Թամարա Պետրոսյանը խաղում է թատրոնում, նկարահանվում գեղարվեստական ֆիլմում ու տարբեր նախագծերում, երգում է “Արցախի ձայներ” խմբում: Ծննդով արցախցի դերասանուհուն ամենից շատ ճանաչում են բերել ֆիլմերը՝ “Քայլ ձիով”, “Ուրիշի փոխարեն” եւ այլն: BRAVO.am-ի լուսանկարչի մտահղացմամբ Թամարան լուսանկարվել է Երեւանի Բուսաբանական այգում: Այսօր՝ օգոստոսի 18-ին, նրա ծննդյան 29-ամյակի առթիվ ներկայացնում ենք ֆոտոշարքն ու կեսգիշերին արված հարցազրույցը:):
Թամարա Պետրոսյանը
- Սովորաբար, ի՞նչ զգացողություն ես ունենում ծննդյանդ օրը:
- Բազում հարցեր են առաջանում եւ դրանց հետ մեկտեղ նաեւ նորանոր պատասխաններ: Սկսել եմ սիրել 18 թիվը, եւ երբ այն արդեն դառնում է 19, մի քիչ տխրում եմ:
- Տարեդարձը, կարծես, ապրած տարիները վերստին գնահատելու օր է: Երբ հետադարձ հայացք ես գցում ապրածդ տարիներին, ո՞րն է ամենամեծ ձեռքբերումդ եւ բացթողումդ:
- Ամենամեծ ձեռքբերումս իմ սիրած աշխատանքն է: Այսօր շատ դժվար է անել այն, ինչ ուզում ես: Սիրելի աշխատանքով զբաղվելը բավական թանկ հաճույք է դարձել, եւ ես երջանիկ եմ, որ ունեմ այն։ Իսկ բացթողումներին փորձում եմ փիլիսոփայորեն մոտենալ, որպեսզի շատ չտանջվեմ:
- Հաճախ ես ճանապարհորդում, եղե՞լ են տարիներ, որ արտերկրում ես այս օրն անցկացրել:
- Ոչ, երբեք նման առիթ չեմ ունեցել, բայց հուսամ` մի օր դա եւս կլինի։
Թամարա Պետրոսյանը
- Արցախում անցկացրած տարեդարձերից ի՞նչ հուշեր ունես:
-Այնտեղի բոլոր տարեդարձերս միշտ ջերմությամբ եմ հիշում, որովհետեւ ընտանիքիս կողքին եմ լինում։ Այդ օրը կարծես նորից հայտնվում եմ օրորոցում:
- Իսկ ո՞րն է ամենահիշարժան տարեդարձդ:
- Ինձ համար հիշարժան են այն ծննդյան օրերը, որոնց ժամանակ ես աշխատանքի մեջ եմ լինում` լինի ներկայացում, նկարահանում, թե փորձ։ Դա խորհրդանշական է ինձ համար:
- Ամենատպավորիչ նվերդ:
- Օրինակ` նախորդ տարի արեւածաղիկներ եմ ստացել առավոտյան ժամը 9-ին՝ նկարահանման հրապարակում։ Իհարկե, ծաղիկներ շատ եմ ստանում, բայց արեւածաղիկ` առաջին անգամ:
- Ինչպե՞ս ես երեկոյան նշելու:
- Այսօր խաղում եմ “Դոն Ժուան Ավիա” ներկայացման մեջ, բեմում եմ լինելու, համեցեք:):
Թամարա Պետրոսյանը
- Հատո՞ւկ էր որոշված, որ այսօր բեմում լինես, թե՞ համընկել է:
- Ճիշտն ասած, այսօր ծնվել է նաեւ մեր ներկայացման պրոդյուսերը՝ Արմեն Համբարձումյանը։ Եվ երբ մեկ ամիս առաջ որոշում էինք ներկայացման օրերը, պարոն Համբարձումյանը հարցրեց.“Ի՞նչ անենք, խաղա՞նք այդ օրը”, պատասխանս ակնհայտ էր:): Բայց միշտ չէ այդպես լինում, սովորաբար ուղղակի համընկնում է:):
- Այս տարին քեզ համար հագեցած է աշխատանքով: Ի՞նչ նախագծերի ես մասնակցել:
-Շատ եմ շրջագայել, ի ուրախություն ինձ... “Արցախի Ձայն”-ի հետ մեծ տուր ունեցանք Եվրոպայում, մի քանի ամիս անց նորից մեկնեցի եվրոպական երկրներ հյուրախաղերի` արդեն “Դոն Ժուան Ավիա” ներկայացման կազմով, նաեւ նոր ներկայացման մեջ ընդգրկվեցի...Էկրան բարձրացավ “Ուրիշի փոխարեն” ֆիլմը, մի խոսքով` տարիս իսկապես հագեցած է։
- Առաջիկայում ի՞նչ սպասի հանդիսատեսը քեզնից:
- Եթե անկեղծ լինեմ, այդքան էլ չեմ սիրում խոսել առաջիկա պլաններից... ժամանակը կգա, բոլորը կիմանան:
Թամարա Պետրոսյանը
- Անձնական կյանքում ի՞նչ շրջան է:
- Անձնական կյանքումս շատ խաղաղ ու ներդաշնակ շրջան է:
- Ի՞նչ հատկանիշներով տղամարդ ես տեսնում քո կողքին:
- Իմ կողքին տեսնում եմ այն տղամարդուն, ով առանց վարդագույն ակնոցի, միեւնույն է, տեսնում է ինձ իր կողքին:):
- Եվ վերջում. կպատմե՞ս լուսանկարահանումից ստացածդ տպավորությունների մասին:
- Անչափ հաճելի էր աշխատել ձեզ հետ: Հաճույքով նորից կհամագործակցեմ: Բրավո, հետաքրքիր հարցեր էին:):
Հարցազրույցը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/
Զգեստը` Ֆաինա Հարությունյանի
Վարսահարդարումը` Սերժ Հարությունյանի/“Oreo” իմիջ կենտրոն/
Դիմահարդարումը` Մերի Հարությունյանի/“Oreo” իմիջ կենտրոն/
Ճոճանակի դիզայնը` Լուսինե Տարախչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: