×


Դավիթ Սարգսյանն ամերիկյան երազանքն իրականացնելու ճանապարհին է

Դավիթ Սարգսյանին հայաստանյան հեռուստադիտողը կհիշի «Թուղթ ու գիր» եւ «Վտանգավոր խաղեր» սերիալներից: 2011թվականից Դավիթը դերասանական արվեստում փորձում է կատարելագործվել Միացյալ Նահանգներում, հասցրել է հաջողություններ գրանցել եւ մրցանակների արժանանալ, որոնց մասին էլ պատմել է BRAVO.am-ին:

Մասնագիտական առաջընթաց

Որպես դերասան՝ առաջին վարպետության դասն ունեցել եմ դեռ Հայաստանում` Պարարվեստի պետական ուսումնարանում սովորելու տարիներին: Այժմ սովորում եմ Գլենդելի հանրային քոլեջում` ստանալով դերասանի եւ պարուսույցի կրթություն: Սովորաբար մարդիկ կարծում են, թե հեշտ է դերասան դառնալը: Այո, ինչ-որ տեղ գուցե հեշտ լինի շատ տաղանդավոր մարդկանց համար, բայց որքան էլ առաջնայինը տաղանդը համարենք, միեւնույն է, կրթությունը շատ կարեւոր է: Անընդհատ կատարելագործվելու եւ կրթվելու շնորհիվ է այդ տաղանդը ճիշտ ճանապարհով զարգանում: Այստեղ կրթությանը զուգահեռ շատ կարեւոր է նաեւ նկարահանումների մասնակցությունն ու գործնական փորձը, որը դերասանին նույնպես շատ բան է սովորեցնում:

Դավիթ Սարգսյանը


Ընտանիքի մասին

Ծնողներս որեւէ կապ չունեն իմ ասպարեզի հետ: Բայց նրանց բոլոր ժառանգներն ընտրեցին բեմական ճանապարհը: Մայրս բանասեր է, հայրս՝ սպորտի վարպետ, նաեւ՝ ճարտարապետ: Մեր ընտանիքում արվեստագետներ շատ կան. հորեղբայրս ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանն է: Եղբայրներս պրոֆեսիոնալ պարողներ են. Էդուարդը Հայաստանի եւ Իսրայելի բալետի առաջատար մենակատար է, Տիգրանը Լոս Անջելեսի բալետի մենակատարն է, կրտսեր եղբայրս էլ՝ Գոռը, զբաղվում է դերասանությամբ՝ «Հեքիաթն է կանչում» մանկապատանեկան թատրոնի գլխավոր դերակատարն ու պարողն է:

«Իմ ամերիկյան երազանքը...»

Այժմ ներգրավված եմ մի մեծ ու կարեւոր նախագծում, որի մասին, ցավոք, մանրամասներ դեռ չեմ կարող պատմել, բայց, վստահեցնում եմ, հատկապես հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ կընդունի: Նաեւ մի քանի առաջարկներ ունեմ, որոնց շուրջ մտածում եմ: Այս պահին, ուսմանս եւ աշխատանքիս զուգահեռ, զբաղված եմ լսումների ու քասթինգների մասնակցելով: Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել դրան, որովհետեւ պրոֆեսիոնալ կինոգործիչների եւ դերասանների զարգացման համար ամենակարեւոր հանգամանքներից մեկն է: Այստեղ մեծ շուկայի ու ծանր մրցակցության պայմաններում հաղթում է նա, ով անդադար կատարելագործվում է ու շատ աշխատում ինքնազարգացման վրա: Չափից շատ էներգիա ու ժամանակ եմ ծախսում իմ նպատակներն ու երազանքներն իրականացնելու համար: Այո, չեմ վախենում ասել՝ իմ ամերիկյան երազանքը հոլիվուդյան մեծամասշտաբ կինոնախագծերում ներկայանալն է, աշխատելը հեղինակավոր ու հայտնի դերասանների հետ: Ես վստահ եմ, հավատում եմ, որ շատ շուտով դա իրականություն կդառնա:

Դավիթ Սարգսյանը եւ Ալինա Սմոլյերը


Ազդեցություններ

Համագործակցել եմ Discovery Channel-ի հետ, նկարահանվում եմ գովազդային հոլովակներում, ինչպես նաեւ հայ եւ օտարերկրացի ռեժիսորների ժամանակակից արվեստի նախագծերում: Իմ մասնագիտական կարիերայի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռեժիսոր Թրեյ Հալեյի «The Family Business» դրամատիկ էքշնում եւ ռեժիսոր Ռոջեր Քուպելյանի «Բյուզանդիայից արեւելք» (East of Byzantium) պատմավավերագրական ֆիլմերում խաղացած դերերս:

Մրցանակների մասին

Երեք հեղինակավոր կինոփառատոններում միաժամանակ արժանացել եմ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Best Supporting Actor) մրցանակին: Այդ փառատոններն են՝ «Festigious International Film Festival»-ը, «Los Angeles Actors Awards»-ը եւ իտալական «Oniros Film Awards»-ը, որտեղ, ի դեպ, Ալինա Սմոլյերի հետ մեր խաղի շնորհիվ (նա ֆիլմում մարմնավորում է Սիդի քրոջը՝ գլխավոր հերոսուհուն) ճանաչվեցինք նաեւ լավագույն դերասանական զույգ (Best Acting Duo):

«Կարեւորությունը մեծ է»

Այս մրցանակների ու պարգեւների կարեւորությունը շատ մեծ է: Ամերիկայում ամեն մի վկայական, ամեն մի մրցանակ իր արժեքն ունի: Ես հիմա արդեն համարվում եմ մրցանակակիր դերասան, ինչը մեծ դեր կունենա ցանկացած քասթինգի կամ լսումների ժամանակ: Իսկ վերոնշյալները դերասանների վարկանշային IMDb որակավորման հեղինակավոր փառատոններ են, որոնք մեծ ազդեցություն ունեն եւ որակավորման նոր մակարդակ են համարվում մեր մասնագիտական աճի ճանապարհին:

Դավիթ Սարգսյանը


Անձնականի մասին

Ժամանակիս մեծ մասը դեռ նվիրում եմ ինքս ինձ՝ սովորում եմ, նկարահանվում եմ տարբեր նախագծերում, դասավանդում եմ տեղի «La Imperial Dance Studio»-ում: Որոշել եմ դեռ չկենտրոնանալ անձնական կյանքիս վրա, որովհետեւ ԱՄՆ-ում առաջնայինը կայացած մասնագետ դառնալն է, հետո նոր՝ անձնականը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավթ Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW