×


Դավիթ Թադեւոսյան.“Ես ավելի ռոմանտիկ եմ, քան Սպոն:)”

“Իմ սիրելի թխահերը”, “Կայսր”, “Սիրահարված տաքսիստը”, “Հատուցում”, “Ոստիկաններ”, “Խաղից դուրս”, “Սպանված աղավնի”, “Գարեգին Նժդեհ”. ներկայացումների, սերիալների, ֆիլմերի այս ցանկը, որտեղ դերեր է կերտել Դավիթ Թադեւոսյանը, շարունակվում է մինչեւ “Հարազատ թշնամի”, որում այս շրջանում զբաղված է դերասանը, եւ վստահաբար կընդլայնվի, քանի որ ոչ թե նա է ընտրել այս ասպարեզը, այլ դերասանությունն է ընտրել իրեն:): Արվեստի, մարմնավորած կերպարների, ընտանիքի մասին Դավիթը զրուցել է BRAVO.am-ի հետ:

Դավիթ Թադեւոսյանը


-Հանրաճանաչ դառնալուց հետո արդյոք փոխվե՞լ է Ձեր կյանքը:

-Ազատությունս է պակասել. չեմ կարողանում շատ ազատ լինել, ինչպես առաջ էի: Բացասական երեւույթ միայն դա է, իսկ ընդհանուր առմամբ շատ դրական լիցքեր, հույզեր է ինձ տվել: Հայտնի լինելը մի մասնիկն է իմ գործի, որը միայն ճանաչվելով չի սահմանափակում, այլ նաեւ սիրվելով, գործին նվիրվելով է ապացուցվում: Եթե անգամ ճանաչված չլինեի, միեւնույն է, կզբաղվեի իմ աշխատանքով, քանի որ շատ եմ սիրում:

-Սերիալի խլած ժամանակն ի՞նչ է տալիս Ձեզ եւ ի՞նչ է վերցնում:

-Սերիալը բավական շատ ժամանակ է խլում հիմնականում նրանցից, ովքեր գլխավոր դեր են կերտում: Օրվա մեծ մասը նկարահանման մեջ եմ, ավելի շատ լինում եմ Սպոյի կերպարում, քան իմ. ժամանակս Դավիթին է խլում: Իսկապես գալիս է այնպիսի պահ, երբ ինձ կարոտում եմ: Իսկ տալիս է շատ կարեւոր մի բան` միշտ ընթացքի մեջ եմ, անընդմեջ զբաղվում եմ իմ աշխատանքով:

Դավիթ Թադեւոսյանը


-Երկրպագուհիների բանակ ունեք, խնդիրներ չե՞ն առաջանում ընտանիքում:):

-Քանի որ կինս դերասանուհի է, այդպիսի խնդիրների առջեւ չենք կանգնում. ըմբռնումով է մոտենում աշխատանքիս, ինչի համար ուրախ եմ:

-Որդի ունեք, ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները եւ ինչպիսի՞ ապագա եք ցանկանում նրա համար:

-Արեգը աշխույժ, իր տարիքի համեմատ բավական խելացի երեխա է, անգամ սկսել է ինձ անգլերեն հարցեր տալ:): Խիստ հայր չեմ. երբեմն չարաճճիություններ անում է, բայց բարկանալու առիթ չի տալիս: Ցավոք, չենք կարողանում միասին շատ ժամանակ անցկացնել. եթե այնպես է ստացվում, որ առավոտյան ազատ եմ լինում, մանկապարտեզի ճանապարհին ենք շփվում, կամ էլ երբ նկարահանումից տուն եմ գալիս, եւ դեռ քնած չի լինում: Ինձ շատ է սիրում, շատ կապված ենք, իսկ ինչ վերաբերում է ապագային, դեռ այդ ուղղությամբ չեմ մտածում: Եթե ցանկանա լինել բեմում եւ ունենա այդ շնորհքը, խնդիր չեմ տեսնի: Ամեն դեպքում պետք է պրոֆեսիոնալ լինի այն գործում, որն ընտրել է:

Դավիթ Թադեւոսյանը` որդու հետ


-Կհիշե՞ք փոքրիկի արտաբերած առաջին բառը: Հետաքրքիր ի՞նչ հարցեր է տալիս:

-Առաջինը մամա է ասել: Այնքան բազմաբնույթ հարցեր է տալիս… Իր սիրելի մուլտֆիլմերի բոլոր հերոսներին անգիր գիտի եւ երբեմն ինձ է փորձում` ճշտելու ես էլ գիտեմ, թե ոչ: Ամենազարմանալի դեպքերից մեկն այն էր, երբ մի օր շատ լուրջ ձայնով ինձ ասաց, որ դանդաղ վարեմ ավտոմեքենան. այդ ժամանակ դեռ 2 տարեկան էլ չկար:):

-Եթե չընտրեիք դերասանությունը, ո՞ր բնագավառում կփորձեիք Ձեր ուժերը:

-Անկեղծ ասած՝  այդ մասին երբեւէ չեմ մտածել: Դերասանությունը չեմ ընտրել, այդպես ստացվել է: Մինչ Թատերական ինստիտուտ ընդունվելն ինձ շատ բնագավառներում եմ փորձել. 8 մարզաձեւով եմ զբաղվել, բայց, միեւնույն է, չէի կարողանում կողմնորոշվել: Երբ հորաքրոջս տղան ընդունվեց Թատերական ինստիտուտ, 7-րդ դասարանում է սովորում, մեկ-երկու անգամ ներկա լինելով նրանց փորձերին, սկսեցի ինձ պատկերացնել բեմում, այնուհետեւ եղբայրս առաջարկեց փոքրիկ դեր խաղալ ուսանողական ներկայացման մեջ, եւ ես հասկացա, որ գտել եմ այն, ինչ փնտրում էի:

Դավիթ Թադեւոսյանը


-Ձեր խաղացած դերերից ո՞րն է ամենաարժեքավորը:

-Բոլոր դերերն էլ ինձ համար կարեւոր են եղել եւ հաճույքով եմ խաղացել, բայց կառանձնացնեմ “Գարեգին Նժդեհ” ֆիլմը, որտեղ մարմնավորում եմ իրական մարդու, իսկ դա շատ ավելի դժվար եւ պատասխանատու գործ է:

-Արվեստը Ձեր մեջ եւ Դուք արվեստում:

-Վստահ կարող եմ ասել, որ սիրում եմ եւ ինձ հոգեհարազատ է այն ամենն, ինչ կապված է արվեստի հետ: Ամեն օր ապրում եմ այդ ամենով. արվեստն իմ մեջ է, արվեստով եմ ոգեշնչվում եւ առաջ շարժվում:

Դավիթ Թադեւոսյանի ընտանիքը


-Ռոմանտիկ մարդու տպավորություն եք ստեղծել, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:

-Բավական ռոմանտիկ եմ, կարծում եմ` կինս էլ կհաստատի: Համեմատելով սերիալի Սպոյի հետ` կարող եմ ասել, որ ես ավելի ռոմանտիկ եմ, քան նա:): Սիրում եմ գժություններ անել, հետաքրքիր անակնկալներ, նվերներ մատուցել:

-Ո՞րն է եղել Ձեր ստացած ամենահաճելի անակնկալը եւ անակնկալ, որը Դուք եք մատուցել:

-Իմ կյանքի ամենամեծ նվերը տղաս է: Շատ եմ անակնկալներ արել, այնքան շատ, որ հիմա կդժվարանամ հիշել: Երբ դեռ ընկերություն էինք անում կնոջս հետ, իրենց տան մուտքն ամբողջովին ծաղիկներով է պատել:): Բնավորությանս համաձայն` նվերներ եմ մատուցում սովորական օրերին, եւ ոչ թե տոնական:

-Սերիալում երբեմն կոպիտ վարքագիծ եք դրսեւորում սիրելիի հանդեպ, իրականությունն ինչպիսի՞ն է:):

-Իրականում այդքան կոպիտ չեմ եւ չեմ կարծում, որ կնոջ հետ կարելի է կոպիտ վարվել: Երբ կա փոխադարձ հարգանք եւ սեր, յուրաքանչյուր խնդիր կարող ես հաղթահարել:

Դավիթ Թադեւոսյանը


-Ձեր եւ Սպոյի միջեւ տարբերություններն ակնհայտ են, ինչպե՞ս եք ստանում անհրաժեշտ տրամադրությունը նկարահանման հրապարակում:

-Մեր աշխատանքն է ճիշտ ժամանակին կենտրոնանալ եւ մտնել կերպարի մեջ: Կա նաեւ շատ կարեւոր մեկ հանգամանք. դերասանը պետք է կարողանա ցույց տալ կերպարի ոչ միայն վատ կողմը, այլ նաեւ ընդգծի լավը: Կարծում եմ՝ միանշանակ բացասական եւ դրական կերպարներ չեն լինում, միայն հեքիաթներում է այդպես:

-Որքա՞ն ժամանակ է հարկավոր կերպարից կերպար անցնելու համար:

-Կախված է նրանից, թե նախագծերը երբ են սկսվում եւ ավարտվում: Լինում են դեպքեր, երբ 2 օրվա մեջ պետք է կերպարանափոխվես: Այդ հարցում անհրաժեշտ է վարպետություն, որպեսզի անցումը մյուս դերին ավելի հեշտ լինի:

Զրուցեց Քնարիկ Ռաֆայելյանը
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դավիթ Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW