5 պատմություն, 5 տարբեր ճակատագիր, որոնք կրում են 1990-ական թվականների հետքը: Մեկ շքամուտքում գտնվող դռների հետեւում ապրող հերոսների կյանքի դժվարությունների, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական խնդիրների մասին պատմող “Շքամուտք” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կկայանա շուտով, իսկ մինչ այդ BRAVO.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ:
Շանթ Հովհաննիսյանի եւ Բադիի առաջին հանդիպումը
Ֆիլմը կազմված է “Մի գնա”, “Ընկերներ”, “Ժամադրություն”, “Դռան թակոց”, “Սպիտակ ժապավեններ” հինգ նովելից: Պատմությունների հեղինակներն են Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբանդյանը, Կարինե Խոդիկյանը եւ Հարություն Հարությունյանը: Կարճամետրաժ կինոնովելները շաղկապվել ու դարձել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որի հերոսների կյանքում առանցքային են 1990-ականները` որպես պատճառ ու հետեւանք:
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Սարգսյանը, որը կարճամետրաժ “Ծաղկազարդ” ֆիլմից հետո կներկայացնի իր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը, մեզ հետ զրույցում պատմել է, որ Հովհաննես Թեքգյոզյանի “Դռան թակոց” նովելից հետո գրվել են մյուս պատմությունները, իսկ ֆիլմի “կարմիր թելը” երեւանյան մի շքամուտք է.“Կարծում եմ` դիտողին հետաքրքիր կլինի ոչ միայն նոստալգիկ առումով, այլեւ մարդկանց ճակատագրերի մասին պատմություններով: Ընտրվել են հին կահավորանքով բնակարաններ, այդ ժամանակաշրջանի շունչը հանդիսատեսը կզգա”:
"Շքամուտք" ֆիլմի նկարահանումներին
Լուսինեն շուրջ 12 տարի աշխատում է հայկական կինոարտադրության ոլոտում, նրա խոսքով` դերասաններից շատերին է ճանաչում եւ նրանց ընտրելու խնդրի առջեւ չի կանգնել: Ֆիլմը արտադրել է “Արեմակ” կինոընկերությունը.“Մենք շատ մեծ եկամուտ ունենալու մասին չենք մտածում, բայց քանի որ կինոն արտադրանք է, այն պետք է վաճառվի, հուսով ենք` կոմերցիոն հաջողություն կունենա: Եթե հանդիսատեսը հավանի, ֆիլմը ստեղծագործական ու արտադրական առումներով արդարացված կլինի”:
Դերասանական կազմում են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Բաբկեն Չոբանյանը, Հերմինե Ստեփանյանը, Արշավիր Փանոսյանը, Աննա Հարությունյանը, Ռուբինա Ռուբենը, Աշոտ Դիզակը, Լարիսա Ղեւոնդյանը, Արմեն Համբարձումյանը, Վարշամ Գեւորգյանը, Սաթիկ Հախնազարյանը, Շողեր Գրիգորյանը, Հռիփսիմե Սարգսյանցը, Լիլի Վարդանյանը եւ շատ ուրիշներ:
"Շքամուտք" ֆիլմի նկարահանումներին
Մասնագիտությամբ դերասանուհի, բայց որպես հաղորդավարուհի հայտնի Հերմինե Ստեփանյանը հղի կնոջ կերպարում է, սակայն փակագծերը բացենք եւ հայտնենք, որ նկարահանման ժամանակ նրա առաջնեկն արդեն ծնվել էր.“Նկարահանող խմբից շատերը մտածում էին, թե իրականում հղի եմ, ես էլ իմ կերպարի մեջ էի:): Դերասանի հմտությունը շատ կարեւոր է, բայց մայրությունը երեւի թե այն միակ երեւույթն է, որի իմիտացիան բնական չի լինի. եթե ես նախքան նկարահանվելը հղի չլինեի, նույնիսկ ձեռքս փորիկին դնելն ինքնաբերաբար չէր ստացվի: Հինգ օր նկարահանման հրապարակում եմ եղել, երեխային բերում էին ինձ մոտ, կերակրում էի, տանում էին”:
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտն ավարտած հաղորդավար-դերասանուհին իրեն ավելի հոգեհարազատ է համարում էկրանը, քան թատրոնի բեմը, “Շքամուտք”-ով էլ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մեկնարկն է տվել.“Այնքան հաճույքով էի աշխատում, որ պատրաստ էի ողջ օրը մնալ նկարահանման հրապարակում: Ինձ դուր էր գալիս ստեղծագործական ողջ ընթացքը: Ֆիլմն ավարտվում է հույսի լավատեսական նոտայով, որովհետեւ այդ տարիներին մարդիկ երեխաներ էին ունենում` հավատ ունենալով ապագայի նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ լավ ֆիլմ է լինելու, թեեւ ես էլ նկարվել եմ, բայց կփորձեմ սառը դատել եւ որպես օբյեկտիվ կինոսեր դիտել”:
Արթուր Կարապետյանը եւ Աննա Հարությունյանը` "Շքամուտք" ֆիլմի նկարահանումներին
“Գոյ” թատրոնի դերասանուհի Աննա Հարությունյանը “Ժամադրություն” նովելում մարմնավորում է դեղատան աշխատակցուհու.“Հետաքրքիր, համեստ, բայց կատակասեր աղջկա կերպարում եմ: Նման աղջկա առաջին անգամ էի մարմնավորում եւ այն էլ այնպիսի խաղընկերոջ հետ, ինչպիսին Արթուր Կարապետյանն է: Նկարահանող խմբի բոլոր անդամները չափազանց դրական էին տրամադրված գործին, ինչը նպաստում էր, որ նկարահանումն անցներ թեթեւ ու սահուն”, - նշել է նա:
“Մեկ մուտք, մեկ քաղաք, մեկ մոլորակ” կարգախոսով ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, այն մեծ էկրան կբարձրանա, հավանաբար, ապրիլի վերջին:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է “Շքամուտք” ֆիլմի անձնակազմը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: