Գվիդո Արջենտինիին (Guido Argentini) Հայաստանում քչերը գիտեն, սակայն հաճախ հենց նրա աշխատանքներն են հայտնվում “Vogue”, “Marie Claire”, “Playboy” եւ հայտնի այլ ամսագրերի էջերին: Կնոջ մարմինը քանդակի վերածող լուսանկարիչը էրոտիկ մի քանի գրքի հեղինակ է, որոնք համաշխարհային շուկայում բեսթսելերների են վերածվել: Նուդ-արտ ոճում ստեղծագործող լուսանկարիչը ծնվել է Իտալիայում: Երեք տարի սովորել է Ֆլորենցիայի բժշկական համալսարանում, հետո տարվել լուսանկարչության կրքով ու իրեն նվիրել այս աշխատանքին: Նրա օբյեկտիվի առջեւ մոդելները հեշտությամբ մերկանում են ու արտահայտում իրենց թաքուն ու ամուր պահված ցանկասիրություններն ու բնազդները: Հենց ինքը` լուսանկարիչը, ասում է, որ ամենազգայուն էրոտիկ լուսանկարները ստացվում են միայն այն ժամանակ, երբ մոդելը չի նկատում լուսանկարչի գոյությունը: Այդ լուսանկարներն էլ բացահայտում են ոչ միայն մոդելի, այլեւ դիտողի գաղտնի ցանկությունները:
Գվիդո Արջենտինին
Լուսանկարիչ Գվիդո Արջենտինին BRAVO.am-ին բացառիկ հարցազրույց է տվել եւ պատմել կնոջ գեղեցկության, էրոտիկ լուսանկարներ ստանալու եւ իր մոդելներին մշտապես սիրահարված լինելու մասին:
-Բժշկությունից` լուսանկարչություն. թռիչքը բավական մեծ է…
-Համալսարանում սովորելն ինձ համար այն երեւույթների նման է, որոնք կարծում ես, թե կյանքում պետք է պարտադիր անել: Իսկ լուսանկարչությունն իմ կիրքն է: Ես երբեք լուսանկարչական դասընթացների չեմ մասնակցել, որեւէ լուսանկարչի օգնականը չեմ եղել: Լուսանկարել սովորել եմ գրքերից ու անձնական փորձից: Լուսանկարիչ դառնալու հատուկ բաղադրատոմս չկա: Դու կարող ես դառնալ հիանալի արհեստավոր` սովորելով, թե ինչպես է շարժիչն աշխատում, իսկ լուսանկարչությունում բոլորովին այլ է: Կարող ես տիրապետել լուսանկարչական սարքի տեխնիկային, բայց ճաշակը մի բան է, որը ոչ մի տեղից չես կարող սովորել: Դու կամ տեսնում ես երեւույթները, զգում ես պահը, կամ` ոչ: Լուսանկարիչ դառնալու համար յուրաքանչյուրն իր ճանապարհն է գտնում: Այստեղ չկան «ճիշտ» ուղիներ, յուրաքանչյուրն իր «ճիշտ» ուղին ունի:
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել հենց նուդ-արտ ոճում: Ինչո՞վ գրավեց այն:
-Ես սիրում եմ նուդ-արտ ոճը, որովհետեւ այն հավերժական է, որովհետեւ ինձ հաճելի է կանանց լուսանկարել իրենց բնական վիճակում եւ ոչ թե նորաձեւ հագուստներ ցուցադրելիս: Իմ լուսանկարները կանանց դիմանկարներ են:
Գվիդո Արջենտինիի աշխատանքներից
-Մարմինն ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար: Ի վերջո` մարմի՞ն, թե՞ հոգի:
-Երկուսն էլ կարեւոր են, չնայած` մարմինն ինձ համար պակաս կարեւոր է: Միտքն ու բանականությունն ավելի կարեւոր նշանակություն ունեն: Կանանց սիրում եմ լուսանկարել ավելի շատ նրանց հոգու, քան մարմնի համար:
-Կնո՞ջ, թե՞ տղամարդու մարմինն է Ձեզ ավելի շատ գրավում: Մոդելները հե՞շտ են Ձեր առջեւ մերկանում:
-Ես սիրում եմ կանանց եւ նախընտրում եմ հենց նրանց էլ լուսանկարել, որովհետեւ նրանք ավելի բարդ հոգեբանություն ունեն, քան տղամարդիկ: Վերջիններս ավելի պարզ են: Լավ նուդ-արտ լուսանկար ստանալու համար պետք է կարողանալ այնպես անել, որ կանայք վստահեն քեզ եւ հանգստանան քո տեսախցիկի առջեւ:
-Գուցե հարցս տարօրինակ հնչի, բայց եղե՞լ են դեպքեր, որ նկարահանումների ընթացքում սիրահարվեք մոդելին:
-Միշտ այդպես էլ լինում է: Դու պետք է սիրահարվես բոլոր այն կանանց, ում նկարում ես: Սիրահարվածությունդ պետք է տեւի նկարահանման սկզբից մինչեւ վերջ: Երբ սիրահարված ես կնոջը եւ նրան լուսանկարում ես, մտերմության ու կապի շնորհիվ միշտ լավ լուսանկարներ են ստացվում:
Գվիդո Արջենտինիի աշխատանքներից
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ֆոտո-նախագծերի մասին: Նկատելի է, որ կնոջը տարբեր տեսանկյուններից եք դիտարկել: Ի՞նչ փոփոխություններ է կրել կինը:
-Այս տարիների ընթացքում իմ լուսանկարչության նպատակն է եղել բացահայտել կնոջ մարմնի տարբեր երանգները: Առաջին գրքում` «Արծաթե աչք»-ում (Silvereye), կնոջ մարմինը գլխավոր առարկան է, իսկ դեմքը քողարկված է, որպեսզի ցույց տամ կնոջ մարմնի տարբեր ուրվագծերն ու կաղապարները: Այդ դեպքում ես ավելի շատ քանդակագործ էի, քան լուսանկարիչ: Քանդակագործությունն իմ կարծիքով արվեստի մեծագույն ձեւերից մեկն է: “Private Rooms” եւ “Reflections” շարքերում ես սկսեցի ուսումնասիրել կնոջ մարմինը էրոտիկայի տեսանկյունից: Երկու գրքում էլ գլխավոր նպատակն ու թեման կնոջ գեղեցկությունն է: Այս շարքերում կանայք ամենասեքսուալ կերպարներով են` պատրաստ իրագործելու տղամարդու երեւակայության յուրաքանչյուր դրսեւորում: Դուք կարող եք տեսնել գեղեցիկ կանայք նաեւ իմ վերջին` “Shades of a Woman” շարքում: Այս դեպքում իմ նպատակն էր ցույց տալ նրանց իրենց իրական կերպարով: “Argentum”-ն իմ արծաթե շարքի վերջին հավաքածուն է: Կնոջ գեղեցկության նկատմամբ իմ վերաբերմունքն այս տարիների ընթացքում նույնն է մնացել` ցույց տալ այն, սակայն ամեն անգամ շեշտը դնել որեւէ առանձնահատուկ տարրի վրա:
-Արծաթե հայացք գեղեցկությանը… Տեղյակ եմ, որ այս նախագիծը երկար տարիների ընթացքում է ստեղծվել:
-«Արծաթ» շարքը սկսել էի դեռեւս 1995 թվականին` Մայամիում: Երկար տարիներ աշխատել եմ այս ծրագրի վրա եւ ավարտին եմ հասցրել 2010-ին: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել պարուհիների հետ եւ լուսանկարել նրանց մարմինները:
-Ձեր լուսանկարները լի են էներգիայով, անկեղծությամբ ու կրքով…
-Ես միշտ նկարում եմ եւ երբեք չեմ իմանում` ինչպիսի հույզեր են մարդիկ դրանցից ստանում: Ձեզ համար դրանք էներգետիկ են, անկեղծ եւ կրքոտ, մյուսների համար հնարավոր է բոլորովին այլ լինեն:
-Իսկ ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:
-Ամեն ինչ: Յուրաքանչյուր լուսանկար, որը ես արել եմ, յուրաքանչյուր պահ, որը որսացել եմ, արտացոլում են այն ամենն, ինչը տեսել եմ իմ կյանքի տարիների ընթացքում: Ֆիլմեր, որոնք դիտել եմ, նկարներ եւ քանդակներ, որոնք բախտ եմ ունեցել տեսնել թանգարաններում, օվկիանոսի ալիքները, մանկան ժպիտն ու կնոջ արցունքները... Ամեն ինչ ոգեշնչման աղբյուր է, եթե գիտես` ինչպես լսել նրանց: Ի վերջո, սերը, որը յուրաքանչյուր արվեստագետի ներշնչման աղբյուրն է:
-Յուրաքանչյուր լուսանկար պատմություն է: Ի՞նչ պատմություններ են ներկայացնում Ձեր աշխատանքները:
-Դրանք մի մեծ ֆիլմի փոքրիկ հատված են: Իմ նպատակն է պատմություն ներկայացնել: Մի կադրով ինչ-որ բան պատմելը հեշտ աշխատանք չէ: Դու չունես շարժում, չունես բառեր, երաժշտություն, չունես բոլոր այն տարրերը, որոնք ունի ֆիլմի ռեժիսորը:
Լուսանկարչության ամբողջ հմայքն այն է, որ ամեն ինչ թողնում ես դիտողի երեւակայությանը: Ի՞նչ է եղել լուսանկարելուց առաջ եւ հետո… այս հարցերի պատասխանները ստեղծվում են դիտողի մտքում:
-Ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում Ձեր լուսանկարները:
-Յուրաքանչյուր դիտող տարբեր ձեւ է արձագանքում: Ամեն ինչ կախված է նրանց մշակույթից եւ կրթությունից:
-Իսկ ինչպե՞ս եք ընտրում լուսանկարելու վայրը: Որտե՞ղ եք սիրում նկարել:
-Ես սիրում եմ իրական ու բնական միջավայրեր: Ստուդիայում մեկ անգամ եմ աշխատել:
Գվիդո Արջենտինիի աշխատանքներից
-Գույնե՞ր, թե՞ սեւուսպիտակ:
-Գույների հետ աշխատելն ավելի բարդ է, քան սեւի ու սպիտակի: Գույները կարող են ավելի շատ հույզեր հաղորդել, եթե գիտես` ինչպես դրանք օգտագործել: Իմ նոր գրքում միայն գունավոր լուսանկարներ են, բացառությամբ մեկ նկարի:
-Ինչո՞վ եք զբաղված հենց այս պահին: Ի՞նչ նորություններ կան:
-Հիմա իմ առաջին ֆիլմի վրա եմ աշխատում: Փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել, բայց խոստանում եմ, որ առաջիկայում Ձեզ կպատմեմ:
Զրուցեց Գոհար Արամյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գվիդո Արջենտինին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: