×


Իէն Գիլան.“Ազգականներիս մեջ հնարավոր է հայեր լինեն:)”

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ աշխարհահռչակ “Deep Purple” խմբի մեներգիչ Իէն Գիլանն այս օրերին Հայաստանում է եւ կմասնակցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Այսօր ռոք աշխարհի կենդանի լեգենդը հանդիպել է լրագրողների հետ եւ զրուցել Հայաստանի հետ հոգեւոր կապի, անձնական կյանքի, երաժշտական նախասիրությունների, ինչպես նաեւ առաջիկա պլանների մասին:

Իէն Գիլանը


Բարակ շերտ կստացվի, եթե փորձես ամենուրեք տարածվել: Տարիների ընթացքում ներգրավվել եմ բարեգործական բազմաթիվ նախագծերում, որոնք հիասթափեցրել են ինձ. վերջում մտածել եմ` ո՞ւր կորավ այդ գումարը: Հետագայում սկսեցի բծախնդիր մոտեցում ցուցաբերել այն նախագծերին, որոնց առաջարկում են միանալ: Գյումրիի դպրոցի շինարարությունն անձնավորված էր ինձ համար. սեփական աչքերով եմ տեսել: Հոգեւոր յուրահատուկ կապ կա այս ամենի հետ, ահա թե ինչու որոշեցի միանալ նախագծին: Ազգականներիս մեջ հնարավոր է հայեր լինեն:):

Կինս` Բրոնը, միշտ աջակցել ու օժանդակել է ինձ ցանկացած հարցում, երբեմն նույնիսկ “մտրակել” է, որ ավելի եռանդուն աշխատեմ: Նա հարուստ փորձ ունի երաժշտական ասպարեզում, ծանոթ է ոլորտի` հասարակությանն անհայտ կողմերին: Բրոնը կյանքիս սերն է եւ ոգեշնչմանս աղբյուրը մեր հանդիպման օրվանից: Միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել: Նա իմ հենասյունն է: Հպարտանում եմ իրենով. ավելի մեծ ճանաչման է արժանի, բայց նաեւ մեկ-մեկ ինձ հետ լավ-լավ տեղեր է գալիս:):

Իէն Գիլանը կնոջ հետ


Մի քանի երգ եմ նվիրել կնոջս: Մի քանի տարի առաջ Բրոնին սրտի վիրահատություն արեցին: Սիրտն ու սերն իրար կապակցված են, իսկ սրտի վիրահատությունը զգացմունքների պոռթկման հանգեցրեց: “Hole in My Vest’’ երգը հենց այդ մասին է: 

Թոնի Այոմիի հետ հնարավոր է համատեղ ալբոմ ձայնագրենք: Ի դեպ, գուցե եւս մեկ ալբոմ ձայնագրենք Ռոջեր Գլովերի հետ. 1965 թվականից միասին երգեր էինք գրում… Այլ նորություններ էլ կան, բայց նախընտրում եմ փաստերով խոսել, իսկ հիմա դեռ շունչ եմ քաշում “Deep Purple”-ի կազմում վերջերս ունեցած շրջագայություններից:

Իէն Գիլանը


Երբեմն հասկանում ես, որ ուղիդ կանխորոշված է: Մանկական տարիներից կյանքս երաժշտությամբ էր ողողված: Պապս երգիչ էր, քեռիս` ջազ դաշնակահար, ես էլ եկեղեցական երգչախմբում եմ երգել: Իսկ հետո հայտնվեց ռոքնռոլն ու շեղեց ինձ իր կողմ: 

Դպրոցից շուտ եմ դուրս եկել. եթե իմ կյանքում չլիներ երաժշտությունը, գուցե լավ կլիներ. ուսումս համալսարանում կշարունակեի:): Միշտ սիրել եմ գրել, գուցե գրող կամ լրագրող դառնայի: Ի դեպ, փայտագործություն էլ եմ սիրում, գուցե հյուսն դառնայի:

Երաժշտությամբ զբաղվելու լավագույն ժամանակը երիտասարդ տարիքն է, բայց երբեք ուշ չէ սկսել գնահատել երաժշտությունը: Պարզապես երիտասարդներն ավելի ընդունակ են, արագ են յուրացնում նոր տեխնիկաները: Եթե ուզում ես արվեստով զբաղվել, պետք է նախ յուրացնես արհեստը: Իսկ մեր օրերում համակարգիչը հնարավորություն է տալիս սկսել երաժշտական կարիերան նույնիսկ 80 տարեկանում:

Իէն Գիլանը


Հիմա ֆլամենկո եմ լսում: Շատ եմ սիրում հին բլյուզ կատարումները, Էթա Ջեյմսին: Այս երաժշտության պարզությունը շատ կարեւոր է ինձ համար: Մանուկ հասակում միայն երեք ակորդ էինք սովորել: Երբ բլյուզ է հնչում, կարող ես բառերը չլսել, միեւնույն է` այն մեծ ազդեցություն է ունենում ներաշխարհիդ վրա: Երաժշտությունը տրամադրություն է:

Եթե բնութագրեմ Հայաստանը երաժշտությամբ, ապա լացակումած մեղեդի կստացվի:

Այնքան եմ սիրում երաժշտությունը, որ որեւէ ժանրի մասին չեմ կարող վատ արտահայտվել: Բայց փոփ երաժշտությունից խոսելիս ամեն ինչ փոխվում է, որովհետեւ յուրաքանչյուր սերունդ իր փոփն ունի: Պետք է դեմ դուրս գաս ծնողներիդ սիրելի երաժշտությանը, որ ստեղծես քոնը, բայց դա էլ կարծես ինտելեկտուալ վանդալիզմ լինի. հիշում եմ, ժամանակին մերժում էի Ֆրենկ Սինատրային, իհարկե, հիմա այդպես չէ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW