×


Էմմին, Անուշիկը, Նարինեն, Ռոլանդը, Սուրենը եւ ուրիշներ` “Van Music Awards 2012”-ին

Ձմռան վերջին օրը` փետրվարի 28-ին, “Վան” ռադիոկայանն ամփոփել է նախորդ տարվա երաժշտական անցուդարձը եւ հայտարարել “Van Music Awards-2012”-ի լավագույնների անունները: Երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողները ստացել են միմյանցից տարբերվող նկարազարդված ձեռքեր, որոնք հեղինակել են նկարիչներ եւ դիզայներներ, այդ թվում` Տիգրան Մատուլյանը, Արեւ Պետրոսյանը, Արարատ Մինասյանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Պրոյանը եւ այլք:

“Van Music Awards-2012” մրցանակաբաշխությանը


Հաղթողներն ընտրվել են երաժշտասերների քվեարկության եւ ժյուրիի անդամների որոշման արդյունքում: Երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանի գլխավորած ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գյուրջինյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Արտյոմ Այվազյանը եւ Մարինե Ալեսը:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ


Եվ այսպես, միջոցառման համերգային ծրագիրը բացել է “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” բենդը` “Որոտան” հեղինակային ստեղծագործությամբ, որն ուղեկցվել է ավազե նկարչությամբ: Համերգի հանդիսավարներ Լուլուն (Լուսինե Բադալյան) եւ Ժակը (Հակոբ Պապիկյան) բեմից նշել են` այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու հաղթում են այլընտրանքային երաժշտություն մատուցող կատարողներն ու խմբերը. “Ուրախ ենք, որ պարտադրված չենք շնչել աղտոտված օդ, թթվածնի պես զգում ենք լավ երաժշտության կարիք ու լսելու ենք միայն որակյալ երաժշտություն :)”:

Կենդանի նվագակցությամբ ելույթ են ունեցել Նիկ Էգիբյանը, Նարինե Դովլաթյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մարինա Հակոբյանը, Սուրեն Առուստամյանը, Աիդա Արամին, Ռուսլանը, “Ոստան Հայոց” խումբն ու Շուշան Պետրոսյանը, Վական եւ Այդին Դավուդին, “The Beautified Project” ռոք-խումբը եւ “Ռեինկարնացիա” ռեգգի-բենդը: Մրցանակակիրներից ներկա չի եղել “Դորիանս”-ը, նրանց փոխարեն մրցանակը ստացել է ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանի քույրը` Եվա Սուջյանը:

Էմմին եւ Ժակը


“Հերթական անգամ ապացուցում ենք, որ համընդհանուր սեր ու ճանաչում կարելի է  ձեռք բերել լավորակ երգեր կատարելով, պետք չէ ցածրորակ երգեր մատուցել հանդիսատեսին”,-ասել է Լուլուն: Եղիշե Չարենցի “Լուսամփոփի պես աղջիկ” բանաստեղծության հիման վրա գրված երգի համար ““Ռադիո Վան”-ի համակրանք” հատուկ մրցանակին արժանացած Վահագ Ռաշի ելույթը հայտարարելուց առաջ հաղորդավարուհին պատմել է, որ համերգի փորձին, երբ Ժակն իրեն հարցրել է` կրկին գեղեցիկ ու սեքսուալ տեսքով է լինելու, պատասխանել է` թոքախտավոր, թափանցիկ է լինելու:):

Շուշան Պետրոսյանը եւ Մարինա Հակոբյանը


“Ռադիո Վան”-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տարվա ընթացքում այս նախագծին մասնակցել է 164 երգ, հանրային քվեարկության արդյունքում հաղթել են 44-ը, որոնցից էլ վերջնական ընտրվել է 15-ը. “Առաջ անցկացնում էինք “Ոսկե քնար” մրցանակաբաշխությունը, որն իրեն սպառեց: Հիմա անում ենք ալտերնատիվ մրցանակաբաշխություն, որին մասնակցում են երիտասարդ տաղանդավոր կատարողներ, որոնք հիմնականում հեռուստատեսությամբ չեն երեւում: Տարվա ընթացքում ռադիոլսողներին առաջարկում ենք ծանոթանալ երգերին ու քվեարկել: Քանի որ երգիչներն ու խմբերը շատ են, բոլորը չեն կարող հաղթել, գիտեմ, որ նաեւ նեղանում ու վիրավորվում են, բայց միեւնույն է, հաղթում է երաժշտությունը”:

Սուրեն Առուստամյանը եւ Նարինե Դովլաթյանը


Հաղթողները բութ մատը վերեւ բռունցքներից բացի, հովանավորների կողմից ստացել են տարբեր նվերներ` օծանելիքից, զարդերից մինչեւ հանգստի ուղեգիր դեպի Ծաղկաձոր, եւ չեն մոռացել շնորհակալություն հայտնել իրենց օգտին քվեարկած մարդկանց:

Ստորեւ ներկայացնում ենք անվանակարգերն ու հաղթողների անունները.


“Blues Number Van” - Անուշիկ Ալավերդյան եւ Կարեն Մամիկոնյան բենդ

“Jazz Number Van” - Մարինա Հակոբյան

“Hip-Hop Number Van” - “3.33”

“Rock Number Van” - “Dorians”

“Band Number Van” - “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ”

“Folk Number Van” - “Ոստան Հայոց” եւ Շուշան Պետրոսյան

“Pop Number Van”- Բենջամին Ստրետա եւ Նարինե Դովլաթյան

“Ռադիո Վանի հույս”/“Hope Number Van”/ - Աիդա Արամի

“Ռադիո Վանի թարմություն”/ “Fresh Number  Van”/ - Ռուսլան

“Ռադիո Վանի հաջողակ” / “Lucky Number Van”/ - Նիկ Էգիբյան

“Ռադիո Վանի ձայն”/ “Voice number Van”/ - Էմմի   

“Ռադիո Վանի լեգենդ” /“Legend Number  Van”/ - “Ոստան Հայոց”

“Ռադիո Վանի հարգանք” /“Respect Number  Van”/ - Շուշան Պետրոսյան

“Radio Hit Number Van”/ Գլխավոր անվանակարգ / - Ռեինկարնացիա “Աշխարհումս իմն դուն իս”

“Ռադիո Վանի դեսպան / “Ambassador Number Yan”/ - “The Beautified Project”

Մրցանակաբաշխությունից առաջարկում ենք դիտել համերգային ու կուլիսային կադրեր ու լսել Նարինե Դովլաթյանի “Կակտուս” երգը, որը նա կատարել է առաջին անգամ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW