Փոքրիկ Արթուրիկի ծննդով կատարվել է Էմմա Ասատրյանի երազանքներից մեկը. երգչուհին վերջապես հարազատ եղբայր ունի: Էմմայի խոսքերով՝ անծանոթներն ու ծանոթները մտածում են, թե իր երեխան է, նույնիսկ չեն հարցնում, միանգամից շնորհավորում են. “Հաճախ են ասում` ինչ լավ բալիկ ունեմ”:
Էմմա Ասատրյանը
6 ամսական եղբորը նա փաղաքշական ձեւով անվանում է Տուրիկ:). “Կասկածները շատ են: Մտածում են` բալիկիս հայրիկիս անունով եմ կնքել, բայց քանի որ իր իսկական անունն Ասատուր է, որոշեց`վերջապես իսկական Արթուր Ասատրյան լինի”:
BRAVO.am-ի հետ զրույցում Էմման նշել է՝ միշտ է երազել հարազատ քույր կամ եղբայր ունենալու մասին: “Հիմա ցանկությունս իրականացած է. մեր տարբերությունը 24 տարի է: Անբացատրելի զգացմունք ունեմ Արթուրիկի հանդեպ: Ուզում եմ` ամենալավը հագնի, ամենալավ խաղալիքներն ունենա, ինչպես մայրը կցանկանար”,- պատմել է երգչուհին ու ավելացրել. “Մայրս մահացել է, երբ փոքր եմ եղել, Արթուրիկի մայրը հայրիկիս երկրորդ կինն է, որը երբեմն կատակով ասում է՝ եղբայրս կարծես իմ 12-րդ բալիկը լինի, այնքան լավ եմ պահում:)”:
Փոքրիկին դուր է գալիս, երբ քույրն իր համար երգում է. “Երգեր կան, որ տանել չի կարողանում, այդ ժամանակ սկսում է լացել: Խենթանում է Կոմիտասի “Վայ-վայ” ստեղծագործության համար, ի զարմանս ինձ` նաեւ սիրում է Էմի Ուայնհաուսի երգերը, որոնց ներքո հետաքրքիր շարժումներ է անում:)”:
“Կարծում եմ՝ կարող եմ լավ մայրիկ լինել”. Էմմա Ասատրյան
Էմմա Ասատրյանը շատ է սիրում եղբորը քնեցնել, խնամել ու զբոսանքի տանել. “Երբ դեռ երկու ամսական էր, ապերիկիս տարա զբոսնելու ամբողջ քաղաքով, ծանոթացնում էի իմ սիրելի վայրերին, աշխատավայրիս: Կարծում եմ՝ կարող եմ լավ մայրիկ լինել, մանավանդ Արթուրիկին խնամելուց հետո, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի, դեռ վաղ է այդ մասին խոսելը:)”:
Այժմ երգչուհու աշխատավայրն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն է, ուր երեխաներին դասավանդում է ջազ-վոկալ բաժնում. “Բոլորի հետ անհատական պարապմունքներ եմ անցկացնում, սովորեցնում եմ ջազային երաժշտության առանձնահատկությունները, գոնե մեկ անգամ պետք է երգեն: Կիսամյակի վերջում որպես քննություն նրանց հետ փոքրիկ համերգ ենք տալիս”:
Էմմա Ասատրյանն առաջիկայում “Քեզ նվեր” երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի. “Մի քիչ ծուլանում եմ ինքս ինձնով զբաղվել, ավելի շատ ժամանակս տրամադրում եմ աշակերտներիս, բայց հստակ որոշել եմ այդ երգը ներկայացնել տեսահոլովակի տեսքով”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմա Ասատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: