Իննա Խոջամիրյանը «ֆեյսբուքյան» իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կարծես հարսի կերպարում է: Շատերը շտապել են ենթադրել, որ դերասանուհին պատրաստվում է կյանքի կարեւորագույն քայլերից մեկն անել: BRAVO.am-ի հետ զրույցում մասնագիտությամբ հոգեբան Իննան նշել է, թե ինչ առիթով էր գեղեցկացել, նաեւ պատմել է «Թաքնված սեր» սերիալի ավարտից հետո նոր զբաղվածության մասին:
Իննա Խոջամիրյանը
«Արձագանքներ շատ են եղել, որ նկարներում կարծես հարս լինեմ, հետաքրքրվել են՝ իսկապես ամուսնանում եմ:): Գաղտնիքը, կարծում եմ, սպիտակ մազակալի մեջ է, որը հարսանեկան սանրվածքի պատրանք է ստեղծում: Ուրախ եմ, որ ծանոթներս, ընկերներս, երկրպագուներս ցանկանում են ինձ հարսանեկան զգեստով եւ երջանիկ տեսնել, սակայն նման մտադրություն ներկայումս ընդհանրապես չկա: Երբ ընտրյալ ունենամ եւ նման պլաններ կազմվեն, սիրով հրապարակավ կխոսեմ այդ մասին: Եվ ի վերջո, ես փոքրիշատե պահպանողական եմ. հարսանիքիս նման համարձակ դիմահարդարում չեմ անի: Ամեն դեպքում այդպես եմ կարծում»,-ասել է Իննան:
Իննա Խոջամիրյանը
Նա պարզաբանել է, որ նման տեսքով ներկա է գտնվել մկրտության արարողության. «20 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո լույս աշխարհ եկավ հորեղբորս առաջնեկը՝ Արեգը: Հունվարի 28-ին փոքրիկի մկրտությունն էր, ու, կարծում եմ, տոնակատարությանը գեղեցկացած ներկայանալը ուրախության ամենափոքրիկ դրսեւորումներից մեկն է: Վերջին շրջանում գերծանրաբեռնված էի. ավարտին էր մոտենում «Թաքնված սեր» սերիալը, եւ աշխատանքային գրաֆիկս զգալիորեն խտացել էր, միեւնույն ժամանակ, քննական շրջան էր սկսվել, որն իր հերթին էր լարվածության մեջ դրել, քանի որ պետք էր բոլորը գերազանց հանձնել: Այդ իսկ պատճառով բառացիորեն ժամանակ չեմ ունեցել ընկերներիս տեսնելու: Հունվարը, կարելի է ասել, գրեթե ամբողջովին տրամադրել եմ ընկերական հանդիպումներին, ընտանիքիս, հարազատներիս: Հանդիպումներից մեկն էլ ընկերուհուս հետ կայացավ աշխատանքային միջավայրում՝ հենց մկրտության օրը. մենք էլ որոշեցինք հաճելին ու օգտակարը համատեղել՝ համ անվերջ զրուցեցինք, համ էլ կարեւոր օրվա առթիվ ինձ գեղեցկացրին»:
Իննա Խոջամիրյանը
Սերիալի ավարտից հետո դերասանուհին բարեհաջող եզրափակել է քննական շրջանը, այս օրերին հանգստանում է, նաեւ քննարկում գործնական առաջարկները. «Երբ դրանցից որեւէ մեկը հստակեցվի, կպատմեմ: Հիմա դեռեւս գալիք պլանների «սեւագրերն» են միայն»,-նշել է նա ու հավելել, որ 2017-ը հրաշալի է դիմավորել՝ առանց ակնկալիքների եւ երազանքների.«Երբ ինչ-որ բանի սպասումով ենք սկսում, չիրականանալու դեպքում միշտ համարում ենք, որ տարին էր անհաջող: Իրար հաջորդող բոլոր տարիները հաջող են եւ սպասված, պետք է միայն հավատալ, որ այս տարվա համար նախատեսված հաջողություններն ու ձեռքբերումները երկար սպասել չեն տա: Այս տարի յուրովի եմ հավատում դրան»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: