×


Գեւորգ Գրիգորյանը՝ առաջիկա հարսանիքի եւ բաժանվելուց հետո նման որոշում կայացնելու դժվարության մասին

Օրեր առաջ՝ Ելենա Արշակյանի 35-ամյակի օրը, Գեւորգ Գրիգորյանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ Սուսիին: BRAVO.am-ը դերասանից հետաքրքրվել է՝ ինչու էր այդ օրն ընտրել, արդյոք նախապես ծրագրել էր, եւ թե որքանով էր դժվար կրկին ամուսնանալու որոշում կայացնելը:

Պահի թելադրանքով

Նախապես չէի պլանավորել Ելենայի տարեդարձին առաջարկություն անել, հետեւաբար, ոչ ոք չգիտեր այդ մասին: Միշտ մտածում էի՝ երբ եմ անելու այդ քայլը, մի քանի տարբերակ ունեի, օրինակ՝ օգոստոսին մոտո-փառատոն է լինելու, մտածում էի՝ գուցե այդ ժամանակ: Բայց խնջույքին զգացի, որ հենց այդ պահին պետք է անեմ: Մտածում էի՝ գուցե հասցնեմ իջնել քաղաք, մատանի վերցնել, բայց ուշ ժամ էր, հաստատ չէի հասցնի:

Գեւորգ Գրիգորյանը՝ սիրելիի հետ


Նման են

Սուսիի ընտանիքին շուրջ 8 տարի է՝ ճանաչում եմ. նա քրոջս ընկերուհին է, այդպես ենք շփվել: Բաժանվելուցս հետո մայրս միշտ ասում էր՝ «բալես, ինչ ուզում ես արա, միայն նորից չամուսնանաս», բայց երբ իմացավ՝ Սուսին ա, շատ ուրախացավ, շատ-շատ: Մերոնց համար նրան հարս չեմ տանում, ինձ համար եմ կին ընտրում: Ես եւ Սուսին բնույթով շատ նման ենք, երկուսս էլ խելառ ենք:

«Ավանդական հարսանիք չեմ սիրում»

Բոլորին ասում եմ՝ Սուսին կինս է, շուտով ամուսնանալու ենք: Կարծում եմ՝ նշանադրություն չենք անի, միանգամից կամուսնանանք, հարսանիք կանենք: Մատանին արդեն հարսանիքին կլինի: Ավանդական հարսանիք չեմ սիրում… Ինձ թվում է՝ կանենք մոտոներով, հարսի զգեստով, բացօթյա որեւէ վայրում:

Գեւորգ Գրիգորյանը՝ սիրելիի հետ


«Շատ եմ ուզում հայր դառնալ»

Ամուսնալուծությունից հետո էլ չէի նայում՝ ինչ սիրուն աղջիկ է, մտածում էի՝ ինչ մայր կլինի իմ երեխաների համար, ինչպիսի ընկեր կլինի ինձ համար, որովհետեւ 40 տարի անց բոլորս էլ լինելու ենք թոռոմած ու գեշ: Վստահ եմ՝ Սուսին շատ լավ կդաստիարակի մեր երեխաներին: Արդեն 30 եմ լինում, շատ եմ ուզում հայր դառնալ:

Դժվար էր

Ամուսնության որոշում կայացնելը հեշտ չէ, հատկապես առաջին անհաջող փորձից հետո: Ինձ թվում է՝ բոլորի համար էլ դժվար է լինում երկրորդ անգամ ամուսնության որոշում կայացնելը, արդեն միայն էմոցիաներով չես առաջնորդվում, արդեն մեկ անգամ տեսել ես՝ ոնց է լինում ամուսնալուծվելը: Բաժանվելու ձեւը բոլորս էլ գիտենք, բայց պետք է մտածել՝ ինչպես անել, որ դրան չհասնի:

Գեւորգ Գրիգորյանը՝ սիրելիի հետ


«Դեռ կմնանք Հայաստանում»

Մինչեւ մոտոակումբ բացելն իսպաներեն էի պարապում, որ գնայի Արգենտինա: Մեր ակումբը 1 ամսական է, բայց արդեն Հայաստանի պատմության մեջ ամենամեծ մոտոակումբն է: Դեռ կմնանք, կզարգացնենք ակումբը, կարծում եմ՝ այն կարող է միջազգային դառնալ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին