Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը վերջերս թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որում ընդգրված են ոչ թե օպերային արիաներ, այլ հայ դասական կոմպոզիտորների ռոմանսները: BRAVO.am-ի հետ զրույցում բարիտոնը տեղեկացրել է, որ CD-ում ներառված են Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները:
Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը
“Այս ալբոմը թողարկել եմ այն պատճառով, որ այժմյան խառնիճաղանջ երաժշտության մեջ նաեւ հայ կոմպոզիտորներին ունկնդրելու հնարավորություն լինի: Գաղափարն առաջացավ, քանի որ ծանոթներս ու ընկերներս պարբերաբար ասում էին, որ չգիտեն` ինչ սկավառակ իրենց հետ տանեն արտերկիր: ՀՀ առաջին տիկնոջը տեղեկացրի այս մասին, նա էլ խրախուսեց եւ հովանավորեց”,-պատմել է Գեւորգ Հակոբյանը:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչը նշել է, որ “Հայ դասական ռոմանսներ” ալբոմը թողարկելը ծախսատար է եղել.“Քանի որ ռոմանսները մինչ այժմ գրված էին դաշնամուրի համար եւ այդ տեսքով ներկայացնելը չէր կարող լայն մասսայականություն վայելել, հրավիրել ենք երաժիշտների, արվել են նոր գործիքավորումներ, ինչը կապված է մեծ գումարների հետ. առանց աջակցության չէի կարող նախագիծը միայնակ իրականացնել”:
Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը
ՀՀ վաստակավոր արտիստը հուլիսի 21-ին ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Նա հրավեր էր ստացել առաջին անգամ հանդես գալ Պուչինիի “Տոսկա” օպերայում Սկարպիայի դերերգով, իսկ Տոսկայի դերերգը կատարել է հայազգի անվանի օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան.“Բարդ դերերգ էր, առաջին անգամ էի կատարում եւ երկար նախապատրաստվել էի: Միգուցե կրկին հրավիրեն, քանի որ աշնանը եւ ձմռանը եւս կլինի խաղացանկում”:
Գեւորգն այժմ Իտալիայում է, որտեղ մասնակցում է միջազգային մրցույթ-լսումների. “Ժյուրիի անդամներն աշխարհի գլխավոր օպերային թատրոնների տնօրեններն են: Նրանք են կապվել այս ասպարեզում արդեն հայտնի երգիչների մենեջերների հետ եւ առաջարկել են մասնակցել լսումներին: Նպատակն այն է, որ հրավիրեն երգելու իրենց ներկայացումներին: Հաղթողների համար նաեւ սահմանել են դրամական պարգեւ”:
Օգոստոսի 2-ին նա կվերադառնա Հայաստան, օգոստոսի 12-ին էլ կմեկնի Գերմանիա` ելույթ ունենալու Վերդիի “Նաբուկո” օպերայում. բացօթյա համերգին կկատարի Նաբուկոյի դերերգը: Իսկ սեպտեմբերին երեւանյան բեմում հանդես կգա “Կարմեն” օպերայում:
Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը
Մեր հարցին, թե հագեցած օրակարգ ունենալով` կկարողանա արդյոք հանգստանալ, Գեւորգը պատասխանել է.“Եթե այս տարի էլ չկարողանամ գոնե 3-4 օր հանգստանալ, ապա կստացվի, որ արդեն չորս տարի արձակուրդ չեմ ունեցել` տարվա ընթացքում մի քանի նոր օպերաներ, նոր պայմանագրեր, Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում աշխատանք, Կոնսերվատորիայում դասավանդել եւ այլ գործեր… Դեռ երիտասարդ եմ, դիմանում եմ, բայց կփորձեմ մինչեւ Գերմանիա մեկնելս հանգստանալ”:
Երգիչը նաեւ նախագծում է ռոմանսների հիման վրա տեսահոլովակներ ներկայացնել. “Ուզում եմ, որ այդ երգերն ավելի ճանաչելի դառնան: Երբ գրաֆիկս մի փոքր ազատ լինի, կսկսենք նկարահանումները”:
Ի դեպ, երեկ Գեւորգ Հակոբյանի ծննդյան 34-րդ տարեդարձն էր, ինչի առթիվ շնորհավորում ենք օպերային երգչին:
BRAVO.am
Լուսանկարները` Գեւորգ Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: