×


Արփին՝ Ամանորն ընտանիքից հեռու դիմավորելու եւ երեք երեխա ունենալու ցանկության մասին

«Hayway» խմբի մեներգչուհի Արփին այս Նոր տարին առաջին անգամ անցկացրել է ընտանիքից հեռու: Նա տարեմուտին ելույթ է ունեցել Տորոնտոյի հայերի համար. «Շատ ուրախացա, որ այդքան նվիրված, հայ մնացած հայեր կան Կանադայում։ Նրանց խոսքով՝ Հայաստանի շունչն էի ինձ հետ տարել։ Ուղիղ կեսգիշերին երգեցի «Թամզարա»-ն, բոլորը պարում էին, այդ տեսարանից պարզապես փշաքաղվել էի: Հաճույքով կատարեցի հայկական ու արտասահմանյան տարբեր ոճերի երգեր»:

Արփին


Երգչուհու ամուսինը՝ հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանը, եւ դուստրը Նոր տարին դիմավորել են առանց նրա.«Երաժիշտների գալը չստացվեց, այս անգամ առանց խմբի մեկնեցի։ Հունվարի 1-ին վերադարձա, ուզում էի հնարավորինս շուտ տուն հասնել, որ երեխայիս նվերները հասցնեմ։ Թեեւ Արեւիկը դեռ ամբողջովին չի գիտակցում Ձմեռ պապի խորհուրդը, բայց նվերներից ուրախանում է»։

Արփին նախատեսում է այս տարի ակտիվ աշխատել «Hayway» խմբի հետ. «Լայնածավալ համերգ դեռ չենք ունենա, բայց փոքր դահլիճներից կսկսենք, որ մեծերին հասնենք։ Ուզում ենք ակումբների սահմաններից դուրս գալ. մեր երաժիշտներին արդեն չի հետաքրքրում հայտնի երգերի քավր տարբերակները նվագելը, ուզում ենք հեղինակային նոր գործեր ներկայացնել լսարանին, նաեւ հին հայկական երգերը նոր մշակումներով կատարել։ Մեզ ուրախացնում է, որ խումբը սիրված է, համերգներին լսում են, հետաքրքրվում են նորություններով, ինչն էլ պարտավորեցնում է, որ բարձրորակ երաժշտություն մատուցենք։ Նախատեսում ենք տեսահոլովակ նկարել, բայց երգը կընտրենք մի քանի ձայնագրությունից հետո։ Փետրվարին խմբով ելույթ կունենանք Մոսկվայում, ամռանը հրավեր ունենք նաեւ Բոստոնից, բայց հստակ չէ։ Կանադայում առաջին ելույթս էր, եւ նրանց լավ արձագանքից հասկացա, որ վերջինը չի լինելու»։

Արփիի ամուսինն ու դուստրը


Մանկության տարիներին Արփին Արցախի ազատամարտը տեսել ու զգացել է իր մաշկի վրա, նրա ամենամեծ ցանկությունն է՝ խաղաղությունը. «Ինձ թվում է՝ բոլորս ենք ուզում խաղաղ Հայաստանում ապրել, նաեւ շատ բալիկներ ունենալ։ Մեր ընտանիքում դեռ համալրում չի սպասվում, բայց Աստծո կամքով, ուզում եմ երեք զավակ ունենալ։ Ամենակարեւորը՝ խաղաղ ու առողջ ապրենք»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արփին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW