×


Էլոն Սարաֆյանը՝ իր 30 տարվա բացակայության, “Հայ աղջիկ” երգի եւ սիրո բանաձեւի մասին:)

Էլոն Սարաֆյանը հայ ունկնդրին ծանոթ է իր “Հայ աղջիկ” հեղինակային երգով: Ամերիկաբնակ երգիչը Հայաստան է ժամանել հայրենիքն այցելելու եւ Երեւանում ելույթ ունենալու նպատակով:

Էլոն Սարաֆյանը


Ինքն իր մասին երգիչն ասում է. “Ես մի մարդ եմ, ով սիրում է երգել ու երգեր գրել: Հետզհետե սկսեցի նկատել, որ երգերս լսող մարդկանց շրջանակը մեծացել է, ու այդ մարդկանց արձագանքներով էլ լիցքավորվում եմ ու ստեղծագործում”:

ԱՄՆ տեղափոխվել է հեռավոր 1984-ին, երբ ընդամենը 17 տարեկան էր: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 7 տարեկանից: ԱՄՆ-ում հիմնել է տարբեր խմբեր, երգել եւ երգեր է գրել բացառապես անգլերեն լեզվով՝ փոփ եւ ռոք ոճերում: Այնուհետեւ ոճի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Հենց այդ շրջադարձային փոփոխության ու այլնի մասին էլ զրուցեցինք երգչի հետ:

- Հայաստանում վերջին անգամ եղել եք 1984 թվականին, ինչպիսի՞ն եք տեսնում այսօրվա Երեւանը:

- Փոփոխություններ շատ չեմ տեսնում: Նույն իմ համով Երեւանն է, նույն մարդիկ: Ես զբոսաշրջիկի աչքերով չեմ նայում Երեւանին, այլ երեւանցու: Քաղաքում շատացել են նորակառույց բարձրահարկ շենքերը, ափսոս որ չեն պահպանել հին շենքերն ու կառույցները, որոնք քաղաքին հնության շունչն էին տալիս: Մարդիկ էլ չեն փոխվել. չնայած դժվար սոցիալական կյանքին, ցույց են տալիս, որ ամեն ինչ լավ է: Կարծես չոր սպունգ լինեմ, ու ամեն մի վայրը, ուր գնում եմ, ու ամեն ինչը, որ տեսնում եմ, ջրի կաթիլ լինի, ու ես այդ չոր սպունգի ագահությամբ կլանում եմ ջրի կաթիլները:

Էլոն Սարաֆյանը


Երգիչը Հայաստան է այցելել ընտանիքի հետ միասին

- Վաղուց էի երազում Հայրենիք այցելությանս մասին: Հատկապես ուզում էի, որ երեխաներս տեսնեն հայրենիքը, ու երջանիկ եմ, քանի որ նրանք տեսան Հայաստանն ու Երեւանն այն աչքերով, ինչպիսին ես եմ տեսնում ու զգում: Սա հայրենիք այցելությանս ամենաառաջին ու կարեւոր պատճառն է:

Էլոն Սարաֆյանն իր երգերը բաժանում է երեք խմբի՝ ընտանիքի ու ընկերների, Հայաստանի ու հայոց լեզվի եւ քաղաքական բնույթի երգերի: Երգիչ-երգահանը երգի արարման գործընթացում ամենադժվարինը համարում է երգի բառերը գրելու ընթացքը:

- Երաժշտություն գրելը ինձ համար շատ հեշտ է, երբ կան ճիշտ բառերը: Ճիշտ բառերը ընտրելն է, որ ինձանից շատ մեծ ժամանակ է խլում, ու սովորաբար մեկ երգի վրա շատ երկար ժամանակ եմ աշխատում: Ես չեմ կարող երգի բառերի հանգերը համաձայնեցնել ու մտածել, որ, ահա, երգը պատրաստ է: Ցանկացած բառ պիտի արտահայտի իմ մտորումներն ու հոգուս ապրումները:

- Ո՞րն էր այն շրջադարձային փոփոխության պատճառը, որ միայն անգլերեն երգող ու անգլերեն երգեր գրող Էլոնը սկսեց ստեղծագործել բացառապես հայոց լեզվով ու հայրենիքին առնչվող թեմաներով:

- Երբ ծնվեց առաջին զավակս: Նա ինձ համար ապագայի հայ սերունդն էր, ով պիտի խոսեր հայերեն, իմանար հայրենիքի պատմությունը ու կառչած լիներ իր արմատներին: Սփյուռքում դժվար է հայ լինելը, դժվար է այնտեղ ծնված երեխային հայ մեծացնելը: Ուզում եմ, որ երեխաներս ավելի ավանդապահ լինեն, հայերեն խոսեն, հայերեն մտածեն, անցյալն իմանան ու արմատներին կառչեն: Հայաստան այցելությունը դրանով էր շատ կարեւոր:

Էլոն Սարաֆյանը


- Ձեր երգերում շոշափում եք ընտանիքի, ընտանեկան արժեքների թեման: Միշտ հիացմունքով եք խոսում Ձեր կնոջ մասին: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր երջանկության ու ամուր ընտանիքի բանաձեւով:

- Կնոջս սիրահարվեցի առաջին հայացքից: Արդեն երեսուն տարի է անցել, բայց մեր սերը նույնն է: Կնոջս շատ եմ սիրում, ու ընտանիքի մասին երգերս դրանով են պայմանավորված: Ընտանիքում առաջնայինը սերն է, վստահությունը կնոջ ու ամուսնու միջեւ, եթե կամուրջը քանդվեց, կառուցելը դժվար է: Պատկերացրեք մի դաշտ, որը պիտի խնամեք: Այդ դաշտում ջուր չկա, պիտի ուրիշ տեղից գտնեք այդ ջուրը, բերեք ու ջրեք դաշտը: Մարդիկ կան, որ թողնում-հեռանում են ու նոր դաշտ են փնտրում: Պետք է մնալ ու խնամել քո դաշտը: Իմ բանաձեւը երեւի սա է:

- Այս 8 օրվա ընթացքում Ձեր ունեցած ամենահուզիչ պահերը Երեւանում:

- Այդքան երկար բացակայությունից հետո Հայաստանում գտնվելն ու հարազատ Երեւանում քայլելը ինձ շատ է հուզել: Երեւանում քայլելիս առանձնացած եմ քայլում ու կլանում եմ ամեն ինչ: Ամենահուզիչ պահը մեր նախկին տան տեղը գնալն էր, հետո՝ իմ դպրոցը: Ամեն ինչ մեջս տակնուվրա եղավ: Շատ հուզիչ էր նաեւ, երբ Մաշտոցի պողոտայով զբոսնում էի, երիտասարդ տղաների մի խումբ մոտեցավ, ու այդ տղաներից մեկը՝ 17 տարեկան մի երիտասարդ, անգիր արտասանեց երգերիս բառերը: Դրանից մեծ վարձատրություն չկա ինձ համար: Երբ երգդ հուզում է ինչ-որ մեկին, երբ դա իր ազդեցությունն է թողնում մարդկանց վրա, երբ մեկը գրում է, գիտես՝ երգդ լսելով Երեւանը հիշեցի,սրանից ավելի մեծ պարգեւ ինձ համար չկա: Այս մի քանի օրվա ընթացքում այնքան նոր երգերի համար թեմաներ գտա, այնքան մարդկլանց հետ խոսեցի: Ամենաազդեցիկը տաքսիստների հետ խոսակցություններն էին: Գիտեք, երբ տաքսու վարորդներին հազար դրամի փոխարեն երկու հազարն էի տալիս, անպայման վերադարձնում էին, այնինչ երբ պիտի Երեւան գայի, Ամերիկայում զգուշացնում էին զգույշ լինել հատկապես տաքսու վարորդներից, այնինչ մարդիկ ազնվորեն հետ են վերադարձնում նույնիսկ այն դեպքում, երբ դու պնդում ես, որ ավելցուկը պիտի իրենց մնա: Սա մի բան է, որ չի կարող չազդել, չհուզել: Երգերիս մեջ անպայման անդրադառնալու եմ Հայաստանի, Երեւանի կյանքին, մարդկանց հոգսերին ու խնդիրներին:

- Անդրադառնանք “Հայ աղջիկը” երգին. երբ գրեցիք, ինչից ոգեշնչվեցիք:

- Այս երգը զարմանալիորեմն արագ եմ գրել: Բառերը հոսում էին անկանգ: Երգի իմաստը խորունկ է, բառացիորեն պետք չէ հասկանալ երգի բառերը: Սա իմ ամենասիրելի երգերիցս մեկն է:

Էլոն Սարաֆյանը


- Շատերը սխալմամբ կարծում են, որ երգը Սերժ Թանկյանն է կատարում, եւ համացանցում “Հայ աղջիկը” երգի բազմաթիվ տեսանյութեր կգտնեք՝ մակագրված Սերժ Թանկյան անվամբ:

- Ասեմ, որ ես SOAD խմբի երգերը լսում եմ, բայց Թանկյանին չեմ ճանաչում ու երբեւիցէ նրա հետ չեմ խոսել ու այս երգը կատարելու վերաբերյալ երբեւէ համաձայնություն չի կնքվել: Երբ Սերժ Թանկյանը Հայաստան էր եկել մենահամերգով, ընկերներս համերգի ժամանակ զանգեցին ու պատմեցին, որ հանդիսատեսը պահանջում էր երգել “Հայ աղջիկը” երգը, իսկ Սերժը զարմացած մարդկանց էր նայում՝ չհասկանալով, թե որ երգի մասին է խոսքը: Ինքն այս երգը չի երգել, պարզապես մեկը սխալմամբ գրել է նրա անունը, ու այդպես տարածվել է:

Էլոնը նշեց նաեւ, որ տեսահոլովակներ չի սիրում եւ երբեւէ չի մտածել տեսահոլովակ նկարահենլու մասին, փոխարենը ունկնդիրներն են բացը լրացնելով սիրողական տեսահոլովակներով տարածում նրա երգերը:

- Երեւանում առաջիկայում պատրաստվում եք համերգով հանդես գալ:

- Անպայման հանդես եմ գալու մենահարմերգով՝ համերգասրահում, նվագախմբով: 2016 թվականի սկզբին կթողարկեմ ձայնասկավառակս, որի վրա հիմա աշխատում ենք: Իսկ հունիսի 5-ին ելույթ կունենամ “Ուլիխանյան” ակումբում:

Հայկանուշ Ալոյան (Bravo.am)
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի (Bravo.am)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW