×


Դիջեյ Vakcina. “Մինչեւ երեխայիս մեծանալը կգտնեմ իմ ապագա ամուսնուն:)”

Արուսիկ Մկրտչյանը, նույն ինքը`  դիջեյ Vakcina-ն, պատրաստվում է առաջին անգամ մայրանալ, բայց աշխատանքային դադար չի վերցրել, մեր թղթակցի հետ հարցազրույցի օրն էլ ծրագրել էր գործնական հանդիպումներ ու իր նախաձեռնած համերգի առիթով բանակցում էր գործընկերների հետ:): Նա BRAVO.am-ին պատմել է իր անձնական կյանքի մասին. թե ինչու է որոշել առանց ամուսնանալու երեխա ունենալ, ինչ խնդիրներ են իրեն հուզում եւ ինչպես է պատկերացնում իր հետագա կյանքը:

Դիջեյ Vakcina-ն


Ինձ համար հղիությունս շատ սպասված էր, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի եւ հետագայում չհղիանալու ռիսկ կար:  Չորս տարի շարունակ բժիշկների անփութության պատճառով սխալ բուժում եմ ստացել, օրգանիզմիս վնաս են հասցրել, եւ պարզվեց, որ դա կարող է մայրանալուս վրա ազդել, ուստի որոշեցի ժամանակ չկորցնել: Առողջությունս չի ներում, որ շատ երկար սպասեմ, երեխա ունենալն իմ պայծառ երազանքն է, իսկ ամուսնությունը միշտ էլ կա. կարող եմ ամուսնանալ ավելի մեծ տարիքում:

Առաջնեկս լույս աշխարհ կգա սեպտեմբերին: Բժիշկներն ասում են, որ չի կարելի այսքան ակտիվ գրաֆիկով աշխատել, եւ պատասխանատվություն կրելով երեխայի կյանքի համար` ռիսկի չեմ դիմում ու համեմատաբար կրճատել եմ աշխատանքային լարվածությունս, քանի որ հիմա բալիկս առաջին ու գլխավոր արժեքն է ինձ համար:

Տղայիս անվանելու եմ հայրիկիս պատվին` Յուրի:

Դիջեյ Vakcina-ն


Սկզբում հղիությունս թաքցնում էի: Իմ դեպքում սովորական տարբերակ չէ. առանց ամուսնանալու եմ պատրաստվում մայրանալ: Բայց նաեւ չէի կարող չխոսել, որովհետեւ աշխատանքս այնպիսին է, որ չէի կարող ինն ամիս մարդկանց տեսադաշտից անհետանալ ու հետո բոլորին ասել, որ երեխա եմ ունեցել: Չար աչքից չեմ վախենում, եթե կա տասը չար աչք, իմ դեպքում կա հարյուր բարի աչք: Բայց հղիությանս թեման չեմ ուզում շահարկել, հարցազրույցների բազմաթիվ առաջարկներ մերժել եմ, չնայած` կարող էի անընդհատ ու ամենուր դրա մասին խոսել:

Ապագա երեխայիս հոր հետ ընկերական ու ջերմ հարաբերություններ ունեմ, ռոմանտիկ հարաբերությունները չեն շարունակվում, հղիանալս էլ եղել է զուտ պայմանավորվածություն: Նրա համար հեշտ չէ պատկերացնել, որ երեխան իրենից հեռու է ապրելու, բայց ես չեմ ամուսնանա: Իհարկե, դեմ չեմ, որ հայր եւ որդի շփվեն, բայց միայն ծնվելուց հետո կհասկանանք, թե ինչպես. դա միակ հարցն է, որի լուծումը պետք է գտնենք: Ամուսնությունն ինձ համար շատ պատասխանատու քայլ է, այսինքն` համատեղ կյանքս պետք է իդեալիս հետ լինի: Ես չեմ ուզում ամուսնանալ ուղղակի ամուսնանալու համար:

Դիջեյ Vakcina-ն


Ցավոք, դեռ չեմ գտել այն մարդուն, որի հետ կկարողանամ ողջ կյանքս ապրել: Իրականում, իմ անձնական կյանքը նորմալ հունով է ընթացել, չնայած` մարդիկ մտածում են, թե կարիերիստ եւ ուժեղ կին եմ: Իմ կողքին եղել են լավ տղամարդիկ, ուղղակի չի եղել նա, որի հետ կկարողանամ ապրել մեկ հարկի տակ: Կցանկանայի, որ անձնական կյանքումս ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, չնայած` լիարժեք երջանիկ եմ իմ կյանքի բոլոր ասպեկտներում, իսկ համապատասխան մարդուն հանդիպելը ժամանակի հարց է:

Վերջերս զրուցում էի մանկական հոգեբանի հետ, որն ինձ ասաց` մինչեւ 2,5 տարեկան երեխան հոր ֆունկցիան չի ընկալում եւ վերջինիս բացակայությունը նրա համար սթրեսային չէ, ես էլ կատակով ասացի, որ մինչեւ տղայիս մեծանալը կգտնեմ իմ ապագա ամուսնուն: Ավելի լավ է հիմա երեխայիս խնամքի վրա կենտրոնանամ, որ մայրական լիարժեք ջերմություն ու հոգատարություն ստանա: Համոզված եմ` որպես մայր կկարողանամ նրան ամեն ինչ տալ, չեմ ծուլանա ու կշարունակեմ աշխատել:

Դիջեյ Vakcina-ն սեպտեմբերին որդի կունենա


Մինչ հղիանալը ծնողներիցս առանձին ապրելու մտադրություն ունեի, բայց հիմա ուզում եմ երեխայիս նրանց օգնությամբ մեծացնել. մայրս ինձ կօգնի խնամքի հարցում: Ընկերներս երեխայի համար արդեն շորիկներ են գնում, բայց մայրիկս այս հարցում սնահավատ է. ինձ խնդրեց, որ վերջին ամսում հագուստը գնեմ: Իմ լավ ընկերները պատրաստ են ինձ օգնել, արդեն գիտեմ, որ բալիկս շատ մորաքույրներ ու քեռիներ է ունենալու, ջերմության պակաս չի զգա:

Հղիությանս լուրը հայտնելուց հետո ծանոթներից ու անծանոթներից դրական այնքան մաղթանքներ ու խոսքեր եմ լսել… Անկեղծ ասած` մտավախություն ունեի, որ կարծրատիպային մտածելակերպով մարդիկ հնարավոր է քննադատեն, բայց, ի զարմանս ինձ, իմ համարձակ քայլը գովում են: Մտերիմ ընկերներս տարակուսում էին` արդյոք կհասցնեմ իմ կյանքի ռիթմը փոխել ու երեխային խնամել, բայց ընտանիքիս անդամները մեջքիս կանգնած են, ծնողներիս առաջին թոռնիկն է լինելու, ինձ ամեն հարցում կաջակցեն:

Դիջեյ Vakcina-ն


Հղիությունս նորմալ է անցնում, բայց կենսաբան լինելով, ինքս եմ բարդացնում. ամեն րոպե մտածում եմ` վա՜յ, փոշի է, վա՜յ, սննդի մեջ քիմիա չլինի… Ինչ գանգատ ունենում եմ, վազում եմ հիվանդանոց:): Բժիշկս արդեն ծիծաղում է` ասելով, որ վտանգավոր ոչ մի բան չկա, եւ տուն է ուղարկում: Նանա Վիգենովնայի շնորհիվ է, որ ես կարող եմ երեխա ունենալ. կյանքն արդեն կերել եմ, բայց նա ինձ համար կիսասրբերի շարքին է դասվում:):

Շատ դժվար է լինել ուժեղ կին, բայց իմ կյանքն այլ կերպ չեմ պատկերացնում, որովհետեւ չեմ կարող ուրիշի թելադրանքով ապրել: Հիասթափության, ընկճվածության, դեպրեսիվ պահեր հաճախ եմ ունենում, շատ անգամ ինձ չեն հասկանում, երեւի միայն երեխա ունենալու փաստին են տարբեր մտածելակերպի տեր մարդիկ դրական արձագանքել, մինչդեռ մյուս դեպքերում քննադատում են:

Չնայած դժվարություններին` ուզում եմ մնալ Հայաստանում, ապրել ու աշխատել իմ հայրենիքում: Անվտանգության տեսանկյունից երեխաների համար այստեղ ապահով է, բայց փոքրերին ուղղված սոցիալական ծրագրեր չկան, օրինակ` միայնակ մայրերին պետությունը տալիս է ծիծաղելի քիչ գումար. չեմ պատրաստվում փաստաթղթերը լրացնել, բարեբախտաբար, հնարավորություն ունեմ ինքս պահել իմ երեխային:

Դիջեյ Vakcina-ն սեպտեմբերին որդի կունենա


Ամենից շատ ինձ անհանգստացնում են Հայաստանի էկոլոգիական խնդիրները, որոնց լրջությունը մարդիկ չեն գիտակցում:  Մենք ուտում ենք բանջարեղեն ու միրգ, որը առողջարար սնունդ է համարվում, բայց ձեռք ենք բերում հիվանդություններ ու չենք հասկանում` ինչից առաջացավ, հետո պարզում, որ մեր կերած “առողջարար” սննդից է: Այնուամենայնիվ, ուզում եմ երեխաս այստեղ ծնվի ու մեծանա:

Հիմա կորպորատիվ միջոցառումների փոխարեն օրակարգումս թողել եմ բարեգործական ծրագրերը. Ամսվա ընթացքում նախկին 10-15-ի փոխարեն կնվագեմ ընդամենը երկու-երեք միջոցառման ժամանակ: Օգոստոսին ունեմ մի բացօթյա միջոցառում, որից չէի կարող հրաժարվել, քանի որ նախապես պլանավորված էր: Երբ կազմակերպիչ աղջիկն իմացավ, որ հղի եմ, խնդրում էր` չհրաժարվեմ, նույնիսկ պատրաստ էր հոնորարս երեք անգամ բարձրացնել: Ասացի, որ դրա կարիքը չկա եւ այդ ելույթս կլինի եզրափակիչ. մինչեւ ծննդաբերությունը չեմ նվագի:

Դիջեյ Vakcina-ն


Զբաղված եմ երկու միջոցառման կազմակերպչական հարցերով. հունիսի 16-ին “Պարգեւիր ժպիտ” ակցիայի շրջանակում “Kami” ակումբում կհավաքենք խաղալիքներ, գրենական պիտույքներ ու հագուստ, որ հանձնենք մանկատան եւ լեյկոզով հիվանդ երեխաներին: Ծաղրածուների ու խաղավարների հետ փոքրիկներին դրական լիցքեր կփոխանցենք, որովհետեւ նրանք մեզ սպասում են: Իսկ հունիսի 20-ին Հյուսիսային պողոտայում ընկերներիս հետ բարեգործական համերգ-ակցիա կանցկացնենք` նվիրված արյան դոնորների միջազգային օրվան:

Նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեմ:
Չգիտեմ` երեխայի հետ ինչպես կհասցնեմ, բայց նպատակադրվել եմ երկրորդ բարձրագույն կրթությամբ գիտելիքներս ամրապնդել  մարքեթինգի ոլորտում:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW