×


Գոռ Եփրեմյանը կկրկնի՞ Միհրան Ծառուկյանի հաջողությունը

Երիտասարդ կատարող Գոռ Եփրեմյանն օրերս “Պաշտում եմ քեզ”  երգով ու տեսահոլովակով առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսին, երկրորդ տեսահոլովակի պրեմիերան էլ նախատեսում է իրականացնել աշնանը: BRAVO.am-ը զրուցել է Գոռի եւ նրա պրոդյուսերի հետ, որոնք պատմել են իրենց համագործակցության եւ հետագա քայլերի մասին: 

Գոռ Եփրեմյանը


Երիտասարդ երգիչը շոու-բիզնեսում հաստատվելու համար ընկերների խորհրդով դիմել է պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանին, եւ շուրջ երեք ամիս է` միասին են աշխատում. “Սաշան իր խորհուրդներով օգնում է ճիշտ կողմնորոշվել”:

BRAVO.am-ը հայտնել է, որ Ալեքսանդր Ստեփանյանն այլեւս չի աշխատում երգիչ Միհրան Ծառուկյանի հետ.“Քանի որ բացի շոու-բիզնեսից, նաեւ այլ աշխատանք ունեմ, ժամանակս չէր բավականացնում Միհրանի մենեջերությամբ զբաղվել, նա էլ որոշեց` եթե ադմինիստրատիվ հարցերով չեմ զբաղվելու, միայն պրոդյուսեր լինելն իմաստ չունի: Գոռի դեպքում պրոդյուսինգով եմ զբաղվում, երբեմն էլ` կազմակերպչական հարցերով, նախագծել եմ, թե ինչ ոճի երգեր է կատարելու եւ որ ուղղությամբ է առաջ շարժվելու”,-նշել է պրոդյուսերն ու հավելել, որ պայմանագիր դեռ չեն կնքել. “Բայց սա բիզնես-նախագիծ է, մենք, լինելով ընկերներ, չենք աշխատում ընկերական սկզբունքով”:

Գոռ Եփրեմյանն իր պրոդյուսերի` Ալեքսանդր Ստեփանյանի հետ


Նա մեզ հետ զրույցում պատմել է, որ ինքն է Գոռին առաջարկել ընտրել ռոմանտիկ երգչի կերպարը եւ կատարել մեղեդային երգեր.“Դեռ իրեն չեմ տեսնում 6/8 երգեր կատարելիս, բայց կյանքը ցույց կտա, թե հետո ինչ կերգի: Աշխույժ, պարային երգեր էլ կունենա, բայց հայկական ֆոլք դժվար թե կատարի: Ունի լավ նախադրյալներ հաջողության հասնելու համար` երաժշտական կրթություն, լավ ձայն, ինչո՞ւ ոչ, լավ արտաքին: Չգիտեմ` Միհրանի հաջողությունը կգրանցի, թե` ոչ… Մեզնից ոչ ոք չգիտի, Աստված տա, որ ստացվի”:

Գոռ Եփրեմյանը ծնվել է 1992 թվականին` Երեւանում, մեկից մինչեւ յոթ տարեկան ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանում, իսկ հանրակրթական դպրոց հաճախել է Երեւանում: Նա սովորել է Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնում, այնուհետեւ` 4 տարի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական վոկալի բաժնում, սակայն իր պրոդյուսերի խորհրդով դեպի շոու-բիզնես տանող ուղին սկսել է էստրադային երգերով.“Փոքր տարիքում ինձ ավելի հարազատ էր ժողովրդական, գուսանական երաժշտությունը, հիմա իմ ոճը գտել եմ էստրադայում, բայց ժողովրդականն ինձ հարազատ է”:


21-ամյա կատարողը մեկ տարի առաջ ավարտել է Աբել Աբելյանի հիմնած դերասանական ստուդիան, բայց ինչպես նշում է` սովորել է ոչ թե դերասան դառնալու, այլ բեմական կեցվածք ձեռք բերելու համար.“Սերիալներում եւ գովազդներում նկարվելու առաջարկները մերժել եմ, քանի որ առաջնայինն ինձ համար երգն է: Դասերի հաճախելն առաջին հերթին անհրաժեշտ էր, որ բեմում ու տեսախցիկների առջեւ ինձ ազատ զգամ եւ չկաշկանդվեմ: Դրական փոփոխություն զգում եմ, բայց դեռ պետք է շատ աշխատեմ. ելույթ ունենալիս մի քիչ ամաչում եմ”, - խոստովանել է նա:

Առաջին տեսահոլովակի երգի` “Պաշտում եմ քեզ”-ի հեղինակները Էդգար Ալեքսանյանն ու Գրիգոր Կյոկչյանն են, որոնք նոր երգեր են պատրաստում Գոռ Եփրեմյանի համար: Երիտասարդ երգիչն այժմ աշխատում է ակումբում, որտեղ հիմնականում երգում է շանսոն:

BRAVO.am
Լուսանկարները` Duetro ստուդիայի եւ Գոռ Եփրեմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW