Ռուսաստանի ամենապահանջված եւ սիրված հումորիստներից Գարիկ Մարտիրոսյանի հետ հարցազրույց է զետեղվել "Կոմսոմոլսկայա պրավդա"-ում, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Գարիկ Մարտիրոսյանը
- "Comedy Club"-ում դեռեւս նորություններ չեն նկատվում:
- Այո, չնչին նորամուծություններ ենք կատարել, գլոբալ առումով փոփոխություն չկա:
- Իսկ ձեր հագուստները ինքնե՞րդ եք ընտրում:
-«Comedy Club»-ում պրոֆեսիոնալ ոճաբաններ են աշխատում, եւ հաղորդման յուրաքանչյուր թողարկում հագուստի առումով մեծ անակնկալ է ինձ համար: Հաղորդումը շաբաթը մեկ անգամ է եթեր հեռարձակվում, ու պետք է պահպանել ոճային թարմությունը, կրկնվել չի կարելի: Մեր ոճաբաններին երկու օրվա ընթացքում հաջողվում է 40 մարդ զգեստափոխել, դա արդեն մեծ հերոսություն է:
Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ
- Առօրյայո՞ւմ էլ եք վառ երանգների հագուստներ կրում:
- Նման ձգտում չունեմ: Չեմ կարող ասել, որ ինչ-որ յուրահատուկ բաներ եմ կրում: Կարծում եմ, նման տպավորություն է ստեղծվել, որովհետեւ մեզ հաճախ լուսանկարում են նորաձեւ ամսագրերի, թերթերի համար: Բայց մի մոռացեք՝ այդ ժամանակ մենք ներկա ենք լինում երեկույթների, շնորհանդեսների, կամ համերգների: Կյանքում ես շատ համեստ եմ հագնվում:
-Իսկ նորաձեւության մասին հաղորդում կվարեի՞ք:
- Ոչ մի դեպքում: Ես նորաձեւությունից ոչինչ չեմ հասկանում ու երբեք ինքս ինձ նորաձեւ չեմ համարել:
Գարիկ Մարտիրոսյանը
- Շատ տղամարդիկ կանանց հետ են խորհրդակցում նորաձեւության հետ կապված հարցերով: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
- Խորհրդակցում եմ, բայց ոչ 100 տոկոսով: Բայց, իհարկե, կինս իմ ամենակարեւոր խորհրդատուն է այդ հարցերում: Եթե որեւէ պատասխանատու միջոցառման եմ շտապում, նա անպայման մեծ լումա է ներդնում արտաքինիս մեջ:
- Մի քանի տարի առաջ «Comedy Club»-ը գլոբալ թարմացվեց: Ե՞րբ կլինեն նորություններ այս սեզոնի ընթացքում:
- Այդ ժամանակ նորույթների պահը հասունացել էր: Նախագիծն արդեն կանխատեսելի էր դարձել եւ շտապ հարկավոր էր որեւէ փոփոխություն կատարել: Նոր ֆորմատը դեռեւս չի հասցրել հոգնեցնել հանդիսատեսին եւ հյուրերին, դրա համար էլ չենք շտապում որեւէ բան փոխել: Կարծում եմ, մինչեւ 2014 թվականը կպահպանենք հաղորդման այս ձեւաչափը:
Մենք մշտապես հետեւում ենք ամեն տեսակի նորույթներին ու փորձում ենք նոր շունչ մտցնել մեր հաղորդման մեջ. հումորում նորույթը շատ կարեւոր է:
Գարիկ Մարտիրոսյանը
-Եթե «Forbes» ամսագրին հավատանք, «Comedy Club»-ը Ռուսաստանում ամենաեկամտաբեր հումորային նախագիծն է:
- Ուզում եմ գաղտնիք ասել: Այդ ամսագիրը հրապարակում է այն, ինչ ուզում է: Պետք չէ այդ ամսագիրը «Comedy Club»-ի ֆինանսական գործունեության հաշվետվությունը համարել: Չգիտեմ, թե որտեղից են նման գումարներ հորինում: Գուցե նրանք մասնագետներ ունեն, ովքեր նստում ու հաշվարկներ են կատարում: Բայց ինձ երբեւէ չեն զանգահարել ու հարցնել, թե որքան եմ վաստակում:
-Իսկ դուք կպատասխանեի՞ք:
- Սա արդեն այլ հարց է: Բայց իսկապես զարմանալի էր ինձ համար, երբ կարդացի, թե որքան ենք աշխատում ես ու Տիմուր Բատրուդինովը: Որտեղի՞ց են այդ թվերը: Կապ չունի` քիչ է, կամ շատ, պարզապես դա չի համապատասխանում իրականությանը, ու վերջ:
- Շատերն են կարծում, թե "Comedy Club"-ը պարզապես մեխանիզմ է, որի շնորհիվ գումար եք վաստակում:
- Վաստակած գումարից ելնելով` սկսել են կարծիք կազմել մարդու մասին: Բոլորն էլ գումար են վաստակում` վաճառողից սկսած մինչեւ ակադեմիկոս: Բայց սխալ է համարել, որ բժիշկը կամ սպորտսմենը աշխատում է միայն գումար վաստակելու համար: Նույնն էլ մեր դեպքում է:
Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ
- Այս տարի հասարակությունը քաղաքականացված է դարձել: Դա որեւէ կերպ անդրադարձե՞լ է հումորի վրա:
- Չգիտես ինչու «Comedy Club»-ն ու «Наша Russia»-ն թեթեւ ծրագրեր են համարվում, բայց դա այդպես չէ: Մենք արձագանքում ենք այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրի բոլոր ոլորտներում:
- Անձամբ քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Միանշանակ չեմ վերաբերվում քաղաքականությանը: Ես Հայաստանի քաղաքացի եմ, իմ երկրի վերաբերյալ ունեմ կարծիքներ: Իսկ Ռուսաստանում քաղաքականությունն առօրյա բնույթ է կրում: Այստեղ չես կարող ասել` քաղաքականությունով չեմ հետաքրքրվում, հանգիստ թողեք ինձ:
- Իսկ եթե հրավիրեին քաղաքական հաղորդում վարելու:
- Երբեք չեմ համաձայնվի: Մենք հզոր մասնագետներ ունենք այս ոլորտում` Վլադիմիր Պոզներից սկսած: Դեռ շատ հեռու եմ նրանց մակարդակից: Իսկ հումորային շոու հաճույքով կվարեմ:
Գարիկ Մարտիրոսյանը
- «Прожекторперисхилтон» հաղորդումը փակվեց:
- Չեմ մեկնաբանում դա:
- Ձեր դուստրը հաճույքո՞վ դպրոց գնաց:
-Իհարկե: Շատ մեծ հետաքրքրությամբ է դպրոց գնում, սիրում է սովորել ու շփվել դասարանցիների հետ: Արձակուրդից հետո անհամբեր սպասում էր, թե երբ են սկսելու դասերը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` KP.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: