×


Դիզայներների խորհուրդները՝ ԱՄՆ դեսպանատան մենթորական ծրագրի ուսանողուհիներին

Ի՞նչ հագնել ու ինչպե՞ս ճիշտ հագնվել՝ այս հարցերը հետաքրքրում են առավելապես կանանց։ Երեկ «Հավանա» համալիրում տեղի ունեցավ հագուստի կանոնակարգի վերաբերյալ «Դրես կոդ» միջոցառումը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կանանց մենթորական ծրագրի շրջանակում ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնած «Դրես կոդ» միջոցառմանը


Հագուկապին նվիրված ցերեկույթին ներկա էին մենթորական ծրագրի այս տարվա շրջափուլի մասնակից մենթիները, նորաձեւության, մշակույթի եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը՝ Լի Քարթերը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ ծրագիրը կծառայի իր նպատակին, որն է՝ հայ երիտասարդ կանանց ներկայացնել ճիշտ հագնվելու արվեստը կյանքի տարբեր իրավիճակներում։

Միջոցառմանը որպես խորհրդատու ներկա էին մոդելավորողներ Լիլիթ Մարգարյանը, «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինա Դնոյանը, Արամ Նիկոլյանը, «ElSi»-ի հիմնադիր-դիզայներ Լիանա Սարգսյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի դիզայներ Լիլիթ Մելիքյանը։ Որպես մոդելներ ներկայացան մենթորական ծրագրի մասնակից ուսանողուհիները։ Առաջին հատվածում Կարինե Դնոյանը լուսանկարներով պատմեց առօրյա, բիզնես, երեկոյան ու կոկտեյլային ոճերի տարբերությունների ու նրբությունների մասին.«Ես չեմ սովորեցնելու՝ ինչպես հագնվել, յուրաքանչյուրն իր ոճն ունի, պարզապես կուղղորդեմ, թե ինչպես կարելի է համադրել հագուստն ու աքսեսուարները: Նկատել եմ, որ առ այսօր կանայք սխալ են համադրում, նաեւ ոչ մի դեպքում չի կարելի ամառային կոշիկներն ու սանդալները զուգագուլպայով կրել»։

Արամ Նիկոլյանը եւ Լիլիթ Մարգարյանը


Յուրաքանչյուր դիզայներ վարսահարդարների ու դիմահարդաների օգնությամբ կերպարանափոխել էր մեկ աղջկա՝ ներկայացնելով կոկտեյլային ու երեկոյան զգեստներ իրենց հավաքածուներից։ Մոդել-մենթիներից Մարիամ Սեյրանյանը կրում էր Լիլիթ Մարգարյանի մոդելավորած զգեստները: Նա սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում.«Ընտրվեց զգեստին համահունչ սանրվածք: Քանի որ մեր հերոսուհին երիտասարդ աղջիկ է, որոշեցինք դիմահարդարումով չմեծացնել նրան, այլ ընդգծել գեղեցիկ դեմքն ու աչքերը»,- նշեց Լիլիթ Մարգարյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը՝ Լի Քարթերը


Հավելենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը կանանց մենթորական ծրագրի իրականացումը սկսել են 2010 թվականին։ Մենթորները խորհուրդ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում են իրենց անձնական փորձը եւ օրինակ են ծառայում խոստումնալի ուսանողուհիներին։ BRAVO.am-ը լուսաբանել է 2016-2017 թվականների շրջափուլի մեկնարկը, որ շրջանակում 61 կին մենթոր ուղղորդում է 62 մենթիի. աղջիկները տարբեր բուհերի ուսանողուհիներ են, նաեւ «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի ու «Մեր տուն» կազմակերպության սաներ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW