×


Ժաննան` Ֆրանսիայում բնակություն հաստատելու մասին եւ ոչ միայն :)

Երգչուհի Ժաննան, որը հանրությանը հայտնի է իր շանսոն կատարումներով, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, վերջին շրջանում բնակվում է Ֆրանսիայում, իսկ ամառային արձակուրդները որոշել է անցկացնել հայրենիքում: Օրեր առաջ Հայաստան ժամանած երգչուհին մեզ հետ զրույցում պատմել է արտերկրում ծավալած իր գործունեության մասին եւ ոչ միայն:

Ժաննան


Դեռ երկու տարի առաջ հաճախակի մեկնում էի Ֆրանսիա, որոշ ժամանակ անցկացնում այնտեղ, ապա կրկին վերադառնում, բայց այնպես ստացվեց, որ այնտեղ գործեր ձեռնարկեցի ու ստիպված եղա բնակություն հաստատել: Այնուամենայնիվ, չեմ համարում, թե հեռացել եմ Հայաստանից:

Մեկնելուց հետո առաջին անգամ եմ այցելում հայրենիք, իսկ նպատակն ամառային արձակուրդները որդուս, հարազատներիս ու ընկերներիս հետ անցկացնելն է, որոնց հասցրել եմ շատ կարոտել: Ֆրանսիայում գտնվելով` ամենից շատ հենց այստեղի մարդկանց եմ կարոտում: Կարծում եմ` հայրենիքը հենց մարդիկ են. նրանք ինձ համար ամենից թանկն են:

Ժաննան


Ապրում եմ Մոնպելյե քաղաքում, որտեղ հայեր ընդհանրապես չկան: Սկզբում թյուր կարծիք ունեի, թե տեղի բնակիչները սառն են ու ոչ մարդամոտ, բայց իրականում նրանք շատ ջերմ ու հյուրասեր են, հաճախ շատ նման հայերին: Նրանց շրջապատում ինձ օտար չեմ զգում:

Կյանքումս շատ բան չի փոխվել, բայց նշեմ, որ սկսել եմ առողջ ապրելակերպ վարել: Ֆրանսիայում բոլորը սպորտով են զբաղվում. մեկը` վազքով, մյուսը` հեծանիվ վարելով: Ես հենց վերջինն եմ ընտրել:):

Գիտեք` հաճախ հեծանիվ վարում են խմբերով ու, բնականաբար, այդ խմբերում տարածվում են տեղեկություններ անձիդ վերաբերյալ, թե ով ես, որտեղից ես եկել… Մի խոսքով` իմացան, որ երգչուհի եմ ու որոշեցին անակնկալ մատուցել` կազմակերպելով իմ համերգը: 

Ժաննան


Պաստառների ու թռուցիկների տպագրումն ու տարածումը, թերթերում հայտարարություններ տալը, բոլոր կազմակերպչական աշխատանքները վերցին իրենց վրա: Համերգս տեղի ունեցավ մայիսի 31-ին` Մոնպելյեյի քաղաքապետարանի շենքի առջեւ:

Մեկուկես ժամ տեւողությամբ համերգի ընթացքում կատարել եմ միայն հայերեն ու ռուսերեն երգեր, քանի որ Ֆրանսիայում հեղինակային իրավունքները շատ խիստ են պահպանվում. պարզապես իրավունք չունեի ֆրանսերեն ստեղծագործություններ ներկայացնել: Հենց այս պատճառով էլ մեծ վախ ունեի. չգիտեի` ինչպես կընդունեն ու կընկալեն երգերս: 

Վախվորած բարձրացա բեմ ու հենց առաջին երգի կեսից հասկացա, որ սիրում եմ հանդիսատեսին, ու այդ սերը փոխադարձ է:

Ժաննան


Չեմ կարող նկարագրել, թե ինչ լավ ընդունեցին: Միայն այն, որ համերգը տեւեց նախատեսվածից երկար, արդեն իսկ ամեն ինչ ասում է: Երգեր կան, որոնք կատարեցի մի քանի անգամ, քանի որ այդպես ցանկացավ հանդիսատեսը: Արդեն հոգնել էի, վերջիվերջո, միայնակ համերգ տալը խաղ ու պար չէ, բայց նրանք այնքան շատ էին ցանկանում շարունակեմ ելույթս, որ համաձայնեցին տասը րոպե հանգստանամ ու կրկին երգեմ:

Ե′վ հպարտ էի, ե′ւ հուզված, որ կարողացա օտար լեզվով երգեր կատարելով` գերել ֆրանսիացի հանդիսատեսին ու, ամենակարեւորը, հասկացնել` ինչի մասին եմ երգում: Դա  հատկապես զգացի “Անխոս հերոս” ռազմական երգը կատարելու ժամանակ, որի միջոցով, հավատացեք, նրանց փոխանցեցի Հայաստանի ու Արցախի պատմությունը:

Համերգից հետո շատերը զանգահարեցին ինձ եւ մեր մշակույթի ու պատմության մասին հարցերը հղեցին: Այնքան հետաքրքված են մեր հայրնեքով, որ վստահ եմ` շատերը կգան Հայաստան` շրջագայելու: Ի դեպ, տեղի երգչուհիներից մեկն արդեն իսկ եկել է ու անգամ պատրաստվում է առաջիկա իր համերգներից մեկի ժամանակ հայկական ժողովրդական մի քանի ստեղծագործություն կատարել:

Ժաննան


Համերգից հետո եղան նաեւ համագործակցության ու շրջագայության առաջարկներ, որոնցով կսկսեմ զբաղվել վերադառնալուն պես:

Հպարտ եմ, որ հայ եմ եւ ուրախ, որ կարողանում եմ օտար հողում ինչ-որ չափով տարածել մեր մշակույթն ու պատմությունը: 

Տեսքտը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին