×


Գոհար Հարությունյան.«Անգամ եթե ինձ դատի տված լինի, մրցույթը կկայանա»

Գոհար Հարությունյանը նախաձեռնել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի վերականգման գործընթացը։ Ինչպես տեղեկացրել ենք, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած գեղեցկուհին համահայկական մրցույթը կազմակերպում է ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։

Գոհար Հարությունյանը


Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Գոհարին դատի է տվել «Միսս Հայաստան ազգային գործակալություն» կազմակերպությունը, որի ղեկավարը Կարեն Արիստակեսյանն է։ BRAVO.am-ի հետ զրույցում Գոհարը նշեց, որ դատարանից որեւէ ծանուցում չի ստացել.«Նա մեր գրասենյակ էր եկել ու սպառնում էր, որ դատի կտա: Իբրեւ թե մենք իրավունք չունենք կազմակերպելու մրցույթը, նաեւ սպառնում էր սփյուռքի փոխնախարարին։ Հետո խոչընդոտել է պետական ռեգիստրում մեր գրանցմանը։ Սա իր ձեռագիրն է, ես կռահում էի, որ սպառնալուց հետո մամուլի միջոցով ինչ-որ լուրեր կտարածի։ Բոլորն արդեն գիտեն իր աշխատելաոճը, նույն կերպ մրցույթը խլեց Արա Երնջակյանից»։

Նշենք, որ «Միսս Հայաստան» ազգային մրցույթը հիմնադրվել է 1996 թվականին՝ Երեւանում՝  Կամերային պետական թատրոնի ղեկավար Արա Երնջակյանի կողմից։

1996 թվականից հետո մրցույթը որոշակի ընդմիջումներով անցկացվել է մինչեւ 2012 թվականը։

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի փոխանցմամբ, մրցույթի անցկացումը վտանգված չէ.«Անգամ եթե դատի տված լինի, մրցույթը կկայանա, որովհետեւ արգելելու հիմք չունի։ Երբ որոշեցի հանձն առնել այս գործը, խորհրդակցել եմ Արդարադատության փոխնախարարի հետ։ Պետռեգիստրում կարող էինք «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամ գրանցել, բայց քանի որ աշխատում ենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նրանց առաջարկով գրանցվել ենք որպես «Միսս Արմենիա»։ Դատի տալու հիմքեր չունի, ամեն ինչ օրինական է, այդ առումով հանգիստ եմ։ Բացի այդ, այնպիսի մարդիկ են մեր կողքին, որ հարկ եղած դեպքում կմիջամտեն ու կաջակցեն մեր թիմին»։

Թե որ փուլում է այժմ գտնվում մրցույթը, Գոհարը հայտնել է, որ նախընտրական փուլին մասնակցելու վերջին հնարավորությունն օգոստոսի 8-ին է. կարող են մասնակցել 17-26 տարեկան չամուսնացած հայուհիները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից.«Մոտ 15 հոգի արդեն ընտրված են, նրանց կմիանան նոր մասնակիցներ։ Ի ուրախություն մեզ, լավ աղջիկներ ունենք Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից, Լիբանանից, Իրանից, Վրաստանից։ Հայտեր ունենք նաեւ մարզերից, բայց արտաքինով զիջում են, մենք էլ չենք ուզում տարբերություն դնել ու մարզերի մասնակիցներին արտոնություն տալ, այլ նպատակ ունենք արդար ընտրություն անել՝ անկախ բնակության վայրից»։

Ի դեպ, մրցույթի եզրափակչի օրը փոխվել է. այն կկայանա սեպտեմբերի 24-ին, ինչը կապված է ցուցադրման հետ.«Քանի որ ուղիղ հեռարձակումն ապահովելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը, համաձայնության եկանք այդ օրվա համար: Օրագրերը կցուցադրվեն սեպտեմբերի 10-ից, երբ սփյուռքի աղջիկները ժամանեն, քանի որ արդար չի լինի, եթե մի քանիսը հիմա երեւան, մյուսները՝ ոչ։ Այդպիսի հարցերում նրբանկատ եմ եւ ուզում եմ բոլոր մասնակիցները հավասարաչափ երեւան»։

BRAVO.am
Լուսանկարը` Գոհար Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW