Երեւանում երկրորդ անգամ ճապոնական ֆիլմերի փառատոն է անցկացվել: “Թող թեւածի խաղաղությունն ամենուր” խորագրով եռօրյակի շրջանակում ցուցադրվել է վերջին տարիներին նկարահանված գեղարվեստական լիամետրաժ հինգ ֆիլմ, որոնք հայ հանդիսատեսի համար բացահայտում են ինչպես ճապոնական դասական գրականության գործերը, Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունը, Հոկայդոյի գազանանոցը, այնպես էլ ճապոնական ընտանիքի ավանդույթներն ու մարդկային պարզ հարաբերությունները:
“Հիկարի” կենտրոնի անդամներն ու սաները
Փառատոնի բացման համար ընտրվել էր “Միշտ. մայրամուտները երրորդ փողոցում” ֆիլմը, որը 2006 թվականին Ճապոնիայի կինոարվեստի ակադեմիայի կողմից արժանացել է մի շարք մրցանակների:
Նախքան ֆիլմի դիտումը հյուրերը գնահատել են իկեբանայի եւ օրիգամիի` թղթե կտորներով ստացված տարբեր պատկերների ցուցահանդեսը, որի գլխավոր մասն էր կազմում ճապոնացիների խաղաղության խորհրդանիշ կռունկը: Թղթե սպիտակ կռունկները բաժանվել են նաեւ դահլիճում ներկա հյուրերին, որոնց թվում էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան եւ դեսպանատան ճապոնացի աշխատակիցներ:
Փառատոնի շրջանակում ցուցահանդես է տեղի ունեցել
Փառատոնն արդեն երկրորդ տարին կազմակերպում են հայ-ճապոնական “Հիկարի” կենտրոնն ու Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը: “Հուսով ենք` կկարողանանք այն ավելի զարգացնել ու նոր հեղինակների ֆիլմեր ներկայացնել հայ հանդիսատեսին”,- նշել է “Հիկարի” կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Երեւանում երկրորդ անգամ ճապոնական ֆիլմերի փառատոն է անցկացվել
Միջոցառման բացման արարողության շրջանակում Հայաստանի երիտասարդական նվագախմբի անդամները կատարել են ճապոնացի կոմպոզիտոր Սատոկո Իչիկավայի “Հնագույն ժամանակներ”, ինչպես նաեւ Կոմիտաս/Ասլամազյան. “Մանրանվագներ լարային կվարտետի համար” ստեղծագործությունները:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին եւ այսօր ճապոնական հինգ ֆիլմից երեքը ցուցադրվում են Գյումրիում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: