×


Գոհար Հարությունյան.««Միսս Արմենիա»-ի թագն արժե 2 մլն դրամ»

«Միսս Արմենիա» համահայկական գեղեցկության մրցույթին 24 հայուհիներ կմրցեն հաղթողի տիտղոսին արժանանալու համար։ Եզրափակչից հետո 24 ժամվա ընթացքում «Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպիչներին կուղարկվեն հաղթողի տվյալները։ «Միսս Արմենիա 2017» գեղեցկուհին հոկտեմբերի 18-ին կմեկնի Չինաստան՝ Հայաստանը ներկայացնելու հեղինակավոր մրցույթում։ Այս մասին BRAVO-ին հայտնել է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։

«Միսս-Արմենիա»-ի մասնակիցները


Ինչպես տեղեկացրել ենք, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած գեղեցկուհին այս մրցույթը կազմակերպում է ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։ Մասնակցում են 17-26 տարեկան չամուսնացած հայուհիները՝ ինչպես Երեւանից ու ՀՀ մարզերից, այնպես էլ Ուկրաինայից, Լատվիայից, Լիբանանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։

Մասնակիցները սեպտեմբերի 10-ից բնակվում են ՀԲԸՄ հյուրատանը, այս ընթացքում պարապում են եզրափակչի համար, նաեւ այցելել են Գյումրի, Արենի, Նորավանք, Երեւանի Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ այլ վայրեր.«Աղջիկները շատ երջանիկ են, այնպես են ընկերացել, որ ներքին թշնամություն չկա։ Կարծում եմ՝ անկախ մրցույթի արդյունքներից, նրանք ժպիտով կհիշեն նախամրցութային օրերը»։

Գոհար Հարությունյանը` դուստրերի հետ


Մրցույթն ունի երեք փուլ՝ գեղեցկուհիները կներկայանան ազգային տարազներով, լողազգեստներով եւ երեկոյան զգետներով։ Միջոցառմանը կերգեն Սեւակ Ամրոյանը, Իվետա Մուկուչյանը, Մարբեյը, նախատեսված է նաեւ աճպարարական ու պարային շոու։

Գոհարի փոխանցմամբ՝ ժյուրիի կազմը դեռեւս գաղտնի են պահում.«Միայն ասեմ, որ ես լինելու եմ ժյուրիի կազմում։ Հաղթողին ընտրելն իսկապես բարդ կլինի, որովհետեւ դժվարությամբ ենք նույնիսկ լավագույն տասնյակին ու հնգյակին առանձնացնում։ Մրցանակային ֆոնդը բավական մեծ է, հաղթողի թագն էլ արժե մոտ 2 միլիոն դրամ»:

«Միսս-Արմենիա»-ի մասնակիցները


Ինչպես նշում է Գոհարը, բնական գեղեցկությունը կարելի է կատարելագործել, բայց ոչ թե պլաստիկ վիրահատություններով, այլ զարգացնելով սեփական ոճը, ժպիտը, հայացքն ու քայլվածքը.«Աղջիկներին պարբերաբար ասում եմ, որ տարբեր գեղեցկություն ունեն, ամենակարեւորը` պիտի ճիշտ մարտավարություն կմշակեն, իսկ կհաղթի նա, ով իրեն բեմում հնարավորինս գեղեցիկ կներկայացնի։ Ցավոք, թերություններ կան, փորձերին մեծ մասն իրենց գեղեցկության ողջ պոտենցիալով չեն ներկայանում։ Պատկերացրեք, որքան դժվար է երբեք բեմ չբարձրացած մարդու համար միանգամից ճիշտ դրսեւորվել: Ինքնավստահությունը պակասում է, սակայն կան փորձառու մոդելներ, որոնք իրենց գեղեցիկ են մատուցում, ինչը երկարատեւ աշխատանքի արդյունք է։ Մեր երկրում մոդելային մրցույթների դպրոցներ չկան, եթե նույն աղջիկների հետ մեկ տարի աշխատեմ, բոլորովին այլ կերպ կներկայանան։ Միգուցե մի քանիսին առաջարկեմ մրցույթից հետո երկար պարապեն եւ կրկին փորձեն, ինչպես եղել է իմ, Անգելինա Բաբաջանյանի եւ հաղթող աղջիկների դեպքում»։

BRAVO.am
Լուսանկարները` «Միսս Արմենիա» մրցույթի էջից  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW