×


Արամոյի եւ Էմմայի որդու անակնկալը ծնողներին :)

Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդին` Ավետիք Գեւորգյանը, իր ռեփ կատարումով նոր շունչ է հաղորդել հայրիկի “Իմ օրագիրը” երգին: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ ջութակահարը, որն ուսանելու նպատակով բնակվում է Գերմանիայում, նշել է` երկար ժամանակ է, ինչ տեքստեր է գրում, բայց սա առաջին դեպքն է, երբ որոշել է հանրության դատին հանձնել իր աշխատանքը:

Արամոյի եւ Էմմայի որդին` Ավոն


“Ընտրել եմ “Իմ օրագիրը”, քանի որ այս երգի հետ կապված հիշողություններ ունեմ. ավելի քան տասը տարի առաջ մասնակցություն եմ ունեցել դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Այսօր էլ  ուղղակի ցանկացել եմ նոր շունչ հաղորդել չհնացած, բայց մոռացված երգին”,- պատմել է Ավոն:

Նրա փոխանցմամբ` Արամոն եւ Էմման տեղյակ չեն եղել խոսքերը գրելու ընթացքից ու ձայնագրման աշխատանքներից. “Կարծում եմ` ինձ հաջողվել է ծնողներիս լավ անակնկալ մատուցել”:

Էմմա Պետրոսյանը որդու հետ


Ավոն խոստովանել է, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել “Իմ օրագրի” նորացման համար. “Մայրս այնքան լավ է գրել խոսքերը, հայրս էլ` երաժշտությունը, եւ կատարումն էլ հայրիկիս կողմից այնքան լիարժեք է, որ, իսկապես, շատ դժվար էր երգին նոր մի բան ավելացնել: Բայց ուրախ եմ, որ մինչ օրս, ով լսել ու կարծիք է հայտնել, դժգոհ չի եղել: Ճիշտ է` չեն ասել` փառահեղ է, բայց չեն էլ ասել` վատ է”:

BRAVO.am-ը զրուցել է նաեւ Արամոյի հետ: Երգիչն ասել է, թե իրեն զարմացրել է այն, որ իր որդին կարողանում է ռեփ ոճում ստեղծագործել. “Ինձ շատ են դուր գալիս Ավոյի մտքերը: Դրանք շատ խորն են ու, կարծում եմ` շատ ճիշտ շարադրված”:

Էմմա Պետրոսյանը և Արամոն


Հետաքրքրվել ենք նաեւ, թե արդյոք Արամոն որդու անակնկալից հետո միտք չունի իր երգերը նորացնել ու կրկին մատուցել հանրությանը. “Բազմաթիվ նոր երգեր կան, որոնք պետք է լույս աշխարհ գան: Ես դա չեմ անի, բայց եթե տղաս ցանկանա երգերս նորովի մատուցել, դեմ չեմ լինի”:

Ավետիք Գեւորգյանը


Այս առիթով Ավոն նշել է, որ ոչ միայն պատրաստվում է ծնողների երգերը նորովի մատուցել, այլեւ նոր ռեփ ստեղծագործություններ կներկայացնի արդեն իսկ կայացած ռեփ կատարողների հետ համատեղ:

Ի դեպ, Ավետիք Գեւորգյանը 14 տարի է` ջութակ է նվագում, այժմ էլ սովորում է Գերմանիայի Էսսեն քաղաքի Արվեստի բարձրագույն ակադեմիայի ջութակի բաժնում ու վստահեցնում է, որ ռեփով ապրում է, իսկ դասական երաժշտությամբ` շնչում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am /
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գեւորգյանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW