×


Գոհար Հարությունյան.“Ախր երեխաներս շատ ակտիվ են…”

“Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999”, “Միսիս գլոբ 2009” տիտղոսակիր Գոհար Հարությունյանն իր դուստրերի հետ մասնակցել է ֆոտոնախագծի, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը եւ կոչ անել բոլորին հրաժարվել այդ քայլից:

Գոհար Հարությունյանը` դուստրերի հետ


Բազմազավակ մայրիկը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Երեխաների պաշտպանության օրը եւս պետք է բարձրաձայնել մեր երկրում առկա այս խնդրի մասին.“Հայերը երեխասեր են, բայց սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հանգամանքը չենք կարող անտեսել, ինչը, կարծում եմ, կապված է հայ կնոջ հանդեպ վերաբերմունքից: Այս խնդիրն արմատային է. եթե տղամարդն իր կնոջը վատ է վերաբերվում, չի ցանկանում, որ աղջիկ ծնվի եւ նույն պատմությունն իր աղջկա հետ շարունակվի: Երբ հասարակության վերաբերմունքը փոխվի կնոջ հանդեպ, այս խնդիրն էլ կվերանա”:

Այսօր Գոհարը Մելինեի, Բիայնայի եւ Մենուայի հետ այցելել է մանկական ժամանցի վայրեր, նրա խոսքով` երեխաներ դեռ հստակ չեն գիտակցում օրվա խորհուրդը եւ նվերներ էլ չեն ցանկացել.“Քանի որ ժամանակիս մեծ մասը նրանց հետ եմ լինում, հաճախ ենք միասին բացօթյա վայրեր գնում, մանավանդ հիմա արձակուրդ է, եւ չենք սպասում հանգստյան կամ տոն օրերին: Միայն վատ է, որ ճոճանակներն ու կարուսելները քիչ են, երբեմն էլ` վտանգավոր, իսկ ես, ինչպես շատ ծնողներ, վախենում եմ երեխաների անվտանգության համար”:

Գոհար Հարությունյանը` դուստրերի հետ


Նա պատմել է, որ Մենուան սիրում է քույրերի հետ խաղալ, աղջիկներն էլ ակտիվ խաղերի սիրահար են.“Տղաս մեր թաղամասում արդեն իր ընկերական շրջապատն ունի, բայց սերտ կապված է քույրերի հետ. սիրում է նրանց հավաքած լեգոները քանդել, նկարները խզբզել, ինչն իր խաղի ոճն է:): Տանը պահմտոցի, բռնոցի ու տարբեր խաղեր են խաղում: Իսկ Մելինեն ու Բիայնան հաճախ վիճում են, բայց եղբոր հետ համերաշխ են: Աղջիկներս կարող են կռվել ցանկացած մանրուքի համար, բայց առողջ ու բնական երեւույթ է”:

Մելինեն օրեր առաջ “Այբ” տարրական դպրոցում ավարտել է առաջին դասարանը, այս տարի նույն դպրոց կհաճախի նաեւ Բիայնան.“Այժմ ընդունելության գործընթացի մեջ ենք: Նա չէր ցանկանում դպրոց գնալ, քանի որ լսել էր, թե դպրոցում շատ են տանջում, բայց Մելինեի հետ մի քանի անգամ հաճախելուց հետո ոչ միայն ուզում է դպրոց գնալ, այլ շատ է ցանկանում հենց քրոջ դասարանն ընդունվել”:

Գոհար Հարությունյանը` դուստրերի հետ


Գոհարը վստահ է՝ ընտանիքում ամենից կարեւորը երեխաների առողջությունն է. “Եթե չլինեն առողջական խնդիրներ, մյուս հարցերը լուծելի են: Բայց պետք է խոստովանեմ, որ երեք երեխայի հետ ամեն անգամ տնից դուրս գալը խնդիր է, յուրաքանչյուրն ուշադրություն է պահանջում, անհանգստանում եմ, որքան էլ մյուսներին խորհուրդ եմ տալիս թեթեւ լինել:: Ես բնավորությամբ հանդարտ եմ, բայց խաղաղությունս կորցնում եմ, երբ անկառավարելի են դառնում. ախր իմ երեխաները շատ ակտիվ են. ամուսնուս գեներն են:): Բայց որքան շատ երեխաներ ունես, այնքան ուրախությունդ կրկնապատկվում է, ամեն փոքրիկ ծնողի համար պարգեւ է”:

Երեխաների ազատությունը նա չի սահմանափակում, չի ծանրաբեռնում դասերով եւ պարապմունքներով, նշում է` նրանք պետք է ազատ եւ իրենց ուրույն աշխարհայացքով ու մտածողությամբ մեծանան.“Աղջիկներս այժմ միայն պարի խմբակ են հաճախում, ամառային արձակուրդներին միգուցե տանեմ թատերական խմբակ, որովհետեւ երկուսն էլ շատ են սիրում բեմը: Շատերն են խորհուրդ տալիս, որ չանտեսեմ նրանց նախասիրությունը”:

Գոհար Հարությունյանը` դուստրերի հետ


Գոհարը հույս ունի` ամռան ընթացքում կհաջողվի հանգստանալ. նախատեսում են ընտանիքով որեւէ երկիր մեկնել.“Բայց քանի որ երեխաներս ալերգիկ են, երկար փնտրտուքների մեջ ենք, որ շատ խոնավ չլինի, շոգ չլինի, էկզոտիկ ծառատեսակներ չլինեն, հեռու չլինի եւ այլն: Հանգստի մեկնելը եւս երկար գործընթաց է”:

BRAVO.am
Լուսանկարները՝ “Բարեւ, մայրիկ” ամսագրի եւ “Մարաշլյան” ֆոտո ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW