյայում  կրելի դարձնելն է: 

Զգեստները լրացնում էին ասեղնագործ պայուսակներն ու Սիրուշոյի «Պռեգոմեշ» արծաթե աքսեսուարները, որոնց հիմքում եւս հին հայկական զարդերն են: Ինչպես պատմել է Արամ Նիկոլյանը, այս հավաքածուն առիթ է դարձել Սիրուշոյի հետ նոր համագործակցության, քանի որ այս ցուցադրության համար ստեղծել են գոտիների, բրոշների նոր տեսականի, որը կոչվում է «Ուրֆա»:

Ցուցադրության համար Արամն ընտրել էր մուգ վարսերով մանեկենուհիների, որոնց թվում էին նաեւ հաղորդավարուհիներ Աննա Գրիգորյանն ու Լիլիթ Մուրադյանը: «Ընտրել էի թուխ մաշկով ու մազերով, հայկական դիմագծերով մոդելների, թեեւ հնում հայերը նաեւ շիկահեր են եղել: Իսկ տարազները ներկայացրին ոչ թե մոդելները, այլ միջահասակ աղջիկներ, որոնցից մի քանիսն իրականում կրել են տարազներ»,- նշել է Արամ Նիկոլյանը:

Լիլիթ Մուրադյանը


Ցուցադրությունից հետո BRAVO.am-ի հետ զրույցում Արամ Նիկոլյանը հայտնեց, որ բավարարվածություն է զգում դրական կարծիքներից. «Մոտ չորս ամիս աշխատել ենք ամբողջական հավաքածուի վրա: Իմ առջեւ խնդիր էի դրել, որ հայկական զարդանախշերով հագուստը կանայք կրեն մեր օրերում, այսինքն՝ տարազը թանգարանային նմուշ լինելուց բացի նորաձեւ ու գործածելի լինի առօրյայում: Փորձել եմ պահել հայկական տարազի գունային գամման՝ մուգ կարմիրը, կապույտը, կանաչը, բայց օգտագործել եմ ժամանակակից գործվածքներ»:

Ցուցադրության ավարտից հետո հյուրերը շնորհավորել են դիզայներին: Նրան տպավորել էր իր դասախոսի՝ Գայանե Կիրակոսյանի խոսքը, ով նշել էր, որ տեսնում է իր ուսանողի աճը եւ յուրաքանչյուր անգամ յուրովի ներկայանալը. «Այս ամենը միայն իմ աշխատանքը չէ, չնայած որ իմ անունն է շեշտվում: Շնորհակալ եմ իմ ողջ թիմին ու ընկերներին, որոնց շնորհիվ կարողացա նպատակս իրականություն դարձնել»,- նշել է նա եւ հավելել, որ այս հավաքածուն արտերկրում ցուցադրելու առաջարկ ունի, որն այժմ քննարկման փուլում է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW