Գնել Սարգսյանի ստեղծագործական կյանքի եւ ընտանիքի մասին BRAVO.am-ը պատմել է գարնանը: Օրերս փոքրիկ Ալեքը դարձել է 2 տարեկան: Որոշեցինք գնալ որդու համար դերասանի պատրաստած անակնկալի հետքերով: Այդ հետքերը մեզ բավական հեռու տարան: Պարզվում է` նա այժմ Ռուսաստանում է:
Գնել Սարգսյանը
“Այստեղ եմ ընկերոջս` ռեժիսոր Արմեն Միրզոյանի հետ: Մեկնելու որոշումը կայացրել եմ մի քանի ժամում եւ երկու օր անց իրականացրել: Կինս ու որդիս առայժմ Հայաստանում են, որովհետեւ չգիտեի` որտեղ եմ գիշերելու, ինչ է ինձ սպասվում... Փառք Աստծո, անգամ անծանոթ հայերը փորձում են աջակցել կացարան եւ աշխատանք գտնելու հարցում: Ընտանիքիս շատ եմ կարոտել, նրանք ինձ մոտ կգան առաջին իսկ հնարավորության դեպքում”,-ասել է Գնելը:
Մեր հարցին, թե որն է արտերկիր մեկնելու պատճառը, դերասանը պատասխանել է` հիասթափությունն ու ֆինանսական անկայուն վիճակը.“Արդեն անհնար էր դարձել թեկուզ կենցաղային հարցեր լուծելը: Չէի կարող ինձ թույլ տալ վերջին շրջանում անընդհատ ընկերներիս օգնությանը դիմել: Իսկ ինչո՞ւ դիմեմ, եթե 34 տարեկան կայացած ու հասուն մարդ եմ: Ի վերջո, բանը հասավ նրան, որ մեկնեցի”:
Գնել Սարգսյանի որդին
Նա նաեւ հետեւյալն է հավելել.“Մեր երկրի համար միշտ էլ զինվոր եմ եղել ու մնում եմ: Մեկնելս չի նշանակում, թե լքել եմ Հայաստանը. միշտ դեմ եմ եղել այդ արտահայտությանը, որովհետեւ վստահ եմ, որ ոչ մի հայ երբեք չի լքում իր երկիրը, ուղղակի ներկայում մեր մշակույթի, արվեստի, կինոյի եւ վերջապես հեռուստատեսության վիճակն այնպիսին է, որ զգացի` ուղղակի ավելորդ է այդտեղ գտնվելս: Թող ոչ ոք չմտածի, թե պետք է մնայի, պայքարեի... Գիտե՞ք, թե ինչքան եմ պայքարել ու ինչ քայլերի եմ դիմել ամեն անգամ, երբ հարկ է եղել... Ինչպես ասում են` մի ծաղկով գարուն չի գա: Ես էլ, ինչպես բոլոր մարդիկ, ունեմ հոգնելու սանդղակ”:
Հետաքրքրվեցինք` հնարավոր է վերադառնա` ընտանիքի հետ տարեմուտը դիմավորելու.“Ցավոք, Ամանորին էլ չեմ կարող ընտանիքիս կողքին լինել: Որեւէ անակնկալ, իհարկե, կփորձեմ մատուցել. դա առաջին հերթին ինձ է հաճելի, բայց հեռավորության վրա որքանով կհաջողվի, չգիտեմ... Ովքեր մեղավոր են այն բանի համար, որ ես ու ընտանիքս կարոտում ենք իրար, որ ստիպված եղա գնալ երկրից, իսկ նրանք մեր երկրի ներքին ու արտաքին հարցերով զբաղվողներն են, թող վստահ լինեն, որ եւս մեկ թշնամի ունեն: Դա նրանց երբեք չի ներվի”:
Գնել Սարգսյանը` կնոջ հետ
Գնել Սարգսյանը նշում է` թեեւ զայրացած ու հիասթափված է, հայրենիքի հանդեպ իր սերը չի մարել ու չի մարի.“Մշտական բնակություն կհաստատեմ այստեղ, բայց հայրենիքս Հայաստանն է: Երբեմն, իհարկե, կայցելեմ նրան տեսության...”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գնել Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: