×


Երկար դադարից հետո «Էմփիրեյը» կուրախացնի ռոքի սիրահարներին

«Էմփիրեյ» ռոք-խումբը վերադարձել է հայկական երաժշտական իրականություն համալրված կազմով: Թե ովքեր են խմբի նոր անդամները, ինչպես է անցել ամբողջական կազմով առաջին ելույթը եւ առաջիկա ինչ պլաններ ունեն, BRAVO.am-ին պատմել է խմբի երաժիշտ Գիսանե Պալյանը:

- Ովքե՞ր են «Empyray»-ի նոր անդամները եւ ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը:
-Սարգիս Մանուկյանի՝ Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո «Էմփիրեյ»-ի վոկալիստի թափուր տեղը մեզ հանգիստ չէր տալիս, փնտրում էինք նոր երգիչների, բայց քանի որ այստեղ ռոք երգող երգիչները քիչ են, դժվար էր ընտրություն կատարել:

Էմիլ Խոսրովյանը


Մեր նոր վոկալիստի՝ Էմիլ Խոսրովյանի եւ հարվածային գործիքներ նվագող Համլետ Գրիգորյանի հետ համագործակցությունը, կարծում եմ, պատահականություն չէր, քանի որ երբ նրանց միասին աշխատելու առաջարկ արվեց, դադարեցվել էր նաեւ իրենց խմբի գործունեությունը: Միավորելով մեր ուժերը՝ նոր բան կարող ենք ստանալ՝ իհարկե, պահպանելով հինը:

-Նոր կազմով հասցրել եք համերգով ներկայանալ, կկիսվե՞ք տպավորություններով:
-Կենդանի կատարումների դեպքում միշտ լինում են փոքրիկ բացթողումներ, բայց պետք է ասեմ, որ ընդհանուր ելույթից իսկապես գոհ ենք: Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեզ նոր կազմով. երբ ամուսնուս՝ կիթառահար Կարեն Արզումանյանի հետ մտածում էինք՝ արդյոք պետք է ներկայացնել նոր կազմին բեմում, թե՝ ոչ, մեր երգիչը՝ Էմիլն, արդեն տաքացնում էր հանդիսատեսին, եւ նրանք էլ այնպես ընդունեցին իրեն, կարծես միշտ ինքն է եղել «Էմփիրեյի» մենակատարը:

«Էմփիրեյ» ռոք-խումբը


- Նոր երգերից հատվածներ եք հրապարակել սոցցանցերում. առաջիկայում երկրպագուները սպասե՞ն տեսահոլովակի «Էմփիրեյ»-ից:
-Արդեն երեք-չորս նոր երգ ենք ձայնագրել, եւ այո՛, կատարվում են տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Այն կնկարահանվի «Անպարտելի» երգի հիման վրա, որը նվիրված է հայ ժողովրդին ու նրա անպարտելի ոգուն: Զուգահեռ ծավալում ենք նաեւ համերգային գործունեություն. ունենք շատ առաջարկներ, եւ հույս ունեմ, որ ապագայում հնարավորություն կունենանք ներկայանալ նաեւ մարզերում:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Empyray-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին