×


Դիանա Հակոբյանի գույները կանչում են թռիչքի ու անկման

Դիանա Հակոբյանի “կանչող գույները” այս ամիս “Դալան” ցուցասրահում թռիչքների եւ անկումների յուրօրինակ տրամադրություն են հաղորդել արվեստասեր երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին: Նկարչուհու աշխատանքներն այսօր հասցրու դիտել նաեւ դու:):

Նկարչուհի Դիանա Հակոբյանը


“Գույնը կանչում է” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված է մեկուկես տարվա ընթացքում արարված 12 կտավ, նաեւ երկու վիդեո-ինստալյացիա, որոնք ավելի վաղ են իրականացվել: Յուղաներկով արված նկարների հիմքում այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումն ու նոր եւ ցանկալի աշխարհի ստեղծումն է: 

Դիանա Հակոբյանի կտավներից


Դիանա Հակոբյանի “թռիչքներն” ու “անկումները” ցուցադրվում են համանուն խորագրերով սրահներում, ինչպես նկարչուհին է BRAVO.am-ի հետ զրույցում նշել, յուրաքանչյուր աշխատանք իր մի մասնիկն է, որոնց շնորհիվ կարողանում է կյանքի կոչել նաեւ անիրականը.“Գործերս դրական, բացասական էմոցիաներ եւ զգացմունքներ են փոխանցում. անկումները պետք է առաջին հերթին դուրս հանել: Սա նաեւ ինքնակենսագրություն է, որը կընկալեն ինձ լավ ճանաչողները”:

Հեղինակի խոսքով` երբ սկսել է աշխատել “Գույնը կանչում է” շարքի վրա, կարծել է, թե նոր թեմա է հայտնաբրել իր համար.“Հետո հասկացա` թռիչքներն ու անկումները մշտապես ներկա են աշխատանքներումս”:

Դիանա Հակոբյանի կտավներից


Շարժում, արագություն, թեթեւություն, անկշռություն… Այսպես է բնութագրում Դիանա Հակոբյանի աշխատանքները ցուցահանդեսի համադրող Եվա Խաչատրյանը.“Պատկերված կերպարների “ցատկերի’’ եւ “անկումների’’ թեթեւության շնորհիվ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը: Դեռահասների կերպարները, որոնք ձուլվում են բնական կամ արդյունաբերական լանդշաֆտի հետ, ունեն ազատության, խնդության եւ հեշտության անճառ զգացում: Թվում է` հեղինակը ամրացնում է այդ ֆանտաստիկ իրականությունը հենց նրանց ետեւում: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջեւ, եւ ծնվում է վիդեո եւ լուսանկարչական տարրերով հանդերձ մի նոր գեղանկարչություն”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW