×


Գնել Սարգսյան.“Ես չար չեմ”

Գնել Սարգսյանը դերասան է` հանրությանը մեծամասամբ հայտնի իր մարմնավորած ոչ այնքան բարի կերպարներով :): Նա հետաքրքիր զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:

Գնել Սարգսյանը կնոջ հետ


Մասնագիտությամբ դերասան եմ: Ինձ համարում եմ նաեւ բանաստեղծ. ժամանակին ստեղծագործել եմ այս ժանրում: Հայաստանում լույս են տեսել իմ հեղինակած   “Վերջ, սկսվում  է”  եւ “Քայլ արեւին” բանաստեղծությունների ժողովածուները: Ստեղծագործություններս տպագրվել են նաեւ Միացյալ Նահանգներում:

Իմ մարմնավորած հերոսները հիմնականում չար են, դաժան ու նենգ: Իհարկե, երբեմն դժվար է կերտել բացասական կերպարներ, փորձում եմ հասկանալ նրանց, գտնել այդպիսին լինելու պատճառները, չէ որ իրենք այդ իրավիճակում ճիշտ են յուրովի, սխալ` մեր ընկալմամբ:

Գնել Սարգսյանի որդին


Խաղացել եմ հայկական առաջին հեռուստասերիալում, որը կոչվում էր “Դժբախտ երջանկություն”: Այնուհետեւ նկարահանվել եմ “Վերջին ցանկություն”, “Ո՞ւր է իմ տղամարդը”, “Եդեմի գաղտնիքները” եւ “Անծանոթը” սերիալներում:

Նոր սերիալում կամ այլ նախագծում հանդես գալու առաջարկ դեռեւս չունեմ: Եթե լինեն հետաքրքիր ու լավ առաջարկներ, կմտածեմ: Հիմա պարզապես ուզում եմ հանգստանալ այդ ամենից:

Մարտի 8-ին գեղարվեստական ֆիլմի տեսքով հետաքրքիր ու յուրօրինակ նվեր կմատուցենք մեր կանանց ու աղջիկներին. կինոկատակերգությունը կոչվում է “Վազի′ր կնոջդ մոտ”:

Գնել Սարգսյանը կնոջ հետ


Շատ տարբեր եմ բոլոր այն կերպարներից որոնց կերտել եմ: Ես չար չեմ: Իրականում բարի եմ, ամեն ինչում փորձում եմ տեսնել բարին ու գեղեցիկը:

Ապրում եմ կնոջս` Աննայի եւ որդուս` Ալեքի հետ: Կինս մասնագիտությամբ լեզվաբան է, անգլերեն եւ ռուսերեն է դասավանդել Բրյուսովի անվան լեզվաբանական քոլեջում:

Գնել Սարգսյանը կնոջ հետ


Հայր դառնալուց հետո շատ բան է փոխվել իմ մեջ, ավելի եմ հասունացել: Ցավոք, աշխատանքս այնպիսին է, որ տուն վերադառնալու ու փոքրիկիս հետ ժամանակ անցկացնելու հստակ գրաֆիկ չկա:

Ալեքը շուտով 1տարեկան եւ 3 ամսական կդառնա: Երբեք չեմ խոչընդոտի նրա ցանկացած ընտրությանը: Մի բան, սակայն, հաստատ է. ինչ էլ դառնա, ինչ էլ ձեռնարկի, պիտի իմանա թուրքերենը, ուսումնասիրի նրանց պատմությունը, որպեսզի լավ ճանաչի իր ազգի թշնամուն:

Գնել Սարգսյանը կնոջ հետ


Սիրում եմ ընկերական միջավայրում լինել. ազատ ժամանակ հավաքվում ենք, խոսում ամենատարբեր թեմաների շուրջ, փիլիսոփայում: Ցավոք, նման հաճելի հանդիպումները զբաղվածության պատճառով հաճախակի չեն լինում:

Զբաղված եմ “Ատելու չափ սիրում եմ քեզ” ներկայացման մեջ, որը բեմադրել է Անուշ Սարգսյանը: Նախորդ տարիներին այն խաղացել ենք Տիկնիկային թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ այս տարի, հավանաբար, կխաղանք “Մհեր Մկրտչյան” թատրոնում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գնել Սարգսյանի անձնական արխիվից   

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW