×


Էդգար Ռոստոմյան.«Վատ մարդիկ փորձում էին շեղել մեզ»

Երկու տարուց ավելի է, ինչ «Armenoids» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը կնոջ՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ ապրում է Միացյալ Նահանգներում: Երաժիշտ-դերասանը BRAVO.am-ին պատմել է օվկիանոսից այն կողմ իրենց նոր կյանքի դժվարությունների, ինչպես նաեւ ձեռքբերումների մասին:

Էդգար Ռոստոմյանը` կնոջ հետ


Նրանք ամուսնությունից կարճ ժամանակ անց հաստատվեցին Լոս Անջելեսում, սակայն շեշտում են, որ ամենեւին էլ ամերիկայն երազանքի ետեւից չեն մեկնել. ունեն նպատակներ ու երազանքներ, որոնց իրագործումը Հայաստանում դժվար էր:

«Այստեղ գալու առաջին իսկ օրվանից շատ  խոչընդոտների ենք բախվել: Հանդիպել ենք վատ մարդկանց, որոնք ամեն կերպ փորձում էին խեղաթյուրել իրականությունն ու շեղել մեզ ճիշտ ճանապարհից: Բայց վատի կողքին միշտ էլ լավը լինում է: Չեմ կարող չնշել նրանց, ովքեր շատ են օգնել մեզ այս ընթացքում. Օդաջյանների, Ելմանովիչների, Այվազյանների եւ Զարգարյանների ընտանիքները, Արամ Դավթյանը: Այս մարդկանց երբեք չեմ կարող մոռանալ, նրանք օտար հողում սատար են կանգնել մեզ»,-ասել է Էդգարը:

Էդգար Ռոստոմյանը նկարահանվում է ամերիկյան սերիալներում


«Եղբայրները» սերիալից իր դերասանական կարիերան սկսած երաժիշտը վերջին տարվա ընթացքում ընդգրկվել է ամերիկյան դերասանների` «SAG-AFTRA» միությունում եւ արդեն հասցրել է նկարահանվել 9 սերիալում.«Առիթ ունեցա խաղալ «Ray Donovan» սերիալի երկու էպիզոդում՝ մարմնավորելով Մինասյան եղբայրներից մեկին: Էպիզոդը կոչվում էր «Մի գիշեր Երեւանում», որտեղ, ի դեպ, արծարծվում էր Հայոց ցեղասպանության հարցը: «Masters of Sex» սերիալում ունեցել եմ տեսարան գլխավոր հերոսուհու հետ, որը ռեժիսորը հենց խաղահրապարակում ավելացրեց, ինչի համար երախտապարտ եմ. այն ճանապարհ էր դեպի կինոմիություն: Վերջերս էլ խաղացի «Code Black» սերիալում, որտեղ գլխավոր դերասանը թուրք էր, բայց մարմնավորում էր հայի կերպար, եւ ես եմ օգնել, որ ճիշտ հայերեն խոսի: Զուգահեռ նկարահանվում եմ «USArmenia TV»-ի եւ «Dimm Media» ընկերության «Վտանգավոր խաղեր» սերիալում, որը  ցուցադրվում է նաեւ Հայաստանում»:

Էդգար Ռոստոմյանը` կնոջ հետ


Էդգարը շուտով երաժշտական նորություններ էլ կունենա.«Նոր ոճի երգեր ունենք տաղանդավոր էլեկտրոնային երաժիշտ Աբրահամ Մկրտչյանի հետ: Վերսկսելու եմ «Armenoids» նախագիծը: Հայաստանում, ցավոք, ֆինանսական համապատասխան ռեսուրսներ չունեի: Կնունքների, հարսանիքների հաշվին գոյատեւել հնարավոր չէր. մեր աշխատանքները համահայկական նշանակություն ունեն: Ինձ միջոցներ ու կապեր էին հարկավոր, որը կարողացա գտնել շոու-բիզնեսի հայրենիքում, ցավոք՝ ոչ Հայաստանում»: 

Էդգարը եւ Նադյան պլանավորում են 2016-ին ծնողներ դառնալ:).«Այս ընթացքում մենք ամեն ինչ անում էինք մեր ապագա բալիկի համար օտար երկրում կայուն պայմաններ ստեղծելու համար»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էդգար Ռոստոմյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW