Հայաստանյան մշակութային կյանքն այս օրերին հագեցած է եւս մեկ իրադարձությամբ. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է “Խոլստ” մոսկովյան ստեղծագործական միավորման “Երկխոսություն” խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ռուս արվեստագետների աշխատանքները:
“Խոլստ” մոսկովյան ստեղծագործական միավորման “Երկխոսություն” խորագրով ցուցահանդեսին
Գեղանկարիչներ Վիոլետա Գոլդինան, Իրինա Կովալեւսկայան, Վիկտորիա Կուզմինան, Ելենա Պավլովան, Մարիաննա Չայկինան եւ Դմիտրի Խոլկինը ձեւավորել են իրենց խումբը երկու տարի առաջ՝ միավորվելով ստեղծագործական ընդհանուր գաղափարների շուրջ եւ իրենց կտավները հիմնականում ստեղծում են Եվրոպայի ու Ասիայի գեղատեսիլ վայրեր համատեղ այցելությունների ընթացքում:
Ռուսաստանցի գեղանկարիչները եղել են Հայաստանում 2012 թվականի սեպտեմբերին , ինչը, նրանց խոսքով, թողել էր իրենց հոգում տարվա ամենավառ տպավորությունը: Հայաստանի բնության գեղեցկությամբ եւ մշակութային հարուստ ժառանգությամբ ոգեշնչված “Խոլստ” խմբի գեղանկարիչները ստեղծեցին հայաստանյան մոտիվներով նկարների շարք, որոնք այսօր ներկայացված են Սարյանի տուն-թանգարանում:
“Խոլստ” մոսկովյան ստեղծագործական միավորման “Երկխոսություն” խորագրով ցուցահանդեսին
Այս տարվա փետրվարին Մոսկվայում՝ “Արարատ Պարկ-Հայաթ” հյուրանոցում “Արտ-ֆինանս” ընկերության, “Sothbey's” աճուրդային տան եւ “Արտ-Նաջար” պատկերասրահի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին ներկայացված էր “Խոլստ” միավորման նկարիչների թվով յոթ աշխատանք, որոնք ստեղծվել էին Հայաստան ստեղծագործական այցելության ընթացքում:
“Վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմեց 150 հազար դոլար, որը փոխանցեցինք Սարյանի տուն-թանգարանին: Այսօր Սարյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսում մենք ներկայացնում ենք Հայաստանում ստեղծված նկարները եւ մի շարք այլ աշխատանքներ: Ցուցահանդեսը կրում է “Երկխոսություն” խորագիրը, քանի որ Հայաստան բերեցինք մեր աշխատանքները, շփվեցինք այստեղ, լսեցինք մարդկանց, ստեղծեցինք նկարներ եւ այդ մասին պատմեցինք Մոսկվայում: Իսկ արդեն Մոսկվայում մեզ լսեցին, ձեռք բերեցին մեր աշխատանքները, միջոցները փոխանցեցինք տուն-թանգարանին: Այս երկխոսությունը, որը սկսվել է մեր միջեւ, շատ հետաքրքիր է: Սա ցուցահանդես-երկխոսություն է, եւ հուսով եմ, որ այդ երկխոսությունը շարունակական է լինելու”,-ասում է “Խոլստ” ստեղծագործական միավորման գեղանկարչուհի Իրինա Կովալեւսկայան:
“Խոլստ” մոսկովյան ստեղծագործական միավորման “Երկխոսություն” խորագրով ցուցահանդեսին
“Երկխոսություն” ցուցահանդեսն անցկացվելու է մինչեւ մայիսի 28-ը: Սակայն այս ցուցահանդեսով “Խոլստ” միավորման՝ Հայաստանի հետ կապված ստեղծագործական ծրագրերը չեն ավարտվում:
“Մենք շատ մեծ ծրագրեր ունենք: Արդեն այսօր՝ այս այցելության ընթացքում անցկացրել ենք պլեներներ, նկարել ենք: Բացի այդ, Հայաստանում պատրաստված էտյուդներով կստեղծենք նկարներ Մոսկվա վերադառնալուց հետո: Այդ բոլոր աշխատանքների համար կփորձենք կազմակերպել ցուցադրություններ: Իսկ հաջորդ անգամ, ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, ցանկանում ենք այցելել Արցախ: Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը, այստեղ ապրող մարդիկ, բնությունը, մշակութային հարստությունը: Սարյան ընտանիքի հետ ծանոթությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Դա անցած դարասկզբի ռուս, խորհրդային եւ հայ նկարիչների արվեստի, կյանքի եւ համագործակցության մասին գիտելիքների գանձարան է: Շատ հետաքրքիր է, եւ մեծ ուրախությամբ շարունակելու ենք զարգացնել այդ թեման”,-“Խոլստ” միավորման հետագա ծրագրերով կիսվում է Իրինա Կովալեւսկայան:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: