×


Արփի.«Մեր կյանքը երկու մասի է բաժանվել»

Նախորդ տարվա հուլիսին «Hayway» խմբի մեներգչուհի Արփի Շահնուբարյանը եւ հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանը ծնողներ դարձան: R.P.-ն դստեր` Արեւիկի առաջին լուսանկարահանումը վստահեց BRAVO.am-ին, այսօր էլ պատմել է, թե ինչպես են նշել աղջնակի մեկամյակը:

Արփին` ամուսնու հետ


Ամուսիններն առաջնեկի ծննդյան օրը նախընտրել են անցկացնել Աղվերանում, որտեղ էլ օրեր անց ելույթ են ունեցել իրենց բենդի հետ.«Փորձը ցույց է տվել, որ 1-ամյա երեխան չի գիտակցում, թե ինչ է կատարվում, անհանգիստ է լինում եւ անդադար լաց լինում: Մենք որոշեցինք մեկնել քաղաքից դուրս, հիանալի ժամանակ անցկացրինք, լավ հանգստացանք, երեկոյան էլ փոքրիկ խնջույք կազմակերպեցինք, եւ աղջիկս փչեց իր առաջին մոմը»,-ասել է երգչուհին: 

Տոնական աքսեսուարների հարցում Արփին նախընտրել է կարմիրի ու դեղինի համադրությունը.«Գույները պատահական չեն. իմ աղջիկն իսկական բոցավառվող արեւ է, դրա համար էլ արեւի գույներն եմ ընտրել:)»:

Արեւիկը դարձել է 1 տարեկան


Երգչուհին նշել է, որ իրենց կյանքը երկու մասի է բաժանվել` մինչ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դրանից հետո:).«Երջանիկ կին եմ, քանի որ լավ անցյալ ունեմ, հիանալի ներկա ու վստահ եմ՝ մեզ դեռ շատ լուսավոր ապագա է սպասվում: Սա ուրիշ աշխարհ է, որ բառերով նկարագրել չի լինի. ով երեխա ունի, ինձ կհասկանա: Ցավոք, զբաղված առօրյայի պատճառով չեմ կարողանում ամեն պահ աղջկաս կողքին լինել, բայց ամեն ինչ անում եմ ամեն մի ազատ րոպեն նրա հետ անցկացնելու համար: Բոլոր հնարավոր վայրերը տանում ենք մեզ հետ: Շատ մարդամոտ ու ժպտերես երեխա է, անգամ անծանոթներին ուրախ ժպտում է, իսկական իր անվան հոմանիշն է:)»:

Անքուն գիշերներն ու երեխայի խնամքի հետ կապված մյուս դժվարությունները չեն վախեցրել Արփիին.«Կարծում եմ` ուժեղ մամա եմ: Հիվանդագին չեմ ընդունում բարդությունները՝ գիտակցելով, որ բոլորն էլ անցել են դրա միջով: Մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ վերջինը: Հուրախություն մեզ` հեշտ հաղթահարեցինք առաջին տարին»:

Արեւիկը դարձել է 1 տարեկան


Երաժիշտների ընտանիքի ամառային հանգիստն Աղվերանով չի սահմանափակվի. «Ծովի սիրահար ենք, բացի դա, երեխային ծովի ջուրն ու արեւը շատ օգտակար են: Օգոստոսին ծովափնյա որեւէ երկիր կգնանք, դեռ հարմար տարբերակ ենք փնտրում, որ ճանապարհը հարմար լինի, ինքնաթիռում շատ ժամանակ չանցկացնենք: Գուցե Բուլղարիա մեկնենք»:

Խոսելով ստեղծագործական կյանքից՝ Արփին նշել է, որ աշնանը նորություններով հանդես կգա.«Բենդի հետ հիանալի մի շարք ծրագրեր ունենք, որոնք այժմ կյանքի կոչվելու ճանապարհին են: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, նոր կխոսենք դրանց մասին: Չենք բարձրաձայնում, որ մեր գաղափարները չգողանան: Համերգի հրավեր ունեմ ԱՄՆ-ից, սեպտեմբերին նոր տեսահոլովակ եմ նկարահանելու, նաեւ նոր ֆոտոշարք եմ պլանավորում»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփիի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW