Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Նոր տարվան ընդառաջ բավական հետաքրքիր եւ անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը
-Չեմպիոնական գոտու պաշտպանություն փայլուն հաղթանակով, “Տարվա լավագույն բռնցքամարտիկ” տիտղոս գերմանական “Boxsport” ամսագրի կողմից, մինչ տարեվերջ էլ ի՞նչ նվաճումներ են սպասվում :):
-Ինձ համար մեծ նվաճում էր, որ եկա Հայաստան եւ տարեմուտը դիմավորում եմ հարազատներիս, մտերիմներիս հետ` հայրենիքում: Արդեն 6 տարի Նոր տարվան Հայաստան չէի եկել:
-Հիմնականում որտե՞ղ եք դիմավորում Նոր տարին եւ ո՞ւմ հետ:
-Վերջին տարիներին Ամանորին հիմնականում մարզական հավաքների մեջ էի լինում Գերմանիայի մարզաառողջարանային տարբեր քաղաքներում եւ Ամանորը դիմավորում էի բռնցքամարտի մեր ակումբի սաների, մարզիչների հետ:
Արթուր Աբրահամ."Ես առայսօր հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը"
-Ինչպիսի՞ն է Արթուր Աբրահամի տան տոնածառը, ո՞վ է զբաղվում դրա զարդարանքով:
-Վերջին տարիներին չեմ զբաղվում տոնածառը զարդարելու գործով: Մեր տան տոնածառը սովորաբար լինում է միջին չափի` ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր, զարդարում ենք թե խաղալիքներով, թե բռնցքամարտի փոքրիկ խորհրդանշական ձեռնոցներով:
-Առհասարակ, ինչքանո՞վ եք կարեւորում ձմեռային այս տոնը:):
-Շատ եմ կարեւորում, քանի որ ամենուր տոնական տրամադրություն է, բոլորը ուրախ են, առատություն է, հաճելի եւ սպասված հյուրեր են գալիս-գնում, մի խոսքով` չնայած ձմեռային տոն է, բայց շատ ջերմ է:
Արթուր Աբրահամի արխիվային լուսանկարներից
-Ի՞նչ նվերներ եք ընտրում բարեկամների եւ ընկերների համար:
-Երեխաների համար` խաղալիքներ, իսկ մեծերի համար նվեր ընտրելիս հաշվի եմ առնում յուրաքանչյուրի առանձնահատկությունը եւ նախասիրությունը:
-Տարեմուտը դիմավորելու համար ալկոհոլային ի՞նչ խմիչք եք նախընտրում :):
-Մեր սեղանին խմիչքների մեծ տեսականի կա, սակայն ես դրանցից չեմ օգտվում. ոգելից խմիչք ընդհանրապես չեմ օգտագործում:
WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը
-Ո՞րը կլինի Ձեր երազանքների Ամանորը. ինչպե՞ս եւ ո՞ւմ ընկերակցությամբ կուզեիք դիմավորել այն:
-Ծնողներիս, հարազատներիս, իմ լավ ընկերների հետ անցկացրած Ամանորն ինձ համար երազանքների Ամանոր է: Այնպես որ, կարելի է այս Նոր տարին համարել երազանքների:
-Հիշո՞ւմ եք` երբ սկսեցիք չհավատալ Ձմեռ պապիկի գոյությանը:):
-Ես առայսօր հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը: Նա հեռավոր Լապլանդիայից սահնակներով եւ եղնիկների ուղեկցությամբ գալիս է, հասնում իր թոռնիկներին եւ իր մեծ պարկի նվերները բաժանում բոլորիս:
Արթուր Աբրահամի արխիվային լուսանկարներից
- Ի՞նչ նվերներ է նա բերել փոքրիկ Ավետիքին:
-Տարբեր-տարբեր խաղալիքներ եմ հիշում. մինչեւ չէինք արտասանում կամ երգում, նվեր չէր տալիս:
-Դպրոցական տարիներին մասնակցե՞լ եք ամանորյա որեւէ հանդեսի:
-Ամեն տարի` պարտադիր: Հիշում եմ մեր դասարանի Նոր տարվա հանդեսները` երգեր, բանաստեղծություններ, բեմականացումներ…
- Ինչպիսի՞ն են մանկական հուշերը` կապված Նոր տարին դիմավորելու հետ:
-Լավ, բարի, լուսավոր, գեղեցիկ. դրանք երբեք չեն մոռացվի:
WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը
-Կառանձնացնե՞ք ամենահիշվող, ամենաուրախ եւ ամենատխուր Նոր տարին:
-Ամենատխուր Նոր տարի չի եղել, բոլորը եղել են ուրախ եւ հիշվող` մեկը մյուսից առավել: Մի անգամ Ձմեռ պապ էինք պատվիրել, նա եկավ Ձյունանուշի հետ, պայման կար, որ բոլորս` մեծ ու փոքր, պետք է արտասանեինք, որ նվերներ բաժաներ: Ես էլ եմ արտասանել` "Ձմեռ պապին, քուրքը հագին, ուրախ-ուրախ…": Բայց Ձմեռ պապը մի քանի բաժակ ոգելից խմիչք խմեց, արբեց եւ մոռացավ ամեն ինչ: Այդ օրը շատերն էին խմել, եւ ես որոշեցի ինքս ստանձնել նվեր բաժանելու դերը` վերցրեցի նրա պարկը եւ սկսեցի նվերները բաժանել:
-Գալիք տարվա հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:
-Գալիք տարվա հետ կապված իմ ծրագրերից մեկի մասին նշեմ. մարտի 30-ին կամ ապրիլի 6-ին պետք է կրկին մենամարտեմ Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի դեմ: Նրա հետ մենամարտել եմ 2012 թվականի օգոստոսի 25-ին եւ հաղթել: Մյուս ծրագրերիս կանդրադառնամ ավելի ուշ:
BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Աբրահամի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: