×


Բրիտանական բլյուզի ծագող աստղ Բեն Փուլի համերգը Երեւանում

Երեւանում առաջին անգամ ելույթ է ունենում բրիտանացի կիթառահար եւ վոկալիստ Բեն Փուլն` իր բենդի երաժիշտների հետ։ Բլյուզ-ռոքային առաջին համերգը երեկ էր՝ “Մեցցո” ակումբում, իսկ այսօր նրանք ելույթ կունենան “Կամի”-ում։

Բեն Փուլի երեւանյան համերգին


Բրիտանական բլյուզ-ռոքի երիտասարդ ներկայացուցիչներն առաջին անգամ են Հայաստանում եւ, առհասարակ, առաջին անգամ են հանդես գալիս մեր տարածաշրջանում։ Խմբի առաջնորդ Բեն Փուլը նվագել է ճանաչված այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջեֆ Բեքը, Գարի Մուրը եւ այլք: Նա կարեւորում է իր ամենասիրելի երաժիշտներից մեկի՝ Գարի Մուրի տված խորհուրդները, վերջինս էլ նրան համարում է հիանալի կիթառահար։

Համերգից րոպեներ առաջ երաժիշտները վերջին փորձն էին անում, հարվածային գործիքներ նվագող Սեմ Վեյդը փայտիկներով պարապում էր բարձի վրա, այդ ընթացքում Բեն Փուլն էլ մեզ հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով. “Այստեղ անմիջական ու ջերմ մարդկանց եմ հանդիպում, արդեն ընկերացել ենք, եւ չեմ ուզում շուտ գնալ Հայաստանից։ Ցավոք, մեկնելու ենք կիրակի առավոտյան, հուսամ՝ շաբաթ օրը կշրջեմ հետաքրքիր վայրերով։ Բայց մինչ այդ ցանկանում ենք մեր երաժշտությունը մատուցել հայ հանդիսատեսին եւ մեր էներգիան փոխանցել”։

Բեն Փուլի երեւանյան համերգին


Բենը կիթառ է նվագում 9 տարեկանից, երաժշտական քոլեջում ուսումնասիրել է դասական, այնուհետեւ քանթրի ժանրերը, սակայն տարվել է բլյուզով՝ հանրահայտ երաժիշտներ Էրիկ Կլեպտոնի, Գարի Մուրի, Ջիմի Հենդրիքսի ազդեցության ներքո: Նա խոստովանում է, որ բլյուզ նվագելու իր ոճի վրա ազդեցություն են ունեցել երաժշտական տարբեր ուղղություններ, այդ թվում՝ ռոքը, սոուլը, մասամբ նաեւ գոսպելն ու ֆանկը: 

Երաժշտական թեմայով դաջվածքներով Բենը բլյուզը համարում է իր հոգու երաժշտությունը, ոչ միայն հիթեր է կատարում իր մեկնաբանությամբ, այլեւ գրում է հեղինակային գործեր։ Ինչպես նշում է՝ երաժշտական ասպարեզում հետք թողնելու համար հարկավոր է ներկայանալ սեփական երգերով ու ոճով։

Մարինե Հակոբյանը` Բեն Փուլի բենդի հետ


Համերգի ընթացքում տղաների նվագակցությամբ երգել է ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը, որը մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչպես է որոշվել համատեղ ելույթը.“Ես ներկա էի տղաների փորձին, տեղում մտածեցինք, որ կարող ենք հետաքրքիր իմպրովիվազիա անել, ընտրեցինք Թրեյսի Չեփմենի երգերից։ Ջազն ու բլյուզն ընկերություն են անում, մենք էլ արդեն մտերմացել ենք։ Երաժշտության մեջ տարիքն ու ազգությունն առաջնային չեն, եւ հեշտությամբ հասկանում ենք իրար։ Արտերկրի երաժիշտները միշտ իրենց պրոֆեսիոնալիզմով առանձնանում են, հատկապես Լոնդոնը երաժշտության մեջ թելադրող է”։

Բեն Փուլին իր հայրենիքում համարում են բրիտանական բլյուզի ծագող աստղ, երաժիշտը հաճախ ճամփորդում ու մասնակցում է միջազգային փառատոների, տասնյակ համերգներ ունենում բենդի հետ, Հայաստանից հետո էլ պատրաստվում է նվագել Գերմանիայում, Նիդերլանդներում, Լյուքսենբուրգում, Շվեյցարիայում եւ այլ երկրներում։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW