×


Եռյակի սպասող Նորայի եւ Էրվինի ընտանեկան զրույցն ու ֆոտոշարքը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը սեպտեմբերին առաջին անգամ ծնողներ կդառնան: 2014-ի ապրիլի 4-ին ամուսնացած զույգն ուրախանալու եռակի առիթ ունի, քանի որ եռյակ են ունենալու: Ամուսինները լուսանկարվել են BRAVO.am-ի ֆոտոշարքում, պատմել իրենց աշխատանքային ու ընտանեկան հարաբերությունների մասին։ Լուսանկարահանմանը մասնակցել է նաեւ նրանց սիրելի շունը՝ Ֆիրսը։

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը


Հղիության մասին

Էրվին. Մեզ համար երջանկություն է, որ միանգամից եռյակ ենք ունենալու։ Անունները դեռ վերջնական չենք որոշել. քանի որ մեկ երեխա չէ, կարող ենք համաձայնության գալ։

Նորա. Հիմնականում մեր ծնողների անունների շուրջ ենք մտածում, բայց դեռ ժամանակ ունենք գեղեցիկ անուններ ընտրելու համար։ Ըստ ուլտրաձայնային հետազոտության՝ մեկը աղջիկ է, մյուսը՝ տղա, երրորդի սեռը դեռ չգիտենք։

Էրվին. Հղիությունից հետո Նորան փոխվել է: Սկզբում իր պահվածքն ինձ շատ էր զարմացնում, բայց ընկերներիցս հետաքրքրվեցի՝ նրանց կանայք էլ կարգավիճակի փոփոխությունից որոշակիորեն փոխվել են: Քիչ-քիչ սովորում եմ։ Նրա սիրտը մեկ-մեկ այնպիսի բաներ է ուզում, օրինակ՝ ձմերուկ, ելակով պաղպաղակ, վնասակար ուտելիքներ… Անթույլատրելի ամեն ինչ ուզում է, ամիսներ շարունակ միայնակ գնում էի լողավազան, համոզում էի, որ միասին գնանք, չէր ցանկանում, իսկ հիմա ինքն է առաջարկում: Նաեւ հոտառությունը շատ է ուժեղացել, ամեն ինչի բույրը միանգամից զգում է։


Նորա. Սկզբում օծանելիքի բույրը տանել չէի կարողանում, միանգամից քիթս փակում էի։ Իսկապես ինչ չի կարելի, ուզում եմ. ծով եմ ուզում, բայց դա էլ չեն թույլատրում։

Տարիքային տարբերության մասին

Նորա. Մեր տարիքային տարբերությունը 14 տարի է: Երբ պապայիս հետ խոսեցի մեր հարաբերությունների մասին, նա, մի քանի անգամ ամուսնացած լինելով, ասաց` «կատարյալ է, քեզ ավելի լավ կհասկանա, խանդի տեսարաններ չի սարքի»։ Անկեղծ ասած` Էրվինի հետ երբ թատրոնում դեռ չէի շփվում, տանել չէի կարողանում, գործի բերումով մտերմացանք, սիրահարվեցի։ Մտածում էի` ինքնահավան է: Մի անգամ իմ բեմադրության համար այլ հարմար դերասան չկար, ստիպված էի իրեն առաջարկել։ Աշխատեցինք ու իրար ավելի լավ ճանաչեցինք։ Միշտ սիրել եմ ինձնից տարիքով մեծ մարդկանց հետ շփվել. ինձ հասուն եմ զգում, հասակակիցներս փոքր են թվում։ Մեր տարիքային տարբերությունը չեմ զգում, մեկ-մեկ Էրվինն այնպես է իրեն պահում, որ ինձնից ավելի փոքր է թվում։ Մեր հարաբերություններն այնպես զարգացան, որ ամուսնության հատուկ առաջարկություն չի արել։ Նրա համար կարեւորն արարքներն ու վերաբերմունքն են։ Ես հիմա դա տեսնում եմ, որովհետեւ ինձ օգնում է, ամեն րոպե ուշադրությունը զգում եմ, իմ սիրելի մարդն է, իմ ընկերը, նույնիսկ ընկերուհին։ Տանն այնպիսի դրական մթնոլորտ է ստեղծել, որ միայն ժպտամ։ Առանձին ենք ապրում, բայց անընդհատ մայրիկիս հետ եմ, շաբաթ-կիրակի Էրվինի մայրն էլ գալիս է ու շատ օգնում է մեզ։ Քանի որ հայրս վատառողջ է, մայրս հիմնականում նրան է խնամում. պապան միայն իրեն է վստահում։ Վերջերս մայրս մեկ շաբաթով Մոսկվայում էր, պապան չէր դիմանում, արդեն 25 տարի ամուսնացած են, իրար հետ կապված են։

Էրվին Ամիրյանը եւ Նորա Գրիգորյանը


Էրվին. Երեխաների համար դեռ շատ պարագաներ չենք գնել։ Ժամանակ դեռ կա, միասին կգնենք։

Նորա. Հիմա մայրս է գնումներ անում, արդեն տարերքի մեջ է։ Առաջին ամսվանից հագուստ է գնում։ Ճիշտն ասած, դեռ չեմ տրամադրվում. այս օրերին հիմնականում ներկայացման պրեմիերայով եմ զբաղված։

Նոր աշխատանքների մասին


Էրվին. Հունիսի վերջին նոր ներկայացումը կհանձնենք հանդիսատեսի դատին։ Նորան բեմադրիչն է, ես դերասանական կազմում եմ։ Փորձերը հարթ են անցնում, որովհետեւ նա կարողանում է դերասաններին լսել ու կարծիքներն ընդունել, շատ հարցեր ընդհանուր քննարկում ենք ու ոսկե միջինն ընտրում։ Դրվագներ կան, որ չեմ հավանում, փորձերից հետո տանն էլ քննարկում ենք։ Վերջին խոսքը Նորայինն է. դե, իհարկե, դերասանները ստիպված են զիջել։


Նորա. Պետք է նշեմ, որ մթնոլորտը թատրոնում այնքան լավն է, որ փորձերից առաջ դերասաների հետ տարբեր թեմաներից ենք խոսում, առաջ այդպես չի եղել: Դերասանի համար կարեւոր է, որ ստեղծագործական ու տրամադրող միջավայր լինի։

Էրվին. Հիմա աշխատում եմ թատրոնում, նկարահանումներ չունեմ։ Վերջերս Թատերական ինստիտուտի ուսանողներից մեկը մի սցենար է ուղարկել, որի թեման հավանեցի ու կփորձեմ հնարավորինս նրան օգնել։ Կարճամետրաժ ֆիլմ է՝ երկու դերակատարով, տղամարդու կերպարը ես կմարմնավորեմ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է «Լեո 52»-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW