×


«Լավ էլի»-ի 30-ամյակի համերգը՝ Ազատության հրապարակում

30 տարի բեմում․ «Լավ էլի»-ի եվրոպական շրջագայությունն ու բացառիկ «Երկար ալբոմը»

Հիմնադրման 30-ամյակը նշող «Լավ էլի» խումբը վերջերս է վերադարձել եվրոպական համերգային շրջագայությունից։ Խմբի համահիմնադիր, վոկալիստ, երգահան եւ կիթառահար Մհեր Մանուկյանը Bravo.am-ի հետ զրույցում պատմել է Բուդապեշտում ու Պալեզոյում ելույթների, կուլիսային հետաքրքիր միջադեպերի, ինչպես նաեւ «Գինեսի ռեկորդների գրքում» հայտնվելու հավակնություններ ունեցող իրենց նոր ալբոմի մասին։

- Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին շրջագայության քաղաքները։

- Բուդապեշտում նախկինում արդեն հաջող համերգ էինք տվել, որը կազմակերպել էր Հունգարիայի հայկական մշակութային կենտրոնը։ Պալեզոն Փարիզի հարավում գտնվող քաղաք է, որտեղ գործում է Հայ-ֆրանսիական մշակութային միությունը: Այն հիմնադրել եւ ղեկավարում է իմ ընկերը՝ Տերին։

«Լավ էլի»-ի համերգը` Ֆրանսիայի Պալեզո քաղաքում


- Ինչո՞վ էին առանձնանում համերգային հարթակները։

- Բուդապեշտում առաջին համերգը տեղի ունեցավ անմիջապես խորհրդարանի շենքի դիմաց, երկրորդը նույնպես բացօթյա էր՝ Բուդապեշտի 18-րդ թաղամասում, որտեղ անցկացվում էր ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված փառատոնը։ Պալեզոյում համերգը կայացավ տեղի թատրոնում։

- Արտերկրում համերգ կազմակերպելը տեխնիկական մի շարք մանրուքներ ունի։ Ամեն ինչ հարթ անցա՞վ, թե՞ ստիպված եղաք տեղում արագ լուծումներ գտնել։

- Հիմնականում ամեն ինչ հարթ անցավ։ Մանր հարցեր, իհարկե, միշտ էլ առաջանում են, բայց դրանք արագ լուծվում էին, եւ ընդհանուր առմամբ, ամեն ինչ սահուն ընթացավ։

«Լավ էլի»-ի համերգը՝ Հունգարիայի խորհրդարանի շենքի դիմաց


- Այս շրջագայությունից ո՞ր պահը կամ դեպքը առաջինը կհիշեք տարիներ անց։

- Մի ծիծաղաշարժ դեպք եղավ։ Բուդապեշտի խորհրդարանի դիմաց կայացած համերգի համար հունգարերեն երգ էինք պատրաստել՝ 70-ականների հայտնի հունգարական Omega ռոք-խմբի «Մարգարտահեր աղջիկը»։ Սովորեցի երգի առաջին տունն ու կրկներգը, իսկ երկրորդ տունը թարգմանեցի հայերեն։ Երկու դեպքում էլ ինձ շատ օգնեց կինս, որը հունգարերեն է սովորում։

Երգը կատարեցինք համերգի վերջում։ Հնչելուն պես հայտնվեցին ուրախ ու զվարթ հունգարացիներ, որոնք սկսեցին թռվռալ եւ բոլորին պարելու հրավիրել։ Այնքան էին հավանել, որ երբ հայտարարեցինք համերգի ավարտը, նրանցից մեկը ծնկի իջավ ու խնդրեց գոնե մեկ երգ էլ նվագել։ Չմերժեցինք. կատարեցինք եւս մեկ երգ՝ արդեն հայերեն, եւ այդպես ավարտեցինք համերգը։

- Համերգներին ավելի շատ հայե՞ր էին ներկա, թե՞ օտարերկրացիներ։

- Հունգարիայում խառը հանդիսատես ունեցանք. խորհրդարանի շենքի մոտ անցորդներ ու զբոսաշրջիկներ շատ կան։ Մեր համերգին միացան առնվազն 7-8 երկրի ներկայացուցիչներ՝ գրեթե բոլոր մայրցամաքներից՝ Լատինական Ամերիկայից, Միացյալ Նահանգներից, Ասիայից, Ղազախստանից ու Կենտրոնական Ասիայի մեկ այլ երկրից, աֆրիկյան եւ եվրոպական տարբեր երկրներից։ Շատ բազմազգ համերգ ստացվեց։ Պալեզոյի համերգին, ընդհակառակը, բացարձակ մեծամասնությունը հայեր էին։

Մհեր Մանուկյանի հարցազրույցը հունգարական Rondo հաղորդաշարին


- Լեզվական խոչընդոտ չեղա՞վ:

- Թարգմանում էի երգերի բովանդակությունը, որպեսզի քիչ թե շատ հասկանային՝ ինչի մասին ենք երգում։ Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած համերգի ժամանակ անգլախոսների մի խումբ մոտեցավ։ Առաջարկեցինք, որ նրանք, ովքեր հայերեն չգիտեն, ասեն որեւէ տառ, եւ մենք այդ տառով երգ կատարենք։ «Օ» տառն առաջարկեցին, բայց այդ տառով երգ չունեինք: Ուստի, տեղում անգլերեն երգ հորինեցինք ու կատարեցինք նրանց համար։ Շատ ուրախացան ու զվարճացան։

- 30-ամյակի շրջագայության համար ինչպե՞ս էիք ընտրել երգացանկը: Ավելի շատ հին ու սիրված երգե՞ր էիք ընդգրկել, թե՞ նոր ստեղծագործություններն էլ իրենց տեղն ունեին։

- Երգացանկը փորձել էինք կազմել այնպես, որ ներառված լինեն նաեւ երգեր, որոնք կարելի է լսել՝ առանց հայերեն իմանալու։ Ընդգրկել էինք ե՛ւ հին, ե՛ւ նոր երգեր, ու հավասարակշռված երգացանկ էր ստացվել:

«Nemra» խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը՝ «Լավ էլի»-ի 30-ամյակի համերգին


- Ինչպիսի՞ն էր հոկտեմբերի 3-ի երեւանյան համերգը: Ի՞նչ էներգիա փոխանակեցիք տեղի հանդիսատեսի հետ։

- Ֆանտաստիկ էր։ Ջերմ ու արձագանքող հանդիսատես էր հավաքվել, եւ իսկական ծննդյան տոնակատարություն ստացվեց՝ ինչպես վայել է: Շատ հավես ու հաճելի էր։ Բոլորս շատ ուրախացանք։

Հրավիրյալ երաժիշտներ ունեինք, որոնք սիրով համաձայնեցին մեզ հետ կատարել «Լավ էլի»-ի երգերից։ Բեմ բարձրացան Վանաձորի «Clocker» խմբի ընկերները, Վանը՝ «Nemra»-ից, yellowheart.-ը, Արիկը՝ «Բամբիռ»-ից, իսկ Արմինե Հայրապետյանը եկավ՝ «Արեւին, արեւին»-ը կատարելու։ Հույս ունեմ՝ որևէ մեկին չեմ մոռացել։ Համագործակցության շատ լավ օրինակներ ցույց տվեցինք, եւ կարծում եմ՝ հանդիսատեսը շատ հավանեց։

Արմինե Հայրապետյանը՝ «Լավ էլի»-ի 30-ամյակի համերգին


- Իսկ այս համերգին անսպասելի պահեր եղա՞ն:

- Մի հետաքրքիր թյուրիմացություն եղավ։ «Բիս»-ի համար երգեր էինք պատրաստել, բայց համերգի ավարտին, երբ հաջողություն մաղթեցինք ու իջանք բեմից, սպասում էինք, որ մեզ կրկին բեմ կհրավիրեն։ Ոչինչ չլսեցինք եւ մտածեցինք՝ երեւի չեն ուզում, որ վերադառնանք: Հետո պարզվեց՝ հանդիսատեսը նույնիսկ նեղացել էր. ասում էին՝ շատ են կանչել ու վանկարկել։ Մենք նրանց չէինք լսել, նրանք էլ չէին կարողացել մեզ հասցնել իրենց ձայնը։ Այդպես 30-ամյակի համերգը մնաց «անբիս»։

«Լավ էլի»-ի 30-ամյակի համերգը՝ Ազատության հրապարակում


- Հոբելյանական տարին դեռ չի ավարտվել։ Ի՞նչ ծրագրեր ունեք մինչեւ տարեվերջ։

- Փորձելու ենք համերգաշարը շարունակել առնվազն մինչեւ տարեվերջ։ Պետք է միջոցներ գտնենք, քանի որ այս տարի մեր բոլոր համերգները հանդիսատեսի համար անվճար են եղել. միակ բացառությունը Ֆրանսիայի Պալեզոյի համերգն էր, որտեղ ստիպված էինք տոմսեր վաճառել՝ դահլիճի ծախսերը հոգալու համար։ Մնացած բոլոր համերգները նվեր են եղել մեր հանդիսատեսին, եւ ցանկանում ենք տարին շարունակել նույն կերպ։ Եթե ստացվի, կգնանք նաեւ Սյունիք, Շիրակ եւ այն մարզերը, որտեղ դեռ չենք հասցրել լինել։

Շարունակում ենք թողարկել մեր նոր ալբոմը, որը կոչվում է «Երկար ալբոմ»՝ առնվազն երկու պատճառով. նախ՝ թողարկումը սկսել ենք շատ երկար դադարից հետո՝ մոտ 8 տարի անց, եւ երկրորդ՝ որոշել ենք այն շատ երկար ժամանակահատվածում թողարկել։ Երգերը թողարկում ենք մեկ առ մեկ. ալբոմից արդեն չորս երգ լույս է տեսել, եւ շուտով կներկայացնենք հաջորդը, ապա՝ եւս մեկը։ Այդպես կշարունակենք, մինչեւ երգերը սպառվեն։ Եթե բավական երկար ձգվի այս գործընթացը, գուցե եւ գրանցվենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար թողարկված ալբոմի հեղինակներ։

Զրուցեց՝ Լիանա Թեհմուրյանը
Լուսանկարները՝ «Լավ էլի»-ի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW