×


Բեն Ավետիսյանն՝ իր առաջին տեսահոլովակում համբույրի տեսարանի եւ հերոսուհու հոնորարի մասին

Օրեր առաջ Բեն Ավետիսյանի ինստագրամյան էջում հրապարակված փոքրիկ հոլովակը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց նրա հետեւորդների շրջանում: Պարզվում է՝ այն սերիալային դերասանի առաջին երգի տեսահոլովակի անոնսն է, որն աչքի է ընկնում համբույրի տեսարանով: Երգի ու տեսահոլովակի, հերոսուհու բարդ ընտրության, ինչպես նաեւ համբույրի տեսարանի մասին Բենը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

«Երգելու ցանկություն միշտ եմ ունեցել: Կարծում եմ՝ բոլորի դեպքում էլ ժամանակ առ ժամանակ արթնանում է իրենց միջի երգիչն, ու ցանկություն են ունենում երգել: Մոտ մեկ ամիս առաջ միտք հղացավ, որ երգեմ: Իհարկե, եղել է նաեւ ժամանակ, որ ասեմ՝ ոչ, իմը չէ, դերասան եմ, թեեւ Թատերական ինստիտուտում անցել ենք երգի դասեր: Դերասանն անպայման պետք է նաեւ երգի ու պարի: Խորհրդակցեցի իմ ընկերների հետ, նրանք էլ հավանություն տվեցին մտքիս եւ քաջալերեցին»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

View this post on Instagram

A post shared by Ben Avetisyan (@ben.ave) on


Բենը նշել է, որ իր երգում զգացվում է ռուսական էստրադային երգերի շունչն ու թեթեւությունը.«Քանի որ ավելի շատ լսում եւ սիրում եմ ռուսական երգեր, որոշեցի նմանատիպ մի երգ փորձել: Կոչվում է «Թալիսման», խոսքերի եւ երաժշտության հեղինակն է իմ լավ ընկեր Ալեքսանդր Խաչատրյանը (Alex Yans Production):

Եվ ահա, անցնելով բոլոր փուլերը՝ ձայնագրություն, գործիքավորում, հերթը հասնում է տեսահոլովակին, որի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է.«Նկարահանել ենք մեկ ամբողջ օր՝ նոյեմբերի 7-ին: Սյուժեն կառուցված է սիրային թեթեւ եւ գեղեցիկ պատմության հիման վրա, սիրահարված խենթ զույգի մասին է: Կար նաեւ խնդիր ցույց տալու, որ ես հոլովակում հանդես չեմ եկել որպես դերասան, այլ հենց երգիչն եմ. այդ իսկ պատճառով կան տեսարաններ, որտեղ ակնհայտ երեւում է, որ ես եմ երգում: Վստահորեն կասեմ, որ տարբերվող աշխատանք է: Անոնսից հետո արձագանքներն արդեն իսկ շատ լավն են»:

Բեն Ավետիսյանի նոր հոլովակի նկարահանումներին


Դերասանը խոստովանել է, որ բավական բարդ էր հերոսուհու ընտրությունը. «Երգը ռուսերեն է, եւ մեր երգարվեստում համեմատաբար նոր ոճ եմ ներկայացնելու, դրա համար ցանկացա, որ հերոսուհին եւս լինի նոր դեմք, առաջարկեցի իմ ընկերներից մեկին՝ ռուսաստանաբնակ Զեփյուռ Բրուտյանին, ում մենք Զիպի ենք անվանում: Ուղարկեցի երգը, լսեց, քննարկեցինք, եւ ահա եկավ Հայաստան՝ նկարահանվելու: Այնպես չէ, որ ընկերս է, չի մերժել, հանգիստ կարող էր հրաժարվել, սակայն գաղափարը դուր եկավ Զեփյուռին»:

Նկարահանման ողջ ընթացքն, ինչպես Բենն է պատմել, անցել է շատ լավ ու դրական մթնոլորտում, փոքր-ինչ բարդ է եղել անձրեւի տեսարանը, սակայն շնորհիվ հոգատար ընկերների, լավ ռեժիսորի եւ թիմի, ամեն ինչ բարեհաջող է ընթացել, դե իսկ խաղընկերուհին նրան պարզապես հիացրել է.«Ես չեմ վիրավորում մեր դերասանուհիներին, եւ նրանք էլ են շատ լավը, սակայն Զիպիի անցած դպրոցն իմ անցած դպրոցից էլ է լավը: Նա հրաշալի զգում է խաղընկերոջը, օգնում էր ինձ ու ռեժիսորին իր մտքերով ու տաղանդով»:

Իսկ մեր հարցին՝ արդյոք բարձր է եղել Զիպիի հոնորարը՝ տեսահոլովակում նկարահանվելու համար, Բենը նշել է, որ ավելի բարձր, քան այստեղի դերասանուհիներն են ստանում նույն աշխատանքի համար:

Բեն Ավետիսյանի նոր հոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակում կա մի դրվագ, երբ երաժշտության ներքո երկխոսություն է տեղի ունենում զույգի միջեւ: Դերասանը նշել, որ երկխոսությունն ինքն է հետո գրել եւ ավելացրել, եւ որ այն երգը գրելիս չի նախատեսվել:

Հոլովակում կա նաեւ համբույրի տեսարան.«Ամենահամարձակ դրվագն է: Ոչ մի ավելորդ բան, գռեհկություն չի եղել. ամենը շատ չափավոր է ու էսթետիկ: Կան նաեւ հետաքրքիր տեսարաններ, որոնք գուցե ոմանց համար համարձակ համարվեն, ոմանց համար էլ՝ գեղեցիկ, մեկը կարող է նայել ու ժպտալ, իսկ մյուսն, օրինակ, ծիծաղել»,-պատմել է Բենն ու նշել, որ դերասանը պետք է կարողանա հանդես գալ տարբեր տեսարաններում, եւ որ հեռուստադիտողն արդեն իսկ իրեն սերիալներում տեսել է համբույրի տեսարանում:

Քննադատություններից ու խոսակցություններից չի վախենում.«Այն դերասաններից եմ, որ քննադատությունների չի արժանացել: Իմ քայլերը միշտ եղել են հստակ, մաքուր: Տեսահոլովակն այն թեթեւությունն ունի, որ դժվար թե քննադատության արժանանա: Մեր երիտասարդները շատ են լսում ռուսական նման երգեր, թող մերը լսեն, ինչո՞ւ ոչ»:

Զրույցի վերջում էլ Բենից ճշտեցինք՝ արդյոք հնարավոր է հոլովակը բարդություն առաջացնի իր անձնական կյանքւմ.«Այժմ՝ ոչ, որովհետեւ չկա, իսկ հետագայում չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Սիրող մարդը նաեւ կընդունի իմ աշխատանքն ու մասնագիտությունը»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին