«Նվագախմբի երեխաները»` այսպես է կոչվում բազմասերիանոց մյուզիքլը, որը շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիում»-ի եթերում: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է PR մենեջեր Անահիտ Կասամանյանը, երաժշտական նոր նախագծի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են, ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:
Մկրտիչ Արզումանյանը` որդու` Ալիկի հետ
Մանկապատանեկան սերիալում գործողությունները զարգանում են երեւակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն եւ կամքի ուժ։
Դալիթան
PR մենեջերի խոսքով` նախագծում ներգրավված են երեխաներ, որոնք վաղուց չեն կաշկանդվում բեմից ու տեսախցիկի առջեւ կերպար ընդունելուց.«Նրանց թվում են միջազգային մրցույթների տարբեր տարիների մասնակիցներ, հեռուստատեսության, երգի ու պարի ոլորտում ձեռքբերումներ ունեցող պատանիներ, ինչպես նաեւ հանրությանն արդեն քաջածանոթ էստրադային կատարողներ, թատրոնի ու կինոյի ոլորտի դեմքեր»:
Մյուզիքլում նկարահանվում են Դալիթան, Մկրտիչ Արզումանյանի եւ Գրիգոր Դանիելյանի որդիները՝ Ալիկն ու Ալբերտոն, Աննա Մանուչարյանի դուստրը՝ Արփին, Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտը, եւ այլք:
Աշոտ Ղազարյանը` թոռնուհու` Անահիտի հետ
Անահիտ Կասամանյանը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքները սկսել են փետրվարից, քասթինգներ են արվել բոլոր երաժշտական դպրոցներում.«Նախագծի համար պետք էր, որ երեխաները ոչ միայն դերասանական տաղանդով օժտված լինեին, այլեւ ունենային երաժշտական կարողություններ, քանի որ երաժշտական հատվածները բավական շատ են: Բոլորն ընտրվել են իրենց դերասանական եւ երաժշտական կարողությունների շնորհիվ, եւ որեւէ նշանակություն չի ունեցել` հայտնի մարդու երեխաներ են, թե` ոչ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի, Վահե Մինասյանի եւ հայտնիների արխիվից


×
24,184






