×


Գոռ Սահակյանց.«Պատրաստ եմ ցանկացած դժվարության»

Նա Սահակյանցների հայտնի տոհմից է. անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թոռը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի որդին: 2012 թվականին նրան անդրադառնալու առիթը «Տիգրանի մոլորակը» սերիալիում որպես գլխավոր դերակատար հանդես գալն էր, իսկ այսօր մեր զրույցի թեման փոքր-ինչ այլ է եւ խորհրդանշական այն առումով, որ Գոռը շուտով կանցնի ծառայության Հայոց բանակում: Նա այս տարի ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, ապագայում ցանկանում է ֆիլմ նկարահանել, ժանրը` գիտաֆանտաստիկ:

Գոռ Սահակյանցը


- Գոռ, այսօր կհամաձայնե՞ս կրկին նկարահանվել սերիալում:

- Ոչ: Տարիներ առաջ հետաքրքիր ու գայթակղիչ էր այդ ամենը. ես չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում: Փորձ էր նաեւ, բայց անկեղծ` այնքան էլ չսիրեցի: Վերջերս նկարահանվեցի ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» ֆիլմում: Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ էի հանդես գալիս, այդ պատճառով համաձայնեցի: Կինոարվեստն ինձ շատ հոգեհարազատ է, ես սիրում եմ այն: Հետագայում, եթե ես նկարեմ ֆիլմ ու չստացվի, կզգամ եւ երեւի թե չեմ շարունակի: Այն մարդկանցից եմ, ովքեր ընդունում են ձախողումը. չեմ ցանկանա չստացված արտադրանք ներկայացնել, քանի որ ինքս պայքարում եմ դրա դեմ:

- Եթե ոչ ռեժիսոր,ապա՞…

- Երեւի թե ֆուտբոլիստ, կամ նկարիչ: Ես անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի երկրպագու եմ, իսկ սիրելի ֆուտբոլիստս Լիոնել Մեսսին է:

Գոռ Սահակյանցի ընտանիքը


-Աղջիկների կողմից երբեմնի շատ սիրված Գոռի սիրտն այսօր ազա՞տ է:

- Անկեղծ ասած, ժամանակները փոխվում են: Անցյալում ինձ ճանաչում էին փողոցում, ժպտում, իսկ հիմա` ոչ: Այո, հիմա իմ սիրտն ազատ է: Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի իմ երկրորդ կեսը, բայց կուզեի, օրինակ, Սոֆի Թըրներին նման լիներ:

- Ապրիլյան 4 օրերը…

- Ես հպարտություն զգացի: Շուտով կմեկնեմ ծառայության, բայց ոչ վախով: Անկեղծ ասած, երկու տարին մի փոքր երկար ժամանակ է, կնախընտրեի ավելի քիչ: Ուզում եմ անցնել այս ամենի միջով, յուրաքանչյուր դժվարության պատրաստ եմ: Խնդիրը միայն ժամանակն է:

- Հայ ռեժիսորներից ո՞վ է քո սիրելին:

- Երեւի թե Հենրիկ Մալյանը, որի ֆիլմերը պարբերաբար դիտում եմ` հիմնականում էպիզոդներ: Հավանում եմ նրա բոլոր ֆիլմերը, բայց ավելի շատ՝ «Եռանկյունի»-ն: Այսօր հայկական կինոն գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Դրա առաջնային պատճառը ֆինանսն է, նաեւ կրթվածության մակարդակը, աշխարհընկալումը: Կինոյի խնդիրները շատ են, եթե իմանայի դրանց լուծումը, ապա ինքս էլ կնկարեի որակյալ ֆիլմեր:

Դավիթ Սահակյանցը` որդիների` Գոռի եւ Ռոբի հետ


- Հայկական վերջին ֆիլմը, որ դիտել ես:

- «Սկոտչ եւ վիսկի»: Անկեղծ ասած` այնքան էլ չեմ հավանել, քանի որ կերպարները լավ բացված չեն, աղքատ սցենար եւ իրավիճակներ են, չկան տեքստային հետաքրքիր հումորներ: Կատակերգությունն էլ ունի իր ուրույն կանոնները:

- Եթե ապագայում ֆիլմ նկարես, կա՞ն հայ դերասաններ, որոնց խաղը հավանում ես եւ կցանկանաս համագործակցել:

- Ներկայիս հայ դերասաններից սիրելի դեռեւս չունեմ: Միգուցե չեմ հետեւում, այդ պատճառով էլ չգիտեմ, թե ում կընտրեմ, բայց հիմքում կլինի ֆիլմի սցենարը, որի միջոցով էլ կընտրեմ իմ հերոսներին: Եթե Հայաստանում չկարողանամ գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարել, ապա կնկարեմ ալյա «օուշեններ»՝  խաբեության ժանրում:

Զրուցեց Գայանե Թադեւոսյանը/Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Սահակյանցի արխիվից եւ «Մարաշլեան» ֆոտո-ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW