Արփի Շահնուբարյանը շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը մայրանալուց հետո իր առաջին աշխատանքն է։ Դեռ հղիության ընթացքում երգչուհին ցանկանում էր «Գանձեր» ձայնասկավառակում ընդգրկված իր սիրելի հայկական երգերից «Թամզարա»-ն էկրանավորել. «Այն համարվել է հարսանեկան կատակ երգ-պար, որում կա սեր եւ ուրախություն: Երգում եմ հենց ժողովրդական տարբերակով, բայց նոր գործիքավորմամբ եւ ոչ այն ձեւաչափով, որը հայտնի է Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ»։
Արփին` «Թամզարա» տեսահոլովակի նկարահանումներին
Ռեժիսորի դերը ստանձնել է երաժիշտ ԴերՀովան, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, զգեստների դիզայներն` Արամ Նիկոլյանը.«Իմ ոճը մոդեռնի ու հնի միախառնումն է, իսկ վերջին կերպարում շեշտադրված է հայ կնոջ ուժն ու խրոխտությունը։ Ինձ համար հայ կինը միշտ ուժեղ է, կարծում եմ՝ Մայր Հայաստանի արձանը հայ ճարտարապետության մեջ ուրույն տեղ ունի, շատ փշաքաղեցնող ու խորհրդանշական է»։
ԴերՀովան, Արփին եւ Արամ Նիկոլյանը
Տեսահոլովակում կպարեն «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը եւ Սոֆի Դեւոյանի սաները.«Փորձել ենք պահպանել ավանդական կոլորիտը։ Սովորաբար, նման հոլովակները տաղավարում չեն նկարում, պարողների համար տարօրինակ էր, որ բնության գրկում չենք, բայց նրանց հանդերձանքն ու պարն այնքան հարուստ է, որ շաբլոն ատրիբուտների կարիք չկա։ Կներկայացվի «Թամզարա» երգը, պարը եւ խորհրդանիշերը։ Հատուկ տեսահոլովակի համար զարդերը պատրաստել է Լինա Գագիկյանը: Նկարելուց հետո հասկացանք, որ իմ նախորդ՝ «Զեփյուռի նման» տեսահոլովակից սիմվոլներ կան այստեղ, կարծես, շարունակությունը լինի»։
Արփին` «Թամզարա» տեսահոլովակի նկարահանումներին
Արփին ջազ, փոփ ու այլ ոճերին զուգահեռ կատարում է ժողովրդական երգեր, սակայն իր երգացանկում Հայաստանի մասին երգ չունի, եւ ինչպես նշում է, ցանկանում է իր հեղինակած երգը կատարել.«Երբ ինքս գրեմ, իմ պատկերացմամբ լինի, ամբողջ հոգով կզգամ ու կերգեմ։ Վերջերս պահը հասունացավ, բայց չեմ շտապում, քանի որ չեմ ուզում հերթական երգ լինի` Հայաստանին նվիրված տոներին երգելու համար։ Նաեւ ցանկանում եմ իմ հայրենի Խնձորեսկում տեսահոլովակ նկարել, ինչո՞ւ ոչ, խմբիս հետ փոքր համերգ ունենալ այնտեղ։ Մտահղացումներս շատ են, ընկերներիս հետ կփորձեմ իրականացնել»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: