Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը BRAVO.am-ի ընթերցողներին պատմում է իտալական Թուրինի կինոփառատոնի ժյուրիում աշխատելու իր բացառիկ փորձառության մասին:
Ռեժիսոր Կանտեմիր Բալագովը, ում ոչ սինեֆիլական հանրությունն իմացավ Յուրի Դուդի յութուբյան հարցազրույցից, շարունակում է զբաղեցնել տարվա ամենալայն ճանաչում ձեռք բերած ռուսական ֆիլմի հեղինակի պաշտոնը. «Լողլողը», (ռուս. Дылда) մինչ Օսկար 2020-ի հավակնորդ դառնալը, նոյեմբերի վերջին ներգրավված էր Թուրինի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։ Այդ կերպ վերջին տարիներին Բալագովն ու Անդրեյ Զվյագինցեւը, կարծես, իրար հերթափոխելով, հայտնվում են այս կամ այն կինոհարթակում՝ ծածանելով ռուսական եռագույնը։ Եվ եթե ռեժիսոր Զվյագինցեւը ավելի շատ կենտրոնանում է ներանձնական հարաբերությունների վրա՝ օգտագործելով երկիրն ու պետականությունն ավելի հաճախ ֆոնային, ազդող, բայց զսպված կարգավիճակում (բացառություններ, իհարկե, կան՝ «Լեվիաթանը»), ապա Բալագովի դեպքում դրանք պատկերվում են ավելի հստակ, ինդիվիդուալ խաղացողի դերում։
Կադր՝ «Լողլողը» ֆիլմից
Թուրինի ժյուրիի անդամներն ու կինոքննադատները զարմանում էին՝ իմանալով հետպատերազմական դրամայի ռեժիսորի տարիքը (այժմ Բալագովը 28 տարեկան է), բայց արդյունքում գլխավոր դերասանուհիներ Վիկտորիա Միրոշնիչենկոն եւ Վասիլիսա Պերելիգինան արժանանում են Թուրինի «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ միանգամից երկուսն էլ։ Վերադառնանք Բալագովին. առաջին ֆիլմում՝ «Նեղվածք»-ում(Теснота), պատկերված իրականությունը ռեժիսորին հոգեհարազատ է եւ նա վերարտադրում է իր հայրենի քաղաք Նալչիկն ու իրեն քաջ ծանոթ 90-ականները, մինչ «Լողլողում» պատկերված եւ Երկրորդ համաշխարհայինից տուժած Լենինգրադը դիտվում է ավելի շուտ դեկորատիվ, քան՝ իրական, հնարածին եւ միստիկական։
Թե Թուրինում, թե տարվա նախորդ մեծ կինոփառատոներում երիտասարդ ռեժիսորները հաճախ չէ, որ անդրադառնում են գլոբալ, երկրի մասշտաբով կարեւոր եւ համակուլ թեմաների։ Ոչ ոք չի ցանկանում գլխից վերեւ ցատկել, կարիքն էլ չկա. այնքան շատ են գետնին կպած, ոչ եթերային թեմաները։ Անգամ մեծանուն եւ ստաժավոր ռեժիսորներից շատերը կողմ են «մեկ մարդու» պատմություններին, միայն թե հաճախ նկարահանեն, ցանկալի է՝ առանց խստապահանջ եւ ամբողջական վերահսկողությամբ պրոդյուսինգի։ Այդպես, օրինակ, Թուրինում ցուցադրվեց 90-ականներից մինչ օրս ամենահեղինակավոր կինոփառատոների մշտական մասնակից եւ հավակնորդ, ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Աբել Ֆեռարայի միանգամից երկու ռեժիսորական ֆիլմ՝ վավերագրական եւ խաղարկային, երկուսն էլ կազմված մի մարդու՝ գլխավոր հերոսի պատմությունը ներկայացնող սյուժեներից։ «Հեռարձակողը» ( The Projectionist) Կիպրոսից Նյու Յորք տեղափոխված տղամարդու մասին է, ով ամբողջ կյանքը նվիրել է նյույորքյան կինոթատրոններում աշխատելուն, եւ «Թոմասոն» (Tommaso), որտեղ Ֆեռարան, կարծես, պատկերել է իր ալտեր-էգոյին։ Էկրանային ալտեր-էգոյին մարմնավորում է արդեն ոչ միայն կինոքննադատների, այլ նաեւ լայն լսարանի պաշտելի Ուիլեմ Դեֆոն, ով ակտիվ համագործակցում է ռեժիսորի հետ վերջին տարիների ընթացքում եւ 2014-ին մարմնավորել է ոչ թե նախատիպի, այլ իրական ռեժիսորի եւ կինոլեգենդի՝ Պիեր Պաոլո Պազոլինիին՝ «Պազոլինի» կենսագրական ֆիլմում, որը գրեթե աննկատ անցավ լայն հանդիսատեսի շրջանակներում եւ առանձնապես չգնահատվեց մասնագիտական շրջանակներում։
Ուիլեմ Դեֆոն եւ Աբել Ֆեռարան
Մի քանի ժամանոց ակտիվ եւ բարդ ժյուրիական քննարկումից հետո կինոքննադատների FIPRESCI մրցանակը վերջիվերջո որոշվեց հանձնել թունիսական դրամային՝ Ֆրանսիայի եւ Քաթարի համարտադրությամբ։ «Նոռայի երազանքը» (բնօրինակ անվանումը՝ Le Rêve De Noura) առաջին հայացքից կարող է թվալ չափազանց պարզ եւ հասարակ, սակայն ինքնատիպության միտման կարիք այստեղ պարզապես չկա. թունիսաբելգիացի ռեժիսոր Հինդ Բուժեման փայլուն ռեժիսորական ընտրություն է կատարել՝ էկրանային Նոռան ֆիլմի մեխն է։ Նա ապրում է վարձով՝ իր երկու անկարգ եւ միշտ դժգոհ դեռահաս երեխաների հետ, մինչ ընտանիքի հայրը՝ գող ամուսինը, օրերն անց է կացնում բանտում։ Նոռան ունի սիրելի տղամարդ, ում հետ պլանավորում է ամուսնանալ կամ փախչել, կամ՝ երկուսը միասին, միայն թե նախեւառաջ անհրաժեշտ է ամուսնալուծվել չսիրելի եւ անպիտան ամուսնուց։ Նոռային մարմնավորում է Հինդ Սաբրին, եւ այստեղ է երեւում ռեժիսոր Բուժեմայի անսխալ ընտրության եւ վարպետաց աշխատանքի արդյունքը։ Ֆիլմի ամբողջ հոգեբանական եւ զգազմունքային նյարդն ու դրամատուրգիական ծանրաբեռնվածությունը դրված է Սաբրիի ուսերին կամ խիստ փոխկապակցված է դերասանուհու ֆիզիկական ներկայության հետ։ «Կեղտոտ ռեալիզմի» համար կատարյալ օրգանական եւ հավաստի երկխոսություններով կառուցված սոցիալ-զգացմունքային դրաման, ինչպես եւ այդ տարածաշրջանում ապրող կանայք, խեղդվում է հանրության եւ կարծրացած միջավայրի շրջանակում։ Սակայն ֆիլմն ավանդույթների եւ հարաբերությունների մասին չէ, ոչ էլ արաբ կանանց ծանր կյանքի եւ անբախտ անցյալի, չնայած՝ ե՛ւ ծանրության, ե՛ւ դժբախտության չափաբաժին այստեղ կա։ Խնդիրը շատ ավելի հստակ է՝ ընտրություն եւ ազատություն, իսկ դրան հակադարձողն ու խեղդողը դեկորատիվ է, անցումային, ոչ ստաբիլ, փոփոխման ենթարկվող։
Կադր՝ «Նոռայի երազանքը» ֆիլմից
Նոռայի պես կանայք ապրում են թե՛ Թունիսում, թե՛ ֆիլմի համաստեղծող երկիր Ֆրանսիայում, թե՛ կինոպատմությունը մեծ էկրաններին ցուցադրվող շքեղ եւ թագավորական Թուրինում, թե՛ ֆիլմին մրցանակ հանձնող ժյուրիի անդամներից մեկի հայրենիք Հայաստանում։ Մենք ունենք նմանատիպ պատմություններ ե՛ւ ուրբանիստական, ե՛ւ գյուղական՝ ավելի ճնշված եւ անելանելի միջավայրում, միայն թե խնդիրն այն է, որ մեր երկրում անգամ եթե այս տեսակ թեմաներն ու հարցերը խիստ կարեւոր ու արդի են, նմանատիպ բովանդակությամբ ազդեցիկ եւ որակյալ ֆիլմեր չեն ստեղծվում։ Կամ չեն ստեղծվում անգամ անորակները՝ դրամատիկական պարզ ֆիլմեր չկան։ Մեր ռեժիսորները, առանց մրցունակ բովանդակության, փոքր միջոցներով, չունենալով մեջքի ետեւում Ալեքսանդր Ռոդնյանսկու պես պրոդյուսերի, ինչպես Բալագովն ու Զվյագինցեւը, երազում են «լողլողների» գլոբալիստական փառքի մասին։ Այսինքն՝ հերթական անգամ ոտքը դնելով տարիներ շարունակ հարթված սխալ ուղու վրա՝ ցանկանում են քաղաքական եւ պատմական խնդիրները բարձրաձայնել խիստ միջակ եւ անմրցունակ ֆիլմերի շնորհիվ. այս ամենը նման է հետխորհրդային տարածաշրջանի միասնական բարդույթի, որտեղ «փոքր» եւ պարզ պատմությունները, ինչպես Ֆեռարայի Նյու Յորք տեղափոխված կիպրոսցին կամ Բուժեմայի Նոռան, արժանի չեն պատշաճ ուշադրության։
Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: