Եվա Թանգյանը նորաձեւության ոլորտ է մուտք գործել “Tangian” ապրանքանիշով: Օրեր առաջ նա ՆՓԱԿ-ում ներկայացրել է իր երրորդ հավաքածուն, որը բաղկացած է 16 հագուստից: Զգեստները ձեւվածքով հիշեցնում են երկրաչափական պատկերներ. Եվան փորձել է միախառնել դասական ու սպորտային ոճերը: “Նարնջագույնը նոր սեւն է” խորագրով հավաքածուի նմուշներում գերակշռում է նարնջագույնը, նա օգտագործել է նաեւ սպիտակ, վարդագույն, երկնագույն, մոխրագույն, մարմնագույն երանգի գործվածքներ:
Եվա Թանգյանի նոր հավաքածուի նմուշներից
“Զգեստների վրա աշխատելիս հասկացա, որ որպես նոր սերնդի մարդ, ասելիք ունեմ: Սա միջոց էր, որ իմ տարիքի լուսանկարիչներին, մոդելներին եւ արվեստի ոլորտն ընտրած մարդկանց համոզեմ, որ իրար օգնելով ամեն ինչ հնարավոր է: Հավաքածուն միայն ես չեմ ստեղծել, շատ աջակիցներ ունեմ, առանց որոնց դժվար թե միայնակ կարողանայի անել”,-BRAVO.am-ին պատմել է Եվա Թանգյանը:
21-ամյա նկարիչ-մոդելավորողն իր նոր հավաքածուն ցուցադրելու համար ընտրել էր ոչ թե բարձրահասակ պրոֆեսիոնալ մոդելների, այլ իր շրջապատի աղջիկներին. “Պարտադիր չէ լինել շատ բարձրահասակ, միջազգային չափանիշներով աղջիկ, որ կրես պոդիումի հագուստը: Հատուկ ընտրել եմ հասարակ աղջիկների, որոնք համապատասխանում են բեմին եւ կարող են գեղեցիկ ներկայացնել”:
Եվա Թանգյանի նոր հավաքածուի նմուշներից
Եվան ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորում բաժինը, միջազգային որեւէ հարթակում դեռ չի ներկայացել, բայց նախատեսում է քայլեր անել. “Երբ նոր զգեստներ եմ ստեղծում, հայկական շուկայի պահանջարկին չեմ հետեւում, անում եմ այնպիսի հավաքածու, որ միջազգային ձեւաչափով ընդունելի կլինի: Եթե լավ լուսանկար, ֆիլմ կամ գեղանկար ես ստեղծում, ապա բոլոր ազգերի համար ես անում: Ուրախ եմ, որ իմ գաղափարները հայերին դուր են գալիս, առաջնահերթ ուզում եմ, որ հայերը գնահատեն ու կրելու ցանկություն ունենան”:
Եվա Թանգյանի նոր հավաքածուի նմուշներից
Նրան աջակցում է մանկության ընկերուհին՝ Եվա Մուրադյանը, որը լուսանկարել է հավաքածուն, նաեւ պատրաստել անիմացիա. “Ամիսներով աշխատել ենք, որ ներկայացնենք փոքրիկ անիմցիա, նաեւ երկար ժամանակ պատրաստվել ենք ֆոտոշարքին: Մոդելները Մարիա եւ Դինա Մկրտչյան քույրերն են”:
BRAVO.am
Լուսանկարները՝ Եվա Մուրադյանի եւ Եվա Թանգյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: